Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՅՈՒԼԵՆ ԿԻՍՈՒՄ Է ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 02,2010 00:00

«Առավոտը» հաղորդել էր, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 19-ին նամակ էր հղել Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որտեղ հիշեցրել էր 2006 թվականին Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2004/2166 բանաձեւի 67-րդ կետը. «Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել հայկական միջնադարյան գերեզմանոցների եւ Հարավային Նախիջեւանի պատմական խաչքարերի ոչնչացմանը, ինչը խախտում է 1993 թվականին այդ երկրի վավերացրած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային եւ բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի պայմանները»: Եվ այս հիշեցմանը հավելել էր. «Մենք ցավում ենք, որ նախապես որոշված դիտորդական առաքելությունը, որը պիտի ուղարկվեր Նախիջեւան՝ տեղի չունեցավ, ինչը հնարավորություն կտար տեղում տեսնելու ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքն ու գնահատական տալու մերօրյա վանդալներին»: Նաիրա Զոհրաբյանը կրկին կարեւորել էր Եվրոպական խորհրդարանի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը:  
Օրերս տիկին Զոհրաբյանը ստացել է Շտեֆան Ֆյուլեի՝ հոկտեմբերի 18-ի թվագրությամբ պատասխան նամակը, որում մասնավորապես ասված է. «Ես մեծ կարեւորություն եմ ընձեռում հուշարձանների եւ պատմական վայրերի պաշտպանությանն ու պահպանությանը, ինչը համաշխարհային ժառանգության անգնահատելի մասն է: Այս համատեքստում ես կիսում եմ Ձեր մտահոգությունը՝ Նախիջեւանում հայկական հուշարձանների ու պատմական վայրերի պահպանման հետ կապված, եւ համաձայնում, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ:
Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ ապագա Ասոցացման համաձայնագրերում, որոնք ներկայումս բանակցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, մենք կանդրադառնանք համագործակցությանը մշակույթի ոլորտում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են, ասենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային բազմազանությունը եւ պահպանել մեր մշակութային ու պատմական ժառանգությունը: Մեր հարաբերություններում ուժեղ իրավական հիմքը թույլ կտա մեզ նաեւ ամրապնդել երկխոսությունն Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի հետ՝ հուշարձանների եւ պատմական վայրերի պաշտպանությանն առնչվող հարցերի կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության կազմակերպմանը պատմական համապատասխան վայրեր՝ սա Եվրոպական խորհրդարանի որոշելիք հարցն է, եւ խորհուրդ կտայի այդ հարցն արծարծել ԵԽ-ում: Իմ ծառայություններն արդեն փոխանցել են Ձեր նամակը Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների պատվիրակության նախագահ պարոն Միլան Քաբրնոչին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել