Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ

Ապրիլ 26,2011 00:00

\"\"Համալսարանի ղեկավարությունը սովորական, ուսումնական նպատակներով արված հարցման մեջ մութ դավադրություն տեսավ:

«Սպասեք մտնեմ ռեկտորի մոտ, հարցնեմ՝ կարելի՞ է ստորագրել, թե՝ ոչ»,- ինձ ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտորի ընդունարանի աշխատակցուհին, երբ նրան մեկնեցի ստորագրելու իրեն հանձնած նամակի իմ կրկնօրինակը: Ես էլ ընդունարանների մշտական այցելուի դեմքով համոզեցի, որ սա ընդունված կարգ է, բոլոր ընդունարաններում նամակները ստորագրվում են: Աղջիկն էլ, ճարը կտրած, ստորագրեց:
Իսկ նամակս տեղեկատվության հարցում էր: Բացատրեմ՝ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհուս դիպլոմային աշխատանքի թեման է՝ «Տեղեկատվություն ստանալու իրավունքը դատական պրակտիկայում»: Ուսումնասիրելով նախորդ տարիների գերատեսչությունների եւ դրանց ղեկավարների այս իրավունքի խախտման դեպքերը՝ ցանկացա իմ կողմից էլ մի քայլ անել՝ տեղեկատվության հարցում ուղարկել տարբեր գերատեսչություններ, պարզելու՝ որտեղ ինչպե՞ս են տիրապետում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, եւ չի՞ խախտվում, արդյոք, տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Այսպես՝ օրենքի տառին համապատասխան պատասխանեցին ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները: Բնապահպանության նախարարությունը, որին ես նամակն առձեռն էի տրամադրել, բացի նրանից, որ տվեց ծանուցում, որի վրա նշված հսկիչ համարով կարող էի նախարարության կայքէջում հետեւել նամակիս պատասխանին, իր պատասխանը ուղարկեց նաեւ փոստային ծառայությամբ: Փոստային ծառայությամբ պատշաճ ժամկետում պատասխանը ուղարկեցին նաեւ Երեւանի, Եղեգնաձորի քաղաքապետարանները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը: Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանից ինձ զանգեցին ապրիլի 5-ին (այն դեպքում, երբ ես նրանց հարցումը ուղարկել էի մարտի 17-ին), բարեհամբույր ձայնով տղամարդը ինձ ասաց, որ պատասխանը կուղարկեն հաջորդ օրը, սակայն շատ ավելի ուրախ կլինեն ինձ անձամբ տեսնել: «Մեր գյուղում այնքան լավ բաներ են կատարվում»,- ասաց այդ տղամարդը: Ես էլ շնորհակալություն հայտնեցի հարցումս անպատասխան չթողնելու համար եւ խոստացա մի օր անպայման գնալ իրենց գյուղ:
 Միակ հիմնարկը, որ չցանկացավ ոչ մի կերպ պատասխան տալ իմ հարցմանը՝ Հյուսիսային համալսարանն էր: Այս դեպքի մասին է, որ կուզեի խոսել: Ինչպես վերը պատմեցի, նամակը գործավարուհուն հանձնեցի առձեռն՝ այն էլ երկար համոզելով, որ կրկնօրինակի վրա ստորագրի, ես էլ ունենամ փաստ, որ նամակը նրանք ստացել են: Հյուսիսային համալսարանից մոտ տասը րոպե էր, ինչ դուրս էի եկել, երբ զանգ ստացա այնտեղից: Գործավարուհին խրոխտ ձայնով եւ համառորեն ինձ փորձում էր համոզել ներկայանալ իրենց ռեկտոր Բորիս Մակիչյանին: Ես էլ նրան ասացի, որ զբաղված եմ, միգուցե չստացվի գնալ, շնորհակալ կլինեմ պատասխանը ստանալ գրավոր տեսքով: Այստեղ չդիմացավ համալսարանի ռեկտորը (ինձ թվում է՝ նա բարձրախոսով հետեւում էր իմ եւ իր գործավարուհու զրույցին եւ երբեմն հուշում) եւ միացավ մեր զրույցին: Ինձ ասաց, որ ուզում է անձամբ տեսնել, իմանալ, թե ինչու համար է ինձ պետք այդ տեղեկատվությունը (հարցերս հետեւյալն էին. ա) 2010թ. Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, բ) եթե այո, որքա՞ն գումար է ծախսվել), ում կողմից եմ ուղարկված: Ես էլ բացատրեցի, որ պահանջում եմ օրենքով ինձ նախատեսված տեղեկատվություն, ռեկտորն էլ, թե՝ «Ես կարո՞ղ եմ Ձեզ դիմել հարցմամբ»: Նրան բացատրեցի, որ ես հանրային կազմակերպության ղեկավար չեմ, ռեկտորն էլ թե՝ մինչեւ չտեսնի ինձ՝ չի պատասխանի: Դրան հաջորդեցին նաեւ այլ զանգեր Հյուսիսային համալսարանից՝ փորձելով պարզել, թե ինչու եմ ես այդ հարցումն ուղարկել: Ես էլ արդեն չդիմանալով երիտասարդ գործավարուհու հանդիմանական ձայնին, ասացի. «Չնայած ես պարտավոր չեմ բացատրություն տալ ինձ անհրաժեշտ տեղեկատվության համար, բայց ասում եմ, որ ես դիպլոմային աշխատանք եմ գրում՝ Տեղեկատվություն ստանալու իրավունքը դատական պրակտիկայում, եւ դա վերաբերում է միայն իմ դիպլոմային աշխատանքին, պարոն Մակիչյանին ոչ անձնապես ճանաչում եմ, ոչ էլ նրա դեմ ինչ-որ քայլեր եմ ցանկանում ձեռնարկել»: Այսպես երկար խոսելուց հետո էլ մեր գործավարուհին մնաց անդրդվելի՝ պահանջելով իմ ներկայությունը: Իսկ ես հասկացա մի բան. Հյուսիսային համալսարանին նման հարցմամբ երբեք չեն դիմել, նրանք դրա տակ մութ դավադրություններ են տեսնում, նաեւ՝ ՏԱ օրենքը անպայման այդ ընթացքում ուսումնասիրում են, բայց չեն պատասխանելու: Դիմեցի Ինֆորմացիայի ազատության կենտրոն (ԻԱԿ)՝ փորձելով այս կերպ կոտրել ռեկտորի դիմադրությունը: Զանգեց նորից մեզ քաջածանոթ գործավարուհին, այս անգամ ձայնն ավելի վճռական էր, արդյունքում ես հասկացա, որ Հյուսիսային համալսարանում Արարատ քաղաքից ինչ-որ մեկը տարածք է վերցրել եւ, չգիտեմ ինչու, համալսարանի ղեկավարությունը եւ այդ արարատցին դատավարական քաշքշուկների մեջ են, ինձ էլ կասկածում են, որ ես իրենց «ախոյան» արարատցու լրտեսն եմ: Ես բացատրեցի, որ առաջին անգամ եմ լսում նման բան եւ նորից կրկնեցի, որ սա համալսարանական աշխատանքիս մասն է կազմում, նաեւ բացատրեցի, որ ընդամենը ցանկանում եմ ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ, որի տրամադրումը պաշտպանված է օրենքով եւ Սահմանադրությամբ, նորից երկար բացատրություններից, իրար համոզելուց հետո հնչեց քարտուղարուհու վերջին նախադասությունը. «Լավ, հաջողություն, երեւի մենք Ձեզ հետո էլի կզանգենք»: Բայց այլեւս ոչ մի արձագանք եւ նամակի պատասխան՝ Հյուսիսային համալսարանից: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հյուսիսային համալսարանի ղեկավարության այս քայլը քննադատում է: «Խախտվել են Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածները, ՏԱ մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի համար խախտողը պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջեւ: Արդեն երկրորդ անգամ նույն հարցումը ուղարկվում է համալսարանի ղեկավարությանը եւ նրանք չեն կատարում օրենքով սահմանված իրենց պարտավորվածությունը: Սա նաեւ խոսում է կազմակերպության ոչ թափանցիկ գործունեության մասին», կարծում է ԻԱԿ-ը:

Հ. Գ. Հյուսիսային համալսարանի գործավարուհու հետ զրույցում ասացի, որ այդ տեղեկատվությունը իրականում ինձ անհրաժեշտ չէ, ես այն ոչ մի տեղ չեմ օգտագործելու, պարզապես հետեւողական եմ իմ արած գործին, սկսել եմ՝ պետք է ավարտին հասցնեմ: Իհարկե, ավարտը գործը դատարան հասցնելն է, բայց այս դեպքում իմ սկզբունքներից ետ եմ կանգնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել