Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ էներգետիկայի նախարարությանը

Հոկտեմբեր 26,2010 00:00

Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը դատական հայցեր է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ՝ Կապանի խմելու ջուրը աղտոտելու համար, այժմ պատրաստվում է դիմել դատարան եւ բողոքարկել 2009 թվականի օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ անցկացրած հասարակական լսումների արդյունքները՝ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նախագծի» վերաբերյալ եւ ՀՀ կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում ուրան արդյունահանելու ծրագրի իրականացմանը:
«04.08.2009թ. իրականացված հասարակական լսումների արդյունքը կեղծվեց, եւ արձանագրությունը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո Կապան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Կապանի քաղաքային եւ Լեռնաձորի գյուղական համայնքների ավագանիներին, որոնք իրենց հերթին որոշում կայացրին եւ դիմեցին ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղյալ համարի իր կայացրած այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում ուրանի ծրագրի իրականացմանը: Բայց հասարակության կարծիքը առ այսօր ՀՀ կառավարությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն հաշվի չեն առնում եւ շարունակում են իրենց կողմից որդեգրած ուղին: Ուստի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, ելնելով իրավիճակից, որոշել է դատական եղանակով պայքարել դրա դեմ: Ովքեր ցանկանում են միանալ դատական գործընթացին, խնդրում ենք դիմել մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 20-ը»,- տեղեկացնում են հասարակական կազմակերպությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել