Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա իմ պուճուրն ա, ես էլ` նրա «արա»-ն»

Դեկտեմբեր 09,2011 21:29

 

«Ծանոթացանք մեր տանը»,-պատմում է Աննա: Ասում է` իր հին ծանոթներից Վիլհելմին խնդրել էր գալ ու վերանորոգել համակարգիչը: Վերջինս եկել էր մտերիմ ընկերոջ` Սամվելի հետ:  Այդ օրվանից էլ «ծնվում» է նրանց արկածներով լի կյանքը:

«Ամբողջ ընթացքում ուշադիր նայում էր ինձ, զգում էի, որ չէր ուզում գնալ, նույնիսկ երկու անգամ սուրճ ուզեց»,- ժպիտով հիշում է Աննան: Սամվելը խոստովանում է`իրեն գրավել էր նրա աշխուժությունը. «Միանգամից մտավ իմ կյանք»:

Տուն գնալուն պես գրանցվում է սոցիալական կայքերից մեկում և գտնելով Աննային, գրում. «Բարև, ո՞նց ես»: Պատասխան չստանալով` ուղարկում է երկրորդ հաղորդագրությունը. «Քեզանից նեղացել եմ, էլ չեմ գալու կոմպդ սարքեմ»: Աննան զարմանում է, ապա ստանում  հաջորդ նամակը. «Ան, Սամոն ա»: Աննան անկեղծանում է. «Չէի սպասում նման պատասխանի, այնպես էր գրել, ասես ոչ թե 2 ժամվա, այլ 2տարվա ծանոթներ լինեինք, բայց քանի որ օգնել էր ինձ, չուզեցի կոպտել»:

Նա նույնիսկ հարցնում է. «Այդ իմ համար ես չէ՞ գրանցվել»: Սամվելը ժխտում է, իսկ հիմա խոստովանում է`այո: Նրանք սկսում են շփվել: Պատահում էր, որ համակարգչային ծրագրերով և կուրսային աշխատանքներով միմյանց օգնելու համար երբեմն-երբեմն հանդիպում էին:

Բայց մի օր էլ`  սովորականից շեղվող հանդիպումներից մեկի ժամանակ,  Սամվելը պինդ բռնում է Աննայի ձեռքն ու ասում. «Ան, դու ինձ դուր ես գալիս», վերջինս պատասխանում է` գիտեմ: «Ես քեզ սիրում եմ, եթե չես հավատում , արի գնանք եկեղեցում կերդվեմ»: Աննայի համար սա իրոք անակնկալ էր. «Ասացի` քո վերաբերմունքն ու ժամանակը ցույց կտան»:

Թեև եկեղեցի չեն գնում, բայց մի քանի օր հետո Սամվելն առանց զգուշացման գնում է Աննայենց տան բակ ու երկար սպասում. «Ուժեղ կարկուտ էր, Աննան ինձ ասել էր, որ ժամը 11-ին է դասի գնալու, այնինչ 13:00-ին նոր տանից դուրս եկավ: Երկու ժամից ավել սպասել եմ »,-ծիծաղում է նա:

Այսպես հաճախակի են դառնում հանդիպումները, հեռախոսազանգերը և խենթությունները: Թվում էր`ամեն ինչ շատ լավ է, բայց շուտով Սամվելին բանակ են զորակոչում:Նրան տեսակցության գնալու ժամանակ էլ Աննան ծանոթանում է նրա ծնողների հետ: « «Շատ լավ աղջիկ ա»,-ասում էր հայրս, մայրս էլ թե`« Եթե սիրում ես, գլխիս վրա տեղ ունի» »,-պատմում է Սամվելը:

Բայց մի քանի ամիս էլ չանցած`նրանք սկսում են հախաճախակի վիճել`այն էլ մանրուքների պատճառով: Սա էլ ի վերջո հանգեցնում է նրանց բաժանմանը: Աննան որոշում է պարզաբանել եղածը, բայց` անօգուտ: Երկար ժամանակ չեն խոսում, մինչև մի օր էլ `բանակից զորացրվելուց հետո, Սամվելը գնում է այն համալսարան, որտեղ Աննան է սովորում:

«Մենք բարևեցինք ու անցանք, զգացմունքներս կրկին խառնվեցին իրար, ուզում էի պարզապես փախչել այդտեղից»,-պատմում է Աննան:

Այս դեպքից անցնում  է մոտ մեկ ամիս: Սամվելը որոշում է զանգել: Նրանք հանդիպում են, բայց ի զարմանս Սամվելի`Աննան իրեն շատ սառն է պահում: «Շատ էի կարոտել նրան ու այդպես էլ չկարողացա երկար ժամանակ ձևեր թափել, հինգ րոպե հետո հաշտվեցինք »,- պատմում է Աննան: Այդ օրվանից նրանք այլևս լրջորեն չեն վիճում:

Երեք տարի է ընկերություն են անում: Այժմ ծիծաղով են հիշում իրենց խենթ օրերը:  Նրանք երջանիկ են, ինչպես իրենք են ասում օդի պես անհրաժեշտ են իրար: «Նա իմ պուճուրն ա, ես էլ`նրա «արա»-ն»,-ծիծաղում է Սամվելը:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031