Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի «վուայաժը» Կիեւ՝ սկանդալային է եղել

Հոկտեմբեր 29,2010 00:00

\"\"FEMEN շարժման անդամ ուկրաինացի ֆեմինիստուհիները Կիեւում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցելության դեմ բողոքի ակցիա են իրականացրել: Վեց ակտիվիստներ Կիեւի մայրաքաղաքի կենտրոնում, Շեւչենկոյի զբոսայգում թոփլես-ակցիա են իրականացրել: Մերկացած ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ այսպիսի բովանդակությամբ՝ «Մենք չենք քնի Կրեմլի թզուկների հետ»՝ ակնարկելով Պուտինի հասակը, եւ «Մեզ այդքան հեշտ չեք ճնշի»:

\"\"Newsru.ua-ի մատուցմամբ, ցուցարարներն իրենց անպարկեշտ հնչող կարգախոսներում հիշատակել են նաեւ ռուս հայտնի մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի անունը՝ վանկարկելով. «Պուտի՛ն, ձեռք գցիր սիրուհուն, բայց ո՛չ Ուկրաինային», «Ուկրաինան Ալինա չէ» եւ այլն: Նրանք համարում են, որ Պուտինը Ուկրաինա է այցելել, ակցիայի մասնակիցների ձեւակերպմամբ՝ «Ուկրաինայից հերթական փայ պոկելու համար»: «Մենք բողոքում ենք ռուս առաջնորդների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու դեմ: Մենք նկատում ենք, որ նրանց այցելություններից հետո Ուկրաինայում սահմանափակվում են ԶԼՄ-ների ազատություններն ու ցույցերի իրավունքը, ինչպես դա Ռուսաստանում է»,- հայտարարել է բողոքի ցույցի մասնակիցներից Աննա Գուցոլը: Ակցիան տեւել է ընդամենը 10 րոպե: Դրա հանդիսատեսները միայն լրագրողներն ու պատահական անցորդներն են եղել, մեկ էլ՝ ավտոճանապարհային մի ոստիկան, որը մերկ կանանց իր բջջայինով հասցրել է նկարել:

Ընդհանրապես, Պուտինի այս մի այցը Ուկրաինա, ըստ աղբյուրի, տարօրինակ եւ կարճ է եղել: Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը Կիեւ էր մեկնել պաշտոնական այցով, որի ընթացքում քննարկվել է նաեւ Ուկրաինային մատակարարվող գազի հարցը: Սակայն տեղի լրագրողներին ոչ թե գազային խնդիրները, այլ միանգամայն ուրիշ բան է հետաքրքրել. նրանք ՌԴ վարչապետի դեմքի՝ ձախ այտոսկրի վրա մեծ կապտուկ են նկատել, որը փորձել էին վատ արված գրիմի տակ թաքցնել: Ընդհանրապես, լրագրողների դիտարկմամբ, Պուտինի տեսքն ու տրամադրությունը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպման ժամանակ նկատելիորեն լավ չի եղել. նա տխուր եւ լռակյաց է եղել: Հանդիպման օրակարգը փոխվել եւ համաժողովի ձեւաչափն էլ նեղացվել է: Պուտինը հրաժարվել է մեկնաբանություններ անել գազի թեմայի շուրջ եւ մեկնել է օդակայան՝ նույնիսկ չմասնակցելով Ազարովի ու քաղաքական գործիչների, նաեւ գործարարների մասնակցությամբ նախատեսված ճաշին, որը, ի վերջո, չեղյալ է համարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել