Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսը պահանջում է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ենթարկել անկախ բժշկական փորձաքննության՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նոյեմբերի 11-ի լույս գիշերը, ժամը 3-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի իր խցում քնած ժամանակ հերթական հարձակման է ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին երեկ գիշերը ահազանգել են Փաշինյանի հարազատները: Նրանց ահազանգը ստանալուց հետո առաջիններից մեկը, ով գիշերվա ժամը 4-ին այցելել է Փաշինյանին, եղել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդիպել է Փաշինյանի հետ: Իր այցելության պահին, պատգամավորի ասելով, վնասվածքների առերես հետքեր Նիկոլ Փաշինյանի մարմնի տեսանելի հատվածներում չեն եղել: Փաշինյանը նրան պատմել է, որ իր վրա հարձակվել են երկու սեւազգեստ, դիմակավորված անձինք եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել՝ փախուստի են դիմել: Զ. Փոստանջյանը զրուցել էր ոչ միայն Փաշինյանի, այլեւ նրա հետ խցում եղած մյուս դատապարտյալների հետ, որոնք, բնականաբար, հերքել են Փաշինյանի վրա հարձակման փաստը: «Բայց դա դեռ չի նշանակում, որ Նիկոլի վրա հարձակում տեղի չի ունեցել»,- հայտարարել է պատգամավորը՝ կարծիք հայտնելով, թե բավարար հիմքեր ունի չբացառելու համար, որ նման միջադեպ կարող էր լինել, որովհետեւ այդ ՔԿՀ-ում չեն պահպանվում օրենքի կանոնները, եւ խցերում պահվում են սահմանվածից մեծ թվով կալանավորներ, որ ՔՀԿ-ի աշխատակիցների քանակը բավարար չէ, որպեսզի հնարավորություն լինի վերահսկել ՔԿՀ-ի ամբողջ տարածքը, ուստի՝ շատ հնարավոր է, որ դիմակավոր անձինք կարողանային մտնել խուց եւ անարգել հեռանալ:

Երեկ միջադեպի վերաբերյալ միանգամից երկու հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության (ՔՎ) մամուլի ծառայությունը՝ հերքելով, որ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել: Իր հաղորդագրություններում ՔՎ-ն նախ՝ «հերթական ակնհայտ կեղծ», «անհեթեթության աստիճանի մշակված» եւ «ամեն եղանակով Ն. Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում» է որակել Փաշինյանի հայտարարությունը, ապա յուրովի ներկայացրել տեղի ունեցածը. «Գիշերվա ժամը 2.50-ին դատապարտյալն սկսում է աղմկել եւ հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը, եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները եւ, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս՝ հանգամանքները պարզելու, այդ թվում՝ բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Ն. Փաշինյանի գիշերային երազների շարքից է»: ՀՀ ԱՆ ՔՎ երկրորդ հաղորդագրության մեջ ասվում էր, թե «դատապարտյալի հայտարարության առթիվ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացվել է առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից: Փորձաքննությամբ եւս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության, դատապարտյալ Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:

Այդուհանդերձ, Փաշինյանի պաշտպան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռ/կ-ին եւ «Ա1+»-ին փոխանցել է, որ «Նիկոլը տեսել է 2 դիմակավորված անձանց, որոնք, իր տպավորությամբ, եղել են հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով՝ սեւ գույնի, դիմակները եղել են, ըստ իր տպավորության, գործարանային արտադրության, ինչի մասին վկայել են դիմակների աչքերի շուրջ առկա կապույտ երիզները: Տեսնելով, որ Նիկոլը արթուն է՝ մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլը ինչ-որ բան է գոռացել: Որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները եւ Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչեւ վաղ առավոտ: Քանի որ Նիկոլը պետք է երկարատեւ տեսակցություն ունենար, խնդրել է ՔԿՀ վարչակազմին, որ իր մի շարք իրեր, այդ թվում՝ նաեւ վերմակը, որով նա ծածկված է եղել գիշերը, տարվի հերթապահ մաս: Երկարատեւ տեսակցության սենյակում բացելով այդ իրերը՝ պարզվել է, որ վերմակի ծրարի վրա առկա են սապոգի եւ արյան հետքեր: Վերջիններս առաջացել են գիշերվա միջադեպի ժամանակ՝ Նիկոլի մատի վրա առաջացած վնասվածքից: Արյան հետքերը առկա են նաեւ Նիկոլի գիշերազգեստի վրա»:

Պաշտպանի ասելով, ՔԿՀ ղեկավարությունը որեւէ կերպ չի համաձայնել այդ իրերը արձանագրությամբ ստանալ եւ կնքել որպես իրեղեն ապացույցներ, կամ դրանք դուրս բերել լրագրողներին ցույց տալու համար: Փաշինյանը ՀՀ ԱՆ ՔՎ հայտարարությունը անվանել է «անբարո» եւ նշել, որ այդ հայտարարությունը եւս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ իր դեմ ձեռնարկվող հարձակումները կազմակերպվում եւ ուղղորդվում են ՀՀ ԱՆ ՔՎ կողմից: Այս մասին է վկայում նաեւ այն, որ ՔԿՀ վարչությունը հերքում է արդեն երկրորդ միջադեպի մասին տեղեկատվությունը, որը տեղի է ունեցել մոտ երկու տասնյակ մարդկանց աչքի առաջ: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Վ. Հովսեփյանը: Ի դեպ, պաշտպանի վերը պատմածի բովանդակությունը տառացիորեն կրկնելով՝ երեկ «Փաշինյանի մերձավորներ» ստորագրությամբ հայտարարություն է տարածվել:

«Առավոտը» երեկ զրուցեց նաեւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի այն երկու ներկայացուցիչներից մեկի հետ, ով երեկ տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո այցելել էր «Կոշ» ՔԿՀ: Նրանք՝ Լուսինե Հարությունյանն ու Թեմիկ Խալաֆյանը, հանդիպել էին ՔԿՀ ղեկավարության, Փաշինյանի խցակիցների, կողքի խցի կալանավորների, այդ օրը գիշերը հերթապահ բոլոր պատասխանատուների հետ, եղել էին նաեւ Փաշինյանի խցում, մի քանի ժամ զրուցել նրա հետ: Խմբի անդամ «Սուրբ Սանդուխտ» տիկնանց միությունը ներկայացնող Լուսինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ ես ոչինչ ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ նա այնքանով էր լավ, որ կնոջ հետ գնաց երկարատեւ՝ եռօրյա տեսակցության, որի իրավունքը, օրենքով սահմանված կարգով, նա ուներ»: Լ. Հարությունյանը ձեռնպահ մնաց որեւէ այլ տեղեկություն փոխանցել մեզ՝ ասելով, թե՝ ըստ սահմանված կարգի, խումբն իր այցերի վերաբերյալ զեկույցները նախ՝ նախարարին է ներկայացնում, հետո հրապարակում՝ ըստ անհրաժեշտության: Այնուամենայնիվ, ի՞նչ է եղել «Կոշում»: «Ես դժվարանում եմ պատասխանել: Առաջին հայացքից ակնհայտ ոչինչ չեմ տեսել: Միայն, եթե չեմ սխալվում, ձախ ձեռքի մատի վրա մի փոքր քերծվածք կար: Կարծեմ, դատաբժիշկը դա տեսել է, թե ի՞նչ եզրակացության է հանգել, դեռ տեղյակ չեմ»,- ասաց Լ. Հարությունյանն ու Փաշինյանի վերմակի վրա «սապոգի եւ արյան հետքերի» մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ հավելեց, թե ինքն այդպիսի տեղեկությունների չի տիրապետում. «Ես հանդիպել եմ իրեն, արտաքին զննմամբ ոչինչ չեմ տեսել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Հենց դրա համար էլ խնդրել ենք դատաբժշկի ներկայությունը»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսը՝ նկատի ունենալով միջադեպի փաստը հերքելու ԱՆ ՔՎ փորձերը, երեկ պահանջել է՝ «անկախ բժշկական փորձաքննություն՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ» եւ կոչ է արել միջազգային եւ հայաստանյան կառույցներին՝ ներազդել ՀՀ իշխանությունների վրա այդ պահանջը կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել