Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱԴԵՄԻԱՆ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ

Ապրիլ 14,2011 00:00

Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր  Ազատ Եղիազարյանի դիտարկումները

2010 թ. դեկտեմբերի 27-28-ին կայացած ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակիցների ընտրություններից առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել: Մարդիկ դեռ քննարկում են թեման, սակայն դա ԳԱԱ-ին կարծես չի էլ հետաքրքրում: Ապրիլի 14-15-ին տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը՝ նվիրված 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:
Մինչ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կնախապատրաստվի ժողովին զեկուցել ԳԱԱ 2010թ. գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի նախկին տնօրեն, գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Առավոտին» ներկայացրեց իր տեսակետը ԳԱԱ ընտրությունների եւ այդ կառույցի մասին ընդհանրապես: Նա ասաց, որ շուրջ 35 տարի աշխատել է ակադեմիայի համակարգում եւ չի կարող անտարբեր մնալ նրա ներկա վիճակի հանդեպ:
«Համակարգին լավ ծանոթ եմ, գիտեմ ընտրությունների մեխանիզմը: Ակադեմիական համակարգն այսօր ոչ նախանձելի վիճակում է գտնվում: Կառույցն իրեն այլեւս չի արդարացնում… Եվ տեղի ունեցած ընտրությունները այդ համակարգի արատների ամենավառ դրսեւորումներից են»,- ասում է ճանաչված գիտնականը:
Ա. Եղիազարյանը նկատեց, որ ակադեմիան ժամանակին Հայաստանի հոգեւոր կյանքում շատ մեծ դեր է կատարել, սակայն նախկինում ունեցած հարգանքն արդեն չի վայելում: Նա ընդգծեց, որ թերություններ բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց այդքան ակնառու չէին ու նշեց. «Անկախություն ստանալու հետ ողջ պետական համակարգը փլվեց: Ակադեմիան մնաց: Երկար ժամանակ մենք մտածում էինք, որ ակադեմիան պետք է պահպանել՝ որպես հոգեւոր կյանքի կարեւորագույն կենտրոններից մեկը: Ու ցանկացած առաջարկ սրերով էր ընդունվում: Մինչեւ 1999-ը, երբ դարձա Գրականության ինստիտուտի տնօրեն եւ դրանից հետո էլ երկար ժամանակ ինքս էլ ներկա կառույցը պահպանելու կողմնակից էի: Բայց տարիների ընթացքում նրա թերությունները ավելի ու ավելի ակնհայտ էին դառնում, ակադեմիան մեր աչքի առջեւ փլուզվում էր…»:
Ա. Եղիազարյանը հարց է հնչեցնում՝ ակադեմիան ունա՞կ է ներկա վիճակով ուղղություն տալ գիտության զարգացմանը: Ըստ նրա՝ արդեն ոչ. «Եվ կառույցը, եւ հարաբերությունները կառավարության հետ եւ այդ ընտրությունները խոսում են այն մասին, որ ակադեմիայի ներկա ձեւը իրեն սպառել է: Այն ունի 30-ից ավելի գիտական հիմնարկներ, որոնք մի կերպ գոյատեւում են: Ակադեմիային կարծես դա չի էլ հետաքրքրում, ինքը շարունակում է գործել, ընդհանուր ժողովներ, ընտրություններ է անցկացնում: Ու հանուն ինչի՞…Ակադեմիայի ընդհանուր ժողովը գիտությո՞ւն է զարգացնում…»:
Գրականագետը ընդգծում է, որ պետք է վերափոխվի ակադեմիայի ողջ համակարգը: Ըստ նրա, վերափոխելու համար պետք է սկսել նախ եւ առաջ ինստիտուտներից. «Ի վերջո, ակադեմիայի հիմքը ինստիտուտներն են, այնտեղ է կատարվում գիտական աշխատանքը եւ ոչ թե նախագահությունում եւ ընդհանուր ժողովում: Եթե ուզում ենք գիտություն ունենալ, պետք է ինստիտուտներն ամրապնդենք, որի  առաջին պայմաններից մեկը աշխատավարձի հարցը լուծելն է: Գիտաշխատողները ստանում են 60 000-70 000 դրամ: Այս չնչին աշխատավարձով ինչպե՞ս կարող է գիտաշխատողը գիտական հետազոտություն անել, իրեն ու ընտանիքին էլ պահել եւ դեռ իրեն զգալ իբրեւ մեր հասարակության արժանապատիվ անդամ: Բոլոր խոսակցությունները ակադեմիական գիտության զարգացման մասին՝ անիմաստ են, քանի դեռ այս հարցը չի լուծվել: Ակադեմիական կառույցի վերնախավը, ընդհանուր ժողովը, նախագահությունը այ՛ս հարցը պետք է լուծեին առաջին հերթին: Շուտով ընդհանուր ժողով է լինելու, խոսելու են ակադեմիայի նվաճումների մասին: Բայց ի՞նչ իրական նվաճումներ կարող են լինել այս պայմաններում: Վերջապես, աշխատավարձը նաեւ պետության վերաբերմունքի արտահայտությունն է: Դատելով տասնամյակներ շարունակ պահպանվող այս «աշխատավարձից», ակադեմիան, գիտությունը մեր հասարակությանը պետք չեն: Այս դեպքում ես չեմ կարող հասկանալ նաեւ կառավարության վերաբերմունքը: Եթե կառավարությունը ուժային կառույցների աշխատողներին կարող է 200-300 հազարի կարգի թոշակ ապահովել, ինչո՞ւ չի կարող գիտության դոկտորին գոնե 100 000-ի կարգի աշխատավարձ տալ…»:
Անդրադառնալով ընտրություններին, պարոն Եղիազարյանը ասաց. «Ընտրությունների ինստիտուտը իմ մեջ շատ տարակուսանքներ է առաջացնում: Ո՞վ պետք է ընտրվի ակադեմիայի իսկական անդամ կամ թղթակից անդամ, որտե՞ղ է գրված: Ակադեմիայի ընտրությունների կանոնակարգում վերացական բաներ են գրված, չկա հստակ չափանիշ: Ընտրություններն ի վերջո դառնում են մանր հաշիվների ասպարեզ: Այդպիսի քվեարկություններին անհնար է վստահել: Այս ընտրությունները շատ են խփում ակադեմիայի հեղինակությանը, ակադեմիայի հեղինակությունը անշեղորեն ընկնում է: Ընտրությունների ժամանակ ոչ ոքի ակադեմիայի ներսում չեն հետաքրքրում ռեալ գիտական արդյունքները: Կոլեգաներիցս մեկը նախորդ ընտրությունների ժամանակ մի կապոց գիրք էր բերել իր աշխատություններից, որպեսզի ակադեմիայի անդամները տեսնեին: Ինչպես բերեց, այնպես էլ տարավ այդ կապոցը, ոչ ոք չբացեց-նայեց…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել