Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի Սալմանը հայաստանցի է ուզում դառնալ

Դեկտեմբեր 17,2011 13:32

Որպեսզի կարողանա ինքնահաստատվել երաժշտության բնագավառում

Իրանցի երաժիշտ, հոբոյահար Սալման Սաֆարյանը Հայաստանում գտել է ստեղծագործական աշխատանքի այն բարենպաստ պայմանները, որոնք խոստանում են նրա առջեւ բացել մեծ ճանապարհ: Սակայն այդ ամենի խոչընդոտը երկքաղաքացիության բացակայությունն է: Ցանկալի է, որ այս հարցը լուծվի արագ, համապատասխան գերատեսչությունները նպաստեն այն բանին, որ, «Առավոտի» հետ զրուցած մասնագետների խոսքով, տաղանդավոր երիտասարդը կարողանա շուտ ինքնահաստատվել:

Մեզ հետ զրույցում Սալմանն ասաց, որ լսելով Սաֆարյան ազգանունը, իրեն հաճախ հայ են համարում, մինչդեռ սաֆար պարսկերեն նշանակում է դարբին եւ շուրջ մեկ դար առաջ Իրանում հեղափոխության գլուխ կանգնած դարբնին ու նրա համախոհներին ընդհանրացնելով՝ անվանել են Սաֆարյաններ:

Սալմանը ներկայացնելով Իրանի կրթական համակարգը, պատմեց, որ իրենց մոտ տարրական դպրոցը 5 տարով է, 3 տարի՝ միջնակարգ կրթությունը, 3 տարի՝ ուսումնարանը եւ հետո միայն, ով ցանկություն ունի բարձրագույն կրթության, անպայման պետք է մեկ տարի սովորի, ասենք, համալսարանի նախապատրաստական բաժնում: «Կրթական բոլոր փուլերն անցել եմ, մասնագիտացել եմ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում, սակայն երաժշտությունը, իմ դեպքում, «հաղթեց» բնական գիտություններին»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ 2005թ. ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին, ավարտել բուհը, ինչպես նաեւ մագիստրատուրան՝ պրոֆեսոր Հովհաննես Պապիկյանի դասարանը: Հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հատկապես հոբոյը, երաժիշտն ասաց, որ իրեն գրավել է այս գործիքի տեմբրը, միաժամանակ մասնագիտացել է անգլիական եղջերափողի վրա: Ի դեպ, Սալմանը Հայաստանում անգլիական եղջերափողի եզակի մասնագետներից է: Թե ուսման համար ինչո՞ւ չընտրեց Թեհրանի արվեստի համալսարանը, որն ունի նաեւ երաժշտության բաժին կամ տեղի սեփական կոնսերվատորիան, երաժշտի պատասխանը հակիրճ էր. «Արվեստի համալսարանի երաժշտության բաժնում խորացված չէ ուսուցումը, իսկ այնտեղի կոնսերվատորիան ավելի շուտ քոլեջի մակարդակ ունի»:

19 տարեկանից Երեւանում բնակվող եւ հայերեն ինքնուրույն գրել-կարդալ սովորած երիտասարդին այս ամռանը Երեւանում Traveling notes միջազգային փառատոնի շրջանակներում կայացած համերգներին նվագախմբի կազմում նկատել են նաեւ մեր երկիր այցելած անվանի դիրիժորներ Ալեքս Քլայնը (Բրազիլիա), Խորխե Ագուերը եւ Ալեքսանդր Խաինդրավան (Վրաստան): Այս առիթով Սալմանը նեղսրտեց, որ ինքը 2012թ. հունվարին մի քանի հայ երաժիշտների հետ չի կարող մեկնել Բրազիլիա վարպետության դասընթացների եւ կամերային համերգների, քանի որ դեռեւս ՀՀ քաղաքացի չէ, իսկ Իրանում ուշացրել է փաստաթղթային ձեւակերպումները: Նշենք, որ երաժիշտը ժամանակ առ ժամանակ իբրեւ նվագախմբի արտիստ հրավիրվել է Հայաստանի պետական երիտասարդական, Մենակատարների եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբեր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031