Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ»

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Պնդում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը

Վերջերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել էր հայ-իրանական հարաբերություններին: «Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիներին այն շատ կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանն ապահովում է Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը: Կարեւոր են հարաբերությունները նաեւ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի միջուկային հավակնություններով, եւ մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, կկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ու բանաձեւերի պահանջները»,- ասել էր դեսպանը՝ ակնհայտ երկընտրանքի առջեւ դնելով Հայաստանին, քանի որ Իրանն իսկապես Հայաստանի միակ եւ ամենահուսալի հարեւանն ու կապն է արտաքին աշխարհի հետ: Ի դեպ, դա ավելի ցայտուն երեւաց ղարաբաղյան պատերազմի տարիներին: Թե ինչ դիրքորոշում է պատրաստվում որդեգրել պաշտոնական Երեւանը՝  «Առավոտի» հարցին ԱԳՆ մամուլի խոսնակն ասել էր, որ «բազմիցս եւ ամենաբարձր մակարդակներով հայտարարվել է, որ Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ թափանցիկ են»՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից: Ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնական Երեւանն այս պարագայում գերադասեց գործը խոսքից: Տիկին Յովանովիչի հայտարարությունից ընդամենն օրեր անց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այցելեց Իրան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում տարբեր ասպարեզներում ստորագրվեցին համագործակցության մի շարք պայմանագրեր: Իրանի փոխնախագահը նույնիսկ հայտարարեց, որ հարկ է եռապատկել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռեւս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին»: Մահմուդ Ահմադինեջադն ի պատասխան՝ նշել է, որ «տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որեւէ սահմանափակում չկա, եւ Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին»: Նշվել է, որ «Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար»:
Վարչապետի իրանյան հանդիպումներից եւ պայմանավորվածություններից հետո եւ ՀՀ նախագահի աստրախանյան հանդիպման շեմին «YouTube»-ում հայտնվեց Ջո Բայդենի մասնակցությամբ հայտնի տեսանյութը: Ի՞նչ է սա՝ պատահականությո՞ւն, թյուրիմացությո՞ւն, թե՞ զուգադիպություն:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հանդիպումների եւ պայմանավորվածությունների այս տեսանելի, պաշտոնական հատվածին այդքան էլ կարեւորություն չի տալիս: Այս ամենի վերաբերյալ նա իր մոտեցումներն ունի. «Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, իրարամերժ խոստումներ են տվել աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես՝ հուլիսին Հիլարի Քլինթոնի Հայաստան այցի ժամանակ եւ օգոստոսին՝ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ: Հայաստանի իշխանություններն իրարամերժ խոստումներ են տվել նաեւ Իրանի նախագահի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ»: Արամ Կարապետյանը կողմ է, որ Հայաստանն Իրանի հետ «բացահայտ պատժամիջոցային դռներ» չմտնի, բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ ամերիկացիները չեն հասկանում, թե հայերն ինչ ձեւի եւ տեսքի փոխհարաբերություններ ունեն Իրանի հետ: «Իսկ մեր փոխհարաբերությունները միայն այս տեսանելին՝ կնքված պայմանագրեր եւ այլն, չեն: Ի դեպ, ինչպես տեսաք, Իրանի հետ ազատ առեւտրի պայմանագիր այդպես էլ չկնքվեց, եւ ես կարծում եմ, որ դա փոխհամաձայնեցված չստորագրվեց, որպեսզի ամերիկացիներին էլ ավելի չզայրացնեն: Նավթավերամշակման կոմբինատ նույնպես չի կառուցվելու, ավելին, փոխհարաբերությունները բանկային համակարգում առաջիկայում սառեցվելու են: Հայաստանն այսօր մի վիճակում է՝ Աստրախան, Բայդենի տեսահոլովակ, ձերբակալված խումբ եւ այլն, որոնք ցույց են տալիս, որ տրված իրարամերժ խոստումները կարող են Հայաստանի իշխանությունների եւ նրանց միջոցով՝ նաեւ Հայաստանի գլխին մեծ պատուհաս դառնալ»: Իսկ աստրախանյան հանդիպումից հետո հայաստանյան իշխանամետ մամուլի մեկնաբանություններից՝ «Ռուսաստանի ձմերուկային պահվածք» եւ այլն, մեր զրուցակիցը տպավորություն է ստացել, որ ղարաբաղյան հարցում ՌԴ-ի հետ մենք այժմ այնքան էլ համաչափ չենք քայլում. «Փաստորեն, Մեդվեդեւն էլ Սերժ Սարգսյանի ախպերը չի: Բա հիմա ո՞ւմ ախպերն է Սերժը»: Այս ամենի ֆոնին ՆԺԿ նախագահը հասկանում է անգամ Շարմազանովի եւ Գալուստ Սահակյանի պաթետիկ ելույթները՝ ագիտացիան եւ պրոպագանդան, բիլյիարդայինի կամ թենիսայինի վերածված ֆուտբոլային դիվանագիտությունը, բայց թե ի՞նչ է շահելու Հայաստանը՝ դեռ տեսանելի կամ հասկանալի չէ: «Ես տեսնում եմ, որ Հայաստանը դատարկվում է, որ որեւէ երկիր մեզ մեծ վարկավորում չի տալիս՝ հասկանալով մեր տնտեսության ծանր կացությունը: Ռեալ քաղաքականության ասպարեզում, բացի նրանից, որ ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն պահպանվում է, այն էլ ոչ թե մեր դիվանագիտության, այլ աշխարհի մեծերի փոխհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ոչինչ չկա»,- համոզված է Արամ Կարապետյանը: «Ամերիկացիները հստակ ասել են՝ Իրանի հետ ձեր համաձայնագրերը դուրս եկան 100 միլիոն դոլարի շրջանակներից՝ մեզանից չնեղանաք: Թուղթ ստորագրելը՝ հեչ, իրականում ի՞նչ կարվի՝ դա է կարեւոր»,- ավելացրել է ՆԺԿ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել