Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղապետի եղբոր կրպակը փակեք»

Հոկտեմբեր 29,2010 00:00

Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա  հաճախորդների ձեռքը կրակն են ընկել

\"\"
Այս կրպակի տարածքը գիշերային ժամերին դառնում է հարբած հաճախորդների հավաքատեղի:

Կոմիտասի փողոցի 3-րդ շենքի բակը իսկական շուկայի է վերածվել: Կանգառին կից առանց այդ էլ նեղ մայթը ամբողջությամբ լցված է հյութերի ու գարեջրի սառնարաններով, զանազան հոտավետ ուտելիքներով: Բնակիչների պատմելով, մայթը զավթել են Արաբկիր համայնքի թաղապետն ու նրա բարեկամները. նրա եղբայրը, ով հենց այդ հասցեում է բնակվում, կրպակի սեփականատերն է: «Տան պատուհանը բացել չի լինում: Հակահիգիենիկ պայմաններում պատրաստված խաչապուրու ու պերաշկու հոտերը լցվում են մեր տները: Աշխարհի բոլոր խուժաններն այստեղ են հավաքվում, ու կեսգիշերին մեկ էլ տեսնես՝ ռազբիրատ են սկսում, հայհոյանքներ, մի ահավոր կռիվ ու պատերազմ: Հետո էլ հարբած վիճակում գալիս են միզում մեր շքամուտքի շրջակայքում: Ես չեմ ասում՝ էս մարդկանց հացից զրկեն, ես ասում եմ՝ թող ժամը 11-ին իրենց գործն ավարտեն ու գնան, բնակիչներին թողնեն իրենց հանգիստը վայելել»,- մեզ հետ զրույցում դժգոհեց շենքի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանը: Նրա պատմելով, ամռան ամիսներին կրպակի սեփականատերերը չեն բավարարվում միայն խաչապուրի ու կարկանդակ վաճառելով, պաղպաղակի սառնարաններ, ամառանոցային աթոռներ ու սեղանիկներ էլ են բերում եւ մայթով մեկ շարում. «Մայթը փակում են, ու ոնց որ ժողովրդին ասեն՝ գրպանիդ փողը տուր, նոր գնա: Էս երկու օրն է, ինչ սառնարանները հանել են»: Շենքի մեկ այլ բնակիչ՝ Միրա Մարգարյանն էլ պատմում էր, որ այդ կրպակը դեռ մի քանի տարի առաջ իրենց վերեւի շենքում էր դրված, բայց ի տարբերություն իրենց, հարեւան շենքի բնակիչները կարողացան հասնել նրան, որ իրենց հանգիստը խաթարող կրպակը տեղափոխվի. «Էդ շենքում ղարաբաղցիներ են ապրում, Ղարաբաղում կռվածների ընտանիքներ, նրանց ձայնը տեղ հասավ, իսկ մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում»: Պարոն Վիրաբյանն էլ պատմեց, որ գիշեր-ցերեկ քուն ու դադար չունեն. «Իմ սահմանադրական իրավունքը խանգարվում է, գիշերը նույնիսկ չենք կարողանում ննջասենյակի լույսը վառել, քանի որ խուլիգանները շարքով կանգնած՝ էլ գարեջուր, էլ ինչ ասես չեն խմում ու ուղիղ շենքի պատուհաններին են նայում»: Նրա հարեւան Գալյա Դավթյանն էլ ասաց, որ բացի այդ աղմուկ-աղաղակից, հարցն այն է, որ կրպակում վաճառվում են հակահիգիենիկ պայմաններում պատրաստված ուտելիքներ. «Մի կրպակում, որտեղ նորմալ պայմաններ չկան, նույնիսկ զուգարան չկա, մի ձեռքով գրտնակում են, մյուս ձեռքով թխում ու վաճառում»: Բնակիչներն ուր ասես՝ չեն դիմել՝ թաղապետարան, քաղաքապետարան, բայց ոչ մի արդյունք չի տվել. «Եկան ասացին, թե խնդիրը լուծել ենք, էլ ոչ ոք գարեջուր էդտեղ չի վաճառի, խմողներ էլ չեն լինի, բայց գարեջրով հարցը չի լուծվում, ասացին նաեւ, որ ոստիկանները կվերահսկեն, բայց շուրջօրյա աշխատող այս կրպակը ոչ ոք էլ չի վերահսկում, ու գարեջուր էլ, ամեն ինչ էլ խմում են, վիճում, ձայները գլուխները գցում, մեզ էլ չեն թողնում քնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել