Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆԻ 20-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբեր 16,2010 00:00

«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Հրավիրված էին ՀՀ արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանը, նախարարի տեղակալները, ՀՀ իշխանության բարձրաստիճան այրեր, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինստիտուտի հետ համագործակցող օտարերկրյա համանման կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը ասաց, որ այսօր մենք, ըստ էության, տոնում ենք հիրավի մի ինքնատիպ ազգային կառույցի ծննդյան տարեդարձը եւ նաեւ հիշեց, թե ինչպես քաղաքական փոփոխությունների ժամանակների արդարադատության նախարար Արմեն Աշրաֆյանի օրոք ձեւավորվեց այն: Ելույթներ ունեցան նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս. Կապինոսը, ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետ Ա. Գրիշկոն եւ ինստիտուտի տնօրեն Ա. Հայրապետյանը: Ցուցադրվեց ինստիտուտի գործունեության մասին տեսանյութ:
Ինստիտուտի ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար «Ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում եւ շնորհակալագիր շնորհվեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Աշրաֆյանին:
Ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության եւ օժանդակություն ցուցաբերելու կապակցությամբ շնորհակալագրեր շնորհվեցին «Բաց հասարակության  հիմնադրամներ–Հայաստան կազմակերպությանը» (ի դեպ, որը չէր եկել միջոցառմանը) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության  կազմակերպության երեւանյան գրասենյակին:
Համակարգչային մասնագետ Միքայել Ավագյանը ներկայացրեց ինստիտուտի նորաստեղծ կայքը, իսկ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը ներկայացրեց ինստիտուտի հրատարակած «Բանտարկյալների հետ վարվեցողության միջազգային կառուցակարգերը» իր հեղինակած ուսումնական ձեռնարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել