Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում հակակարկտային կայաններ կտեղադրվեն

Ապրիլ 12,2011 00:00

2010 թվականի հոկտեմբերի 5-ին եւ նոյեմբերի 13-ին անդրադառնալով Լոռու մարզում գյուղատնտեսության համար անբարենպաստ եղանակին եւ տարուն, տեղեկացրել ենք, որ 2010-ին Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, գյուղացին էլ հիասթափվել է հողից եւ գյուղից:
Մի շարք համայնքներ էլ կարտոֆիլ վաճառելու փոխարեն՝ գնեցին, Թումանյանի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան, իսկ Ստեփանավանի եւ Սպիտակի տարածաշրջանում հավերի ժանտախտը գյուղացու աշխատանքը զրոյի հավասարեցրեց:
Հանգստյան օրերին Լոռի էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը եղավ Ջրաշեն, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Կուրթան համայնքներում, բնակիչների հետ խոսեց սերմնաբուծության եւ այգեգործության զարգացման հեռանկարներից, անասնաբուծության եւ անասնաբուժության խնդիրներից (ասում են՝ Լոռիում կարելի է զարգացնել ոչխարաբուծությունը), տրակտորների եւ գյուղատնտեսական գործիքների տրամադրման կարգից:
Նախարարը լոռեցիներին տեղեկացրեց, որ մարզում 13 հակակարկտային կայան կտեղադրվի, սակայն դեռեւս հայտնի չէ՝ որ համայնքներում: Կարտոֆիլի էլիտար տեսակի մոտ 2400 տոննա սերմացու, 9 տոննա եգիպտացորենի սերմացու, գարու 160 տոննա էլիտա եւ 30 տոննա սովորական սերմացուից՝ 120 տոննան կբաժանվի Սպիտակի եւ Թումանյանի տարածաշրջանի 32 համայնքներին: Ստեփանավանի տարածաշրջանի որոշ համայնքներ հրաժարվել են սերմացուից: Գարգառ եւ Գյուլագարակ համայնքների ղեկավարները նշում են, որ գարին տարածաշրջանի համար նպատակահարմար չէ: Ինչպես այլ մարզերի բնակիչներին, լոռեցիներին էլ գյուղնախարարը տեղեկացրեց, որ տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով վարկ վերցնելու պարագայում՝ 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Գարգառ գյուղի բնակիչ Տիգրան Աղաջանյանը դիմել է վարկ ստանալու համար. «Ցլիկ կառնեմ, դրա ռիսկայնությունը քիչ է, 6 ամիս հետո վարկը կարող եմ փակել»:
Նախարարն էլ բոլոր գյուղացիներին հորդորեց լավատես լինել ու հավատալ, որ վատ տարիներից հետո գյուղատնտեսության համար հաջող եւ առատ բերքի տարիներ են գալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել