Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ «ԴԱՐԻԿՆՈՑՈՒՄ»

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"Երեկ առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ են մտել երկու դիմակավորված անձ: Նրանք նախ կոտրել են դուռը, ապա ներս մտել, կապկպել այդ պահին սենյակում քնած՝ տանտիրոջ 21-ամյա դստեր ձեռքերն ու ոտքերը, կպչուն ժապավենով փակել բերանը եւ գողացել ոսկյա զարդեր ու գումար՝ անգամ աղջկա ոսկե վզնոցը:
 Երբ ավազակներն իրենց թալանը անելուց հետո հեռացել են դեպքի վայրից, տանտիրջ դուստրը, որը ԵՊՀ ասպիրանտ է, հաջողացրել է ազատվել կապանքներից եւ կատարվածի մասին հեռախոսով տեղյակ պահել մորը՝ 59-ամյա Դարիկո Դանիելի Պիշնայային: «Առավոտի» տեղեկություններով, «Դուստր Օլգա» ընկերությունում գործում է կարաոկե բար եւ գիշերային ակումբ, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց» անունով, որի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները ասացին, որ այնտեղ ցանկացած ժամի կարող ես կլորիկ գումարով «թիթեռնիկներ»՝ մարմնավաճառուհիներ պատվիրել: Դարիկո Պիշնայան այդ ժամին իր որդու հետ եղել է «Զվարթնոց» օդանավակայանում. ամուսնուն էր դիմավորում:
Երեկ երբ փորձում էինք լուսանկարել կոտրված դուռն ու սենյակը, Դարիկոն սկսեց բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան՝ փախնե՞ն, հետո կնկարես: Էլի փառք տամ Աստծուն, որ իմ մատղաշ երեխուն չեն բռնաբարել, չեն սպանել: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի ու նախագահի մոտ: Մի քանի աղջիկ եմ պահում, ուզում ես դրանք էլ էթան իմ մոտի՞ց: Էս էլ չլինի էն անգամվա պես… Մի տարի առաջ էր՝ թերթերը, տելեները եկան գրեցին, նկարեցին, սաղ աշխարհով ցույց տվին՝ կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի ինչքան ուզում ես գրի»:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, տեղամասային տեսուչներն ու փորձաքրեագետը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել