Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԴԿ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հոկտեմբեր 14,2011 00:00

Ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 287 օր: Աշխարհի լավագույն մարզիկները նախապատրաստվում են քառամյակի գլխավոր ստուգատեսին: Վերջիններիս դիմավորել ամենայն լրջությամբ պատրաստվում է նաեւ Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը՝ ՀՀԳ-ն, որի «պատժիչ» գործունեությունն անազնիվ մարզիկների դեմ օր օրի ավելի է ակտիվանալու:

\"\"
ՌԱԴՕ-ի երկրների ներկայացուցիչները՝ Թբիլիսիում:
Ձախից 2-րդը՝ Արեգ Հովհաննիսյանն է:

Ուրախալի է, որ օրերս Թբիլիսիում կայացած համաժողովում Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպությունը՝ ՌԱԴՕ-ն Հայաստանի հակադոպինգային կազմակերպության (ՀՀԴԿ) վերջին տարիների իրականացրած աշխատանքը գնահատել է որպես լավագույններից մեկը տարածաշրջանում: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց ՀՀԴԿ ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ:
– Թբիլիսյան համաժողովում կազմակերպական ի՞նչ հարցեր քննարկվեցին:
– Համաժողովին ներկա ՀՀԳ-ի փոխտնօրեն Ռոբ Կիրները հայտարարեց, որ իրենց ներկայացուցիչները վերջին տարիներին չորսական այց են կատարել ՌԱԴՕ-ի անդամ երկրներ, որոնց արդյունքում գործադիր ժողովը եկել է եզրակացության, որ չորս երկրներ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Բոսնիան արդեն կարող են ինքնուրույն աշխատել: Այնպես որ, ՌԱԴՕ-ի կազմում մնաց ութ երկիր: Որոշվեց նաեւ, որ ՌԱԴՕ-ի գրասենյակը տեղակայվի Թբիլիսիում, քանի որ Վրաստանի կառավարությունը, պառլամենտը եւ Օլիմպիական կոմիտեն վերջինի շենքում համապատասխան տարածք եւ համակարգչային տեխնիկա են հատկացրել եւ պատրաստակամություն հայտնել վարձատրել ՌԱԴՕ-ի երկու աշխատողի: Այսօր այդ գրասենյակն արդեն լրիվ թափով աշխատում է: Մեր առաջարկով երկու տարով կազմակերպության նոր նախագահ ընտրվեց պրոֆեսոր Պավել Կասրաձեն:
– ՀՀԴԿ-ն էլ ապագայում ՌԱԴՕ-ի կազմից դուրս գալու եւ ինքնուրույն գործելու հեռանկար ունի՞:
– Անհրաժեշտ մակարդակ ապահովելու դեպքում՝ այո: Բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է: Համենայնդեպս, այսօրվա դրությամբ առաջին թեկնածուն, թերեւս, Ադրբեջանն է, որովհետեւ այդ երկրի կառավարությունը շատ մեծ գումարներ է տրամադրում հակադոպինգային հսկողությանը: Բայց դրա փոխարեն, քանի որ ՀՀԳ-ն նյութական օգնություն է ցույց տալիս ՌԱԴՕ-ի անդամ երկրներին, դրանց մրցումներից դուրս ինքնուրույն թեստավորումներ անցկացնելու իրավունք տվեց՝ անհրաժեշտ ծախսերը վերցնելով իր վրա: Իսկ այն երկրները, որտեղ չկան որակյալ դոպինգ-սպաներ, ՌԱԴՕ-ն ուղարկելու է իր մասնագետներին:
– Կարծում եմ՝ մենք այդ իրավունքն ունեցանք:
– Այո, քանի որ համաժողովում մեր ծառայության վերջին տարիների կատարած աշխատանքը շատ բարձր գնահատվեց: Դրա ապացույցն էլ եղավ այն, որ այդ օրերին կազմակերպված ուսուցողական ծրագրի շրջանակներում, որ անցկացնում էին Մեծ Բրիտանիայի մասնագետները, բոլոր թեստերն ամենից լավ անցավ մեր դոպինգ-սպա Կարեն Ստեփանյանը եւ եկող տարի Ինսբրուկի պատանեկան օլիմպիական խաղերում աշխատելու իրավունք ստացավ:
– Անդրադառնանք ինքնուրույն թեստավորմանը: Արդեն ծրագիր ունե՞ք:
– Այո: Աշխատանքները պլանավորել ենք, կազմել ցուցակները, որոնցում ընդգրկվել են հիմնականում օլիմպիական ուղեգրերին մոտ գտնվող, աշխարհի առաջնություններին եւ վարկանիշային մրցաշարերին մասնակցող եւ միջազգային կարգի արդյունքներ ցույց տվող մարզիկները: Այս ամենը ներկայացրել ենք ՀՀԳ եւ ՌԱԴՕ եւ հոկտեմբերի 17-ից կսկսենք աշխատել: Բայց սա առանձին աշխատանք է եւ կապ չունի մեր կազմակերպության մշակած եւ իրականացվող ծրագրի հետ: Եվ մի բան էլ: Թբիլիսիում ողջունվեց այն, որ ՀՀԴԿ-ն սերտ համագործակցություն է հաստատել Հունգարիայի համանուն ծառայության հետ, որը լավագույններից է աշխարհում եւ սպասարկում է հիմնականում ծանրամարտը եւ այդ մարզաձեւի առաջնությունները:
– Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրով Երեւանում էր ճանաչված դոպինգ-սպա հունգարացի Բարբարա Կալլոն:
– Այո: Նա հսկայական փորձ ունի, մեծ հեղինակություն է վայելում աշխարհում եւ աշխատելու է Լոնդոնի օլիմպիական խաղերում: Նա դասախոսություններ կարդաց մեր մասնագետների համար՝ շեշտը դնելով Խաղերի ժամանակ հատկապես ծանրամարտում դոպինգ-ստուգումների առանձնահատկությունների վրա: Նա ներկայացրեց բոլոր նորամուծությունները, որ կազմակերպիչները մտցրել են: Մասնավորապես, տեղեկացանք, որ Լոնդոնում լինելու են մարզաձեւեր, որոնցում արյան ստուգումը պարտադիր է լինելու, թեեւ դոպինգի դեմ պայքարում երկրորդական խնդիրներ չկան: Հիմա մենք սկսում ենք աշխատել ֆեդերացիաների, հավաքականների, մարզիչների եւ մարզիկների հետ, այդ ամենը ներկայացնելու ենք նրանց, որպեսզի տեղյակ լինեն ամեն բանից եւ մարզվեն նաեւ նորամուծությունները հաշվի առնելով:
– Ի՞նչ հաճախականությամբ եք նախատեսում ձեր ծրագրային դոպինգ- ստուգումներն անցկացնել:
– Եկող տարի՝ առնվազն չորսական անգամ. Դա պարտադիր պահանջ է: Գերմանիայի մեր գործընկերների օրինակով օլիմպիական թեկնածու յուրաքանչյուր մարզիկի համար դոպինգային անձնագիր ենք կազմելու, որպեսզի նրանք, ովքեր կմեկնեն Լոնդոն, ներկայացնեն իրենց այդ անձնագիրը համապատասխան ծառայություններին: Ի դեպ, Բարբարան տեղեկացրեց, թե որքան հաճախակի դոպինգ-ստուգում անցած լինի մարզիկը՝ Լոնդոնում այնքան լավ կվերաբերվեն նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել