Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղնիկների» հերթական զոհը

Դեկտեմբեր 16,2011 10:49

Նախօրեին ԼՂՀ ՊԲ տխրահռչակ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեկ Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը։

«Սենց չի լինի, էս ժողովուրդը մի բան պետք ա անի։ Սենց ո՞նց կլինի»,- չզտնելով իր տեղը, քայլելով որդու հիվանդասենյակի միջանցքի մի ծայրից մյուս ծայրը՝ բացականչում էր Նարեկի հայրը՝ Անդրանիկը. «Տղուս հետ սենց բան արածին ես գտնելու եմ, ես իրան գտնելու եմ ու մկրատով երկու աչքերն եմ հանելու»։ Նարեկի հորեղբոր որդին պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 8-ին, զորամասի ճաշարանում. «Նարեկը 14 օր դիրքերում էր։ Հենց այդ օրն էր իջել դիրքերից ու առավոտյան գնացել էր ճաշարան։ Չգիտենք, թե ինչ էր եղել, բայց էդ սպան բանալիների խրձով ուժեղ հարվածել է, ու այդ հարվածից Նարեկի աչքը թափվել է»։ Ասաց, որ չգիտի հարվածողի անունը, չգիտի, թե ինչու է հարվածել։ Զինծառայողի հարազատները պատմեցին, որ դեպքի մասին իմացել են, երբ իրենց զանգահարել են Էջմիածնի զինկոմիսարիատից եւ հայտնել, որ Նարեկը զորամասից շտապ տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել զինծառայողի հետ, երեկ զանգահարեցինք ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանին։ Լսելով, որ մեր հարցերը վերաբերում են Նարեկ Ավետիսյանի հետ տեղի ունեցածին, նա անջատեց հեռախոսը, ինչից հետո մեր հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց։ Իսկ ահա ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից Մերի Սարգսյանը երեկ ասաց ընդամենը, որ միջադեպ իսկապես տեղի է ունեցել, սակայն քրեական գործ չի հարուցվել, դեպքի հետ կապված ռազմակաս ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում։ Այլ մանրամասներ Մերի Սարգսյանը չհայտնեց։

Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ զինծառայողի աչքին հարվածողը «Եղնիկներ» զորամասի զինծառայող, ենթասպա Արմեն Թովմասյանն է:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031