Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է, ԲԱՅՑ…

Հոկտեմբեր 29,2010 00:00

ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ

«Վերջին շրջանում շփման գծում դիպուկահարների ակտիվության եւ հնչող փոխադարձ հրապարակային մեղադրանքների ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը եւ մարդասիրական բնույթի համաձայնությունների ձեռք բերումը հնարավորություն կընձեռեն հակամարտության գոտում լարվածության որոշակի թուլացման համար: Այս իսկ պատճառով երեք նախագահների աստրախանյան հանդիպման արդյունքը կարելի է դրական գնահատել»,- երեկ «Առավոտին» ասաց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մեր զրուցակիցը կարեւորում է այն, որ կողմերը հաջողել են համաձայնեցնել համատեղ հայտարարություն եւ պայմանավորվել ռազմագերիների փոխանակման մասին: Նա հատկապես կարեւորում է ՌԴ, ԱՀ եւ ՀՀ նախագահների գիտակցումը, որ խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության ձեռք բերման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովում կոնֆլիկտի կարգավորման ընդհանուր սկզբունքների մշակմանը՝ Մասիս Մայիլյանը դա «քիչ հավանական» է համարում. «Մանավանդ, եթե խոսքը գնում է, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» մասին, որոնք մերժվել են ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ ՀՀ-ի քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից»:

Անդրադառնալով նախագահների հանդիպման նախաշեմին ԼՂՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքին՝ Մասիս Մայիլյանը գտնում է, որ Ադրբեջանի գործողությունները պետք է դատապարտվեն՝ անկախ նրանից, թե ինչ հանդիպման նախաշեմին է այդ երկիրը կոպտորեն խախտում հրադադարի ռեժիմը: «Խնդիրն այն է, որ ադրբեջանական զինված խմբավորումների պրովոկացիոն գործողությունները ԵԱՀԿ-ի կողմից չեն ստանում հասցեական քաղաքական գնահատական: Միջազգային միջնորդների նման վարքագիծը ոգեւորում է ադրբեջանական կողմի հանցագործ նկրտումները եւ չի նպաստում հակամարտության գոտում լարվածության թուլացմանը»,- գտնում է Մասիս Մայիլյանը: Ըստ մեր զրուցակցի, միջազգային ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումների գործողությունները շարունակում են զսպող դեր կատարել. «Եվ եթե ադրբեջանցիների գործողություններն անպատասխան մնային, ապա դիվերսիաների եւ ադրբեջանական այլ պրովոկացիաների քանակն առաջին գծում անհամեմատ ավելի շատ կլիներ»:

Իր հերթին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը երեկ ասուլիսում նախագահների հանդիպումը գնահատել է օգտակար եւ կարեւոր. «Ընդունվեց հռչակագիր, որտեղ հստակ հղում էր արվում 2008 թվականի Մայնդորֆյան հռչակագրին, իսկ այդ հռչակագրի մեխը, ինչպես հայտնի է, ուժի չկիրառումն ու հակամարտության լուծումն է միջազգային իրավական նորմերի համաձայն։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը հարված ստացավ»,- ասել է Շարմազանովը՝ դա բացատրելով այսպես. «Վերջին շրջանում Բաքուն ասում էր, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչն այս հռչակագրում մերժվեց։ Համանախագահող երկրներից Ռուսաստանը եւ նրա նախագահը գտնում են, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ լուծում»: Շարմազանովը նույնպես ընդգծել է հումանիտար բնագավառում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված՝ ռազմագերիների փոխանակման եւ սպանվածների դիակների վերադարձի հարցի շուրջ պայմանավորվածությունը:

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հանդիպումը վերլուծել է այն տեսանկյունից, թե ինչ նպատակներով էին կողմերը գնացել հանդիպման, եւ նրանցից ով ինչի հասավ։ «Այդ հանդիպումից հայկական կողմի շահն այն էր, որ նա ցանկանում էր հունիսից դադարեցված բանակցային գործընթացի վերականգնման պատրանք ստեղծել, եւ կարճաժամկետ առումով նա հասավ իր նպատակին»,- tert.am-ին ասել է Վլադիմիր Կարապետյանը։ Ըստ նրա, Հայաստանի մյուս նպատակը՝ հասնել միջազգային հանրության եւ միջնորդների քննադատությանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնցից վերջինը Աստրախանի հանդիպման նախօրեին էր, «տոտալ ֆիասկո» ապրեց, որովհետեւ՝ «որեւէ երկիր կամ կազմակերպություն մինչեւ օրս չի դատապարտել Ադրբեջանին հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու կապակցությամբ, իսկ մենք էլ, չնայած շփման գծում բազմաթիվ զոհերին, խելոք, առանց որեւէ դեմարշի նստում եւ բանակցում ենք մեր զինվորներին սպանելու հրահանգ տված Ալիեւի հետ: Նման պարտվողական մարտավարությունը էլ ավելի կլկտիացնի ադրբեջանցիներին»:

Մինչդեռ Ադրբեջանը, ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, հասել է իր նպատակներին՝ բանակցություններով վերադարձնել չորս հայ զինվորի կյանք խլած հունիսյան դիվերսիոն գործողության ժամանակ սպանված ադրբեջանցու դին, ինչպես նաեւ Աստրախանում ՌԴ նախագահի մասնակցությամբ բացել իր հոր հուշարձանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել