Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ՞

Նոյեմբեր 02,2010 00:00

«Նաիրի» հյուրանոցի վաճառքի գործարքում տարօրինակ զուգադիպությունները շատ են

Արդեն 2-րդ ամիսն է՝ Նորք-Մարաշում գտնվող «Նաիրի» հյուրանոցի վաճառքի շուրջ դժգոհությունների ալիքը չի հանդարտվում: Մի կողմից՝ հյուրանոցում բնակվող փախստականների ճակատագիրն է օդում կախված, մյուս կողմից էլ՝ առքուվաճառքի մասին գործարքի խիստ գաղտնիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ իմանալ վաճառքի գործընթացի մասին: Մինչ այդ Տուրիզմի զարգացման հիմնադրամը, որին պատկանում է հյուրանոցը, եւ հյուրանոցի տնօրինությունը ամեն կերպ խուսափում էին որեւէ ինֆորմացիա տալ:
«Առավոտի» հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանը բավականին վրդովված ասաց. «Ձեր ի՞նչ գործն է, թե ում ենք վաճառել: Ասենք թե՝ Պողոս Պողոսյանին, դա ձեզ ի՞նչ կտա»: Մեր այն դիտարկմանը, որ դա մեզ կտա այն, որ գոնե կտեղեկանանք, թե տվյալ ընկերությունը ի՞նչ բիզնես պատմություն ունի, արդյոք այդ ոլորտում աշխատելու փորձ ունի՞, պարոն Սիմոնյանն այդպես էլ ընկերության անունը չասաց եւ վստահեցրեց, որ այդ ընկերությունը լավագույն գինն է առաջարկել, իրենք էլ վաճառել են:
Իսկ հյուրանոցը գնած «Նաիրի բիզնեստուր» ընկերությունը ընդամենը 3 ամսվա պատմություն ունի: Այս ընկերությունը պետռեգիստրում գրանցվել է այս տարվա հուլիսի 19-ին, եւ չի բացառվում, որ «Նաիրի բիզնեստուր» ՍՊԸ-ն հենց հյուրանոցը գնելու նպատակով է ստեղծվել: Միայն այն բանից հետո, երբ մենք ճշտեցինք հյուրանոցի նոր սեփականատիրոջ անունը, պարոն Սիմոնյանը համաձայնեց որոշ ինֆորմացիա տալ: Մեր այն հարցին, որ ուզում ենք ընկերության բիզնես-ծրագրին ծանոթանալ, պարոն Սիմոնյանն ասաց. «Ձեզ ոչ մի փաստաթուղթ էլ պետք չէ, վստահեք ինձ, եւ ես ամեն ինչ կասեմ»: Ըստ պարոն Սիմոնյանի, հյուրանոցի 50%-ը վաճառել են 315 միլիոն դրամով (մոտ $870 հազար), որից 120 միլիոնը հարկ է վճարվելու պետբյուջե. 120 միլիոն դրամ հարկից 47 միլիոնն արդեն վճարված է: Հիմնադրամի տնօրենը վստահեցրեց, որ դա լավագույն գումարն է, որ հյուրանոցի համար որեւէ մեկը պատրաստ էր վճարել, քանի որ մինչ այդ, ովքեր ցանկանում էին գնել, երբ տեղեկանում էին այդտեղ բնակվող փախստականների մասին՝ հրաժարվում էին: «Նաիրին» վաճառվել է բիզնես նպատակով, եւ ինչպես Ֆելիքս Սիմոնյանը վստահեցրեց, այն վերանորոգելուց հետո կդառնա 3 աստղանի հյուրանոց եւ բավականին մեծ եկամուտներ կբերի սեփականատիրոջը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Նորք- Մարաշում շքեղ առանձնատների շուկայական ամենաբարձր արժեքը գրեթե համընկնում է «Նաիրիի» վաճառքի գնին, ապա տարօրինակ է, որ այն այդքան էժան գնով է վաճառվել: Մեզ հետ զրույցում անշարժ գույքի գործակալությունից վստահեցրին, որ առանց հողամասի 5 հարկանի շքեղ առանձնատունը Նորք-Մարաշում արժե 800 հազար դոլար:
Ինչպես պարզեցինք պաշտոնական աղբյուրից, հյուրանոցի նոր սեփականատերը Հակոբ Սիմոնյանն է. Ֆելիքս Սիմոնյանի հետ կապ չունի: Համենայնդեպս, Ֆելիքս Սիմոնյանը մեզ հետ զրույցում անգամ թոռների արեւով երդվեց, որ Հակոբ Սիմոնյանն իրեն ազգական-բարեկամ չէ: Հետաքրքիր զուգադիպությամբ հյուրանոցի տնօրեն Հովհաննես Սիմոնյանի որդու անուն-ազգանունը համընկնում է հյուրանոցի նոր սեփականատիրոջ անուն-ազգանվան հետ՝ Հակոբ Սիմոնյան: Իսկ ահա Հովհաննես Սիմոնյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ իր որդիներից մեկի անունը Հակոբ է: Մեր այն հարցին՝ արդյոք «Նաիրի» հյուրանոցի նոր սեփականատերն իր որդի Հակոբ Սիմոնյա՞նն է՝ թվում էր, թե պետք է լիներ կամ այո, կամ ոչ պատասխանը, բայց Հովհաննես Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել: Բոլոր հարցերը տվեք հիմնադրամի տնօրենին»: Հիմնադրամի տնօրենն էլ վստահեցրեց, որ չգիտի, թե նրանց միջեւ որեւէ ազգակցական կապ կա՞, թե՞ ոչ: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ հյուրանոցը վաճառվեց նախկինում բիզնես պատմություն չունեցող եւ նոր գրանցված ընկերությանը, Ֆելիքս Սիմոնյանն ասաց. «Նախ ծանոթացել ենք բիզնես պլանին, 1 միլիարդ 200 հազարի ներդրում է կատարելու: Բացի այդ, փուլ առ փուլ բանկերից վարկեր է վերցնելու: Եվ հետո վաճառքից ստացված գումարով շենքի չվաճառված հատվածի կոյուղատար խողովակներն ենք փոխելու, սենյակներն էլ թեթեւ կվերանորոգենք: Շենքը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված էր: Սենց որ գնար՝ մի օր հրդեհ էր լինելու»: Ֆելիքս Սիմոնյանից խնդրեցինք հյուրանոցի նոր սեփականատիրոջ հեռախոսահամարը, ինչին ի պատասխան՝ պարոն Սիմոնյանն ասաց. «Տերերը Հայաստանում չեն, Արաբական Էմիրություններում են»:
Մեր այն հարցին՝ արդյոք հաշվի՞ են առել հյուրանոցում բնակվող փախստականների իրավունքները, Ֆ. Սիմոնյանը կրկին վրդովված պատասխանեց. «Փախստականները թող գնան մյուս թեւում բնակվեն: Չեն ուզում՝ տարեք ձեր տուն: Էդքան տարի պահել ենք, չեն ուզում՝ թող չապրեն: Ինչ ա եղել, փախստականներին ձախից տեղափոխում ենք աջ: 20 տարի պահել ենք, փոխանակ շնորհակալ լինեն, մի բան էլ բողոքո՞ւմ են»: Իսկ փախստականները նշում են, որ ծանր հիվանդների համար շատ դժվար է բնակվել անընդհատ ընթացող շինարարական աղմուկի եւ փոշու պայմաններում:
Մեր այն դիտարկմանը, որ փախստականները մտավախություն ունեն, որ մի օր էլ հյուրանոցի մյուս հատվածը կվաճառեն եւ այդտեղից էլ նրանց դուրս կհանեն, պարոն Սիմոնյանն ասաց. «Կառավարության հետ պայմանավորվածություն եւ որոշում կա, որ մինչեւ իրենց տուն չտան՝ չենք հանելու»:
Այս առնչությամբ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ եթե փախստականները հրաժարվում են դուրս գալ, ապա խնդիրը միայն դատական կարգով կարող է լուծվել: Մեր այն դիտարկմանը, որ ստացվում է՝ փախստականներին պաշտպանող օրենքի որեւէ կետ չկա՝ տեղից տեղ չհանելու նրանց իրավունքները այդ ուղղությամբ պաշտպանելու համար, պարոն Եգանյանն ասաց. «Ես շատ եմ ցավում եւ ափսոսում, որ չկա միջազգային նորմ կամ ոչ էլ ազգային օրենք, որ պաշտպանի նրանց տեղից տեղ հանելու հարցում»: Փախստականները դիմել էին նախագահի վերահսկողական ծառայություն, որտեղից էլ մեզ պատասխանեցին, որ նրանց դիմումն ուղարկվել է տարածքային կառավարման նախարարություն, սահմանվել է հսկողություն, որի պատասխանից հետո կզեկուցվի ծառայության ղեկավարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել