Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահարված՝ հորինված պատմությանը

Հոկտեմբեր 29,2010 00:00

Լույս է տեսել Լոնդոնում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս, «Armenian institute» կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գիրքը: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակների շնորհանդեսը, անգլերեն տարբերակը լույս է տեսել դեռ 2009 թվականին:

«Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գրքում հեղինակը պատասխանել է ադրբեջանա-թուրքական ներկայիս այն մեծածավալ կեղծիքին, որը իրականացվում է հայ ժողովրդի եւ հայոց պատմության հանդեպ:

«Անցյալ 50 տարիների ադրբեջանական մամուլի ու գիտական աշխատողների կողմից գրված հակահայ հերյուրյանքներն ու կեղծիքները արդեն հասել են ահռելի չափերի: Ադրբեջանական բազմաթիվ նման հրատարակություններն արվում են եվրոպական տարբեր լեզուներով եւ անվճար առաքվում աշխարհի համալսարաններին, գրադարաններին եւ քաղաքական կառույցներին: Այս ամենը տեսնելով, բացի մի քանի հոդվածներ տպագրելուց՝ ոչինչ չենք անում: Եթե որեւէ քայլ չանենք, աշխարհի բոլոր գրադարաններում դրված կլինեն բազմաթիվ ադրբեջանական գրքեր»,- ասաց քարտեզագիրը:

Ռ. Գալչյանը նշեց. «Բազմաթիվ պատմական աշխատություններ կարդալու ընթացքում փաստել եմ, որ արդեն 50-60 տարի է, ինչ ադրբեջանցիներն իրենց մեթոդներով ցանկանում են հայերին աշխարհի երեսից վերացնել՝ հայ անունը ջնջել տարածաշրջանից»:

«Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան. կեղծիքներ ու փաստեր» գրքում զետեղված է շուրջ 130 քարտեզ, որոնք եւս մեկ անգամ հավաստում են Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկ լինելու փաստը:

«Այսօրվա Ադրբեջանը իր գրվածքներում նոր սերնդին համոզում է, որ հայերն իբր տարածաշրջանում նորեկներ են ու ադրբեջանցիների թշնամիները. այդ շրջանը հազարամյակներ շարունակ կոչվել է Ադրբեջան,- ընդգծեց պարոն Գալչյանն ու հավելեց, – Հին քարտեզում Կովկասից հարավ պատկերվող երկրներից միայն երկուսն են, որ ավելի քան 2 հազարամյակ պահպանել են իրենց անվանումն ու գոյությունը. դա Հայաստանն ու Պարսկաստանն են: Մեր մյուս հարեւան երկրներից Վրաստանի անունը այդ տարածքի վրա հայտնվել է 13-14-րդ դարերում, Թուրքիայինը՝ 14-րդում, իսկ Արաքսից հյուսիս գտնվող «Ադրբեջան» անուն ունեցող երկիրը ծնունդ է առել միայն 1918 թվականին: Նորածին այս պետությունը, հորինելով պատմություն, գոչում է, թե հայերը Կովկասում եկվորներ են, իսկ իրենք՝ բնիկներ»: Հեղինակը քմծիծաղով ավելացրեց նաեւ, որ ադրբեջանցիներն իրենց եւ թուրքերին համարում են նույն ժողովուրդը՝ մեկ ազգ, երկու պետություն: Ռ. Գալչյանի փոխանցմամբ, գրքում բերված են բազմաթիվ պարսիկ, եվրոպացի եւ թուրք պատմիչների ու ճանապարհորդների ներկայացրած փաստեր, ինչպես նաեւ մեջբերումներ 18-19-րդ դարերի տեղաբնակ թուրք-թաթար պատմիչների գրքերից. «Այստեղ հարց է ծագում. եթե Կովկասի հարավում եւ Արաքսի ափերին մինչեւ 19-րդ դարը հայեր չկային, ապա ինչո՞ւ են նրանց մասին գրում 14-18-րդ դարերի օտար ճանապարհորդները եւ 1603 թվականին պարսից Շահ Աբասը նույն այդ շրջանից ինչպե՞ս դեպի Պարսկաստան քշեց շուրջ 300 000 հայերի»:

Գրքի անգլերեն տարբերակը 2 տարի առաջ Գալչյանը հանձնել է ՀՀ արտգործնախարարությանը, որտեղ աշխատությունը խանդավառությամբ ընդունվեց: «Բայց երբ հանդիպում խնդրեցի նախարարի հետ, ինձ հայտնեցին, որ նա նման բաների ժամանակ չունի…»,- փաստում է գիտնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել