Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր արածից գոհ ենք»

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Հայտարարում է «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը՝ անդրադառնալով հայտնի մրցանակաբաշխությանը:

«Տաշիր 2011» մրցանակաբաշխության շքեղ մրցանակները՝ տրված շոու-բիզնեսի աստղերին եւ աստղիկներին, բազմաբնույթ ու կրքոտ քննարկումների տեղիք տվեցին մամուլում եւ սոցիալական կայքերում: Մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ժամանակ լռում էին: Երեկ «Տաշիր մեդիա» ընկերության գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանն ու գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը վերջապես հանդիպեցին լրագրողների հետ: Լռությունը Մ. Սաղաթելյանը պատճառաբանեց իրենց՝ Մոսկվայում գտնվելով:
Ինչո՞ւ այդքան ճոխություն, ինչպե՞ս են ընտրություն կայացրել՝ մրցանակներ շնորհելիս: «Մեր արածից գոհ ենք»,- իրենից գոհ հայտարարեց Մ. Սաղաթելյանն ու մեկնաբանեց. «Մեր նպատակը գեղեցիկ եւ բարձրակարգ շոու կազմակերպելն է եղել, ցույց տալը, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք եւ կարող ենք նման շոուներ կազմակերպել: Հետաքրքիրն այն է, որ միայն հայաստանաբնակ հայերն են քննադատել, դրսից միայն դրական արձագանքներ ենք լսել… Կրեմլի այս տարվա պատմության մեջ եզակի երկու դեպք է գրանցվել, որ այդ բազմահազարանոց դահլիճում անշլագ լինի՝ «Զոլոտոյ գրոմոֆոն» համերգն ու մերը՝ «Տաշիրը»:
Նա մի քանի անգամ կրկնեց, որ համերգը բարեգործական ակցիա չէր, այլ կոմերցիոն շոու. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին բնակարաններ եւ մեքենաներ նվիրելը կոմերցիոն շոուի ձեւաչափի շրջանակներում էր»:
Նա նաեւ ասաց, որ իբր իրենց քննադատում են իրենց մրցակիցները:
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ «Տաշիր մեդիան» երբեւէ կանգ չի առնում գիտական ոլորտի վրա, նույն մեթոդներով չեն խրախուսվում, օրինակ, վաստակաշատ գիտնականները: Մ. Սաղաթելյանը ակամայից մի խոստովանություն արեց. «Սա միայն շոու-բիզնեսի ասպարեզում է կատարվել, դա նշանակում է բարձր մշակույթի մասին չենք խոսում… «Տաշիր» մրցանակաբաշխության այս տարվա ձեւաչափն էր, գուցե մյուս տարի այլ լինի»:
Թե ինչպե՞ս էին ընտրվել մրցանակակիրները՝ բանախոսը չշտապեց թաքցնել իրականությունը. «Ցանկացած մարդ ընտրություն կատարելիս սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել: Ժյուրիի կազմը, որում նաեւ ես եւ Հրանտն էինք, ընտրել ենք լավագույններին: Առաջնորդվել ենք նրանով, որ, օրինակ, համացանցում Արմենչիկի տեսահոլովակը 1 միլիոն 400 հազար մարդ է դիտել կամ Թաթայի համերգներին 10 միլիոն մարդ է գնացել, այսինքն՝ այնքան, որքան հայ կա ամբողջ աշխարհում: Ու այդպես շատ երգիչների երաժշտության տակ պարում են ծնունդներին ու կնունքներին»: Հ. Բաբասյանի ձեւակերպմամբ, մրցանակակիրները մասսաների արտիստներն են եւ իզուր չէ, որ նրանք վաստակավորի կոչումներ են ստացել:
Մ. Սաղաթելյանը քմծիծաղով մոտեցավ այն հարցին, որ Հայաստանում բազմաթիվ անապահով արվեստագետներ կան եւ լավ կլիներ նրանց ուշադրություն դարձվեր: Պրոդյուսերը համոզված է՝ չկա մի արվեստագետ որ հացի փող չունենա:
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են խրախուսում այն մարդկանց, որոնց երաժշտությունը կնունքներին պարելու համար է, այլ ոչ բարձր արվեստ վայելելու, նա կարճ պատասխանեց. «Ճաշակին ընկեր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել