Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքույկ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանին

Հոկտեմբեր 14,2011 00:00

NEW 

Օրերս «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկ, որը նախատեսված է աստղագիտությամբ եւ աստղադիտարանով հետաքրքրվողների, դպրոցականների եւ ուսանողների, աստղադիտարանի այցելուների եւ այլոց համար: Գրքույկը բաղկացած է 64 էջից, կազմված է այցեքարտի սկզբունքով եւ ներկայացնում է Բյուրականի աստղադիտարանի մասին ամփոփ եւ լիարժեք տեղեկություններ: Նրանում տեղ են գտել Բյուրականի աստղադիտարանի համառոտ պատմությունը, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, աստղադիտարանում նախկինում աշխատած վաստակաշատ 11 այլ գիտնականների (Բ. Ե. Մարգարյան, Գ. Ա. Գուրզադյան, Լ. Վ. Միրզոյան, Մ. Ա. Առաքելյան եւ այլք) համառոտ կենսագրությունները, տեղեկություններ աստղադիտարանի դիտակների (2.6մ, 1մ Շմիդտ եւ այլն) եւ այլ գիտական սարքավորումների, գիտական գրադարանի եւ թիթեղադարանի, բյուրականյան շրջահայությունների (այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում ընդգրկված Մարգարյանի հանրահայտ շրջահայության), Բյուրականում անցկացված գիտական միջոցառումների, միջազգային գիտական համագործակցության մասին, բերված են աստղադիտարանի ողջ գիտական կազմի, ինչպես նաեւ արտասահման տեղափոխված նախկին աշխատակիցների տվյալները: Վերջում տրված է հայ աստղագետների կողմից եւ նրանց մասին հրատարակված կարեւորագույն գրքերի ցուցակը: Լինելով կարեւորագույն գիտական, կրթական եւ մշակութային օջախ, Բյուրականի աստղադիտարանը ներկայացված է նաեւ որպես այցելությունների կենտրոն: Վերջին անգամ Բյուրականի աստղադիտարանի մասին հայերեն գրքույկ էր հրատարակվել ավելի քան 30 տարի առաջ՝ 1978 թվականին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել