Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2011 13:58

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներկուերորդ

ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Երբ Սեյրանն ինձ շատ ջերմ ընդունելով՝ էդ խափանված առքուվաճառքից որեւէ դրվագ չհիշեց ու չհիշեցրեց, ես ոգեւորված առաջարկեցի գարեջուր խմել, եւ, հուրախություն ինձ, Սեյրանը սիրով համաձայնվեց, եւ ես ոգեւորված  դուրս թռա արվեստանոցից եւ շուտով վերադարձա գարեջրերով ու ապխտած ոսկե ձկնիկներով, եւ դրանք իննսունականների սկզբների էժանագին ու հիասքանչ սիգերն էին, որոնք Արցախյան պատերազմի դժվարին տարիներին նյութական ծանրագույն կացության առաջ հայտնված մեր ժողովրդի համար, փաստորեն, իսկական փրկություն հանդիսացան, եւ դա մարդկության երկարատեւ պատմության ընթացքում երկրորդ ամենաերեւելի ու ամենաէական ձկան բազմացումն էր, եւ մինչ Սեյրանը հացն ու պանիրը կկտրատեր, եւ մինչ էդ ոսկե ձկնիկները կմաքրեի, Սեյրանին հյուր եկավ ազգային ու ազատագրական երգերի անզուգական կատարող Սերգեյը, որն ազգային զարթոնքի էդ տարիներին Սահակ էր վերանվանվել, ու էդ օրը, հիշում եմ, մենք  երեքով մինչեւ կեսգիշեր կերանք ու խմեցինք, որովհետեւ երբ գարեջրերն ու ձկները կլանեցինք պրծանք, Սահակ վերանվանյալ Սերգեյը գնաց ու էլի ահագին գարեջուր ու ապխտած սիգ բերեց, ինչպես նաեւ՝ ահագին պոմիդոր ու ձու, եւ էդ օրը Սեյրանն ու ես հաճելիորեն տեղեկացանք, որ Սահակ վերանվանյալ Սերգեյը ոչ միայն ազգային ու ազատագրական երգերի վարպետ է, այլեւ հմուտ խոհարար՝ հատկապես պոմիդորով ձվածեղի գծով, եւ մինչեւ ուշ գիշեր կերանք ու խմեցինք, եւ մինչեւ ուշ գիշեր Սեյրանն ու ես հնարավորինս ձայնակցեցինք Սահակ վերանվանյալ Սերգեյին,  որն էդ օրը ոչ թե մեր իմացած ազատագրական երգերն էր երգում, այլ Չալդրի բարբառով Պատկանյանի գրած եւ անձամբ Սեյրանի հայտնաբերած լիքը երգեր, եւ դրանք մեկը մեկից անուշ ու համահունչ էին էդ օրվա գարեջրին, սիգերին ու պոմիդորով ձվածեղին:

Սեյրանը հիշաչար մարդ չէր, եւ Տիրան սփյուռքահայի հետ կապված միջադեպին երբեւէ չվերադարձավ ու չանդրադարձավ, որովհետեւ, ըստ ամենայնի, հասկացել էր, որ դույն սփյուռքահայի հակադաշնակցական ռեակցիան որքան իր համար էր անակնկալ ու անսպասելի, նույնքան էլ՝ ինձ համար, եւ ընդհանրապես Սեյրանը հիշաչար ու քեն պահող չէր, ավելին՝ չափազանց բարի էր ու Աստվածավախ եւ իրեն համարում էր Հայ առաքելական եկեղեցու հավատավոր ու օրինավոր ներկայացուցիչ, եւ չնայած աղանդավորներին աջուձախ բանավոր հալածում ու դատափետում էր, իրականության մեջ սրանց էլ որոշակի վատություն չէր անում, այլ միայն դաստիարակչական ու դավանաբանական դասախոսություններ էր գլխներին  կարդում՝ հորդորելով, համոզելով ու պարտադրելով, որ վերստին իրենց հոտ վերադառնան:

Այդուհանդերձ, Սեյրանը Հայ առաքելական եկեղեցին էլ էր դաշնակցության հետ համադրության մեջ պատկերացնում ու ներկայացնում, եւ մեր երկու կաթողիկոսներից նախապատվությունը ներքուստ Կիլիկիո կաթողիկոսին էր տալիս, եւ մեր երկու ուղղագրություններից էլ նախապատվությունը մեսրոպեանին էր տալիս, եւ դա  նույնիսկ  նրա  վերացական գեղանկարներից էր հասկացվում, եւ եթե սովետական շրջանում իր գեղանկարների  տակ Սեյրան Խաթլամաջյան էր  ստորագրում, հետսովետական  իր գեղանկարների տակ բացառապես Սէյրան Խաթլամաճեան էր ստորագրում:

Երեւի չկարողացա Խաթլամաջյան Սեյրանի կերպարն ու էությունն այնպես ներկայացնել, որ իրեն չճանաչողներն էլ ճանաչողներիս պես հասկանային ու իմանային, որ Խաթլամաջյան Սեյրանը, ի տարբերություն իրեն ճանաչողների ու չճանաչողների, սովորական մարդ ու սովորական մահկանացու չէր:

Հազար ինը հարյուր իննսունչորսի իրիկուններից մի անհեթեթ իրիկուն, երբ Կրիվոյի մեր տուն մտա,  մայրս ասաց, որ ընկերոջս աղջիկը զանգահարել ու ասել է, որ ընկերս՝ Սեյրանը մահացել է, եւ երբ մայրս էդ ասաց, ես սկսեցի մտածել եւ աշխարհի բոլոր Սեյրաններին հիշեցի՝ Խաթլամաջյան Սեյրանից բացի, եւ մինչ մտածմունքների մեջ էի, աղջիկը նորից զանգահարեց, չափազանց քաղաքավարի բարեւեց՝ ինձ պարոն Շեկոյան անվանելով, եւ աղջիկն ընդգծված գրականով տեղեկացրեց, որ ինքը Սեյրանի աղջիկն է, եւ հոգոց հանելով ավելացրեց, որ հայրիկը մահացել է, եւ հոգեհանգիստն էլ հաջորդ օրն արվեստանոցում է տեղի ունենալու, եւ չնայած աղջիկն ընդգծված գրական ու գեղեցիկ հայերենով էր խոսում, ես զարմանալիորեն չճանաչեցի, որ Սեյրանի կրտսեր դուստրն է՝ Վարսենիկը, եւ չնայած Վարսենիկը չափազանց գեղեցիկ հայերենով ինձ իրազեկեց, որ հոգեհանգիստն արվեստանոցում է տեղի ունենալու, միտքս էլի  Խաթլամաջյան Սեյրանի կողմ չթեքվեց, եւ ամբողջ գիշեր չքնելով ու մտածելով՝ ոչ մի կերպ չէի կռահում, որ մահացածը Խաթլամաջյան Սեյրանն է, եւ չնայած էդ պահի դրությամբ Սեյրան անունով ուրիշ ընկեր չունեի, ամբողջ գիշեր Խաթլամաջյան Սեյրանը մտքիս մոտ չեկավ, եւ, չգիտես ինչու, հիշեցի նույնիսկ Մանկավարժականի մեր բանասիրականի վաղամեռիկ Սեյրանին, որը կիթառով Վիսոցկու ու Օկուջավայի երգերն էր չտեսնված կատարում եւ տասնհինգ տարի առաջ էր հրաժեշտ տվել իր կիթառին ու երկրային ամեն ինչին, եւ նույնիսկ «Ապագա բժիշկ» թերթի լուսանկարիչ Մալունցյան Սեյրանին հիշեցի, բայց էս Մալունցյանը ոչ միայն արվեստանոց չուներ, այլեւ Շարժման տարիներին ընտանյոք քոչել էր Լոս, եւ միակ հանգամանքը՝ որ համընկնում էր, դստեր հանգամանքն էր, որովհետեւ «Ապագա բժիշկ» թերթի լուսանկարիչ Մալունցյան Սեյրանը մեկի տեղակ երեք աղջիկ ուներ, եւ հենց աղջիկներն ու կինն էին պատճառ հանդիսացել, որ ղափանցի էդ չարքաշ լուսանկարիչն օրերից մի օր ներկայանար Լոս, եւ, էս Սեյրանից էլ բացի, հիշեցի նաեւ Նալբանդյանի դպրոցի իմ համադասարանցի Պողոսով Սեյրանին, որն իններորդ դասարանում էր Թիֆլիսից տեղափոխվել Երեւան ու Նալբանդյանի դպրոց, եւ չնայած Սեյրանին վաղուց չէի տեսել, տեղյակ էի ու գիտեի, որ Նալբանդյան դպրոցի իմ համադասարանցի Պողոսով Սեյրանը ոչ միայն աղջիկ չունի, այլեւ՝ արվեստանոց:

Ուրիշ Սեյրան չկար, մանավանդ՝ արվեստանոց ու աղջիկ ունեցող, եւ ամբողջ գիշեր  տեղաշորիս ու անորոշության մեջ շուռումուռ գալով՝ մտածեցի, բայց մահն ու ես ոչ մի վայրկյան Խաթլամաջյան Սեյրանին չմոտեցանք, եւ լուսադեմին աչքերս իրենք իրենց փակվեցին, եւ երբ արթնացա՝ արդեն տասներկուսն ահագին անց էր, եւ սուրճս խմելով՝ տանից դուրս եկա, եւ հետիոտնի իմ ամենօրյա ընթացքն անշտապ ու մանրամասն հաղթահարելով՝ երկուսի կողմերը հասա թանգարան եւ, սովորությանս համաձայն, այժմյան Բրյուսովի ինստիտուտի մոտերքում քայլերս դանդաղեցրի, որպեսզի Սեյրանի հանկարծակի հայտնվելու դեպքում  խուսափելու եւ թաքնվելու տարբերակ ունենամ, եւ երբ այժմյան Բրյուսովի ինստիտուտի մոտից ողջ երկայնքով  զննեցի Սարյանի փողոցն ու Սարյանի փողոցի ֆոնին Խաթլամաջյան Սեյրանին չհայտնաբերեցի, հանկարծ միտքս հստակվեց, եւ հանկարծակի հստակված մտքովս մտածեցի ու հասկացա, որ մահացածը հենց Խաթլամաջյան Սեյրանն է, ու էդ ահավորը վայրկյանի  մեջ արագորեն ու հստակորեն հասկանալով՝ բնականաբար թանգարան չմտա եւ արագ-արագ ու շնչակտուր Սարյանով հասա Սեյրանի արվեստանոց եւ հենց շեմքին շիվարած ու կարկամած Վարսենիկին տեսա ու ցավակցեցի, այնուհետեւ Սեյրանի կնոջը՝ Շուշանիկին ցավակցեցի, եւ դաշնակցականներն ու նկարիչներն էլ էին այնտեղ, եւ դաշնակցության դրոշն էլ էր այնտեղ՝ Սեյրանի երկայնքով փռված:

Ես իմ վաղ երիտասարդության շրջանին հերթական անգամ վերադառնալով ու անդրադառնալով՝ հասել էի «Ծիծեռնակ» եւ մանրամասնորեն  անդրադարձա «Ծիծեռնակի» խմբագրատանը տեղի ունեցած Սարոյանի ու երեխաների հանդիպմանը, բայց հերթական անգամ բուն նյութիցս ու ժամանակիցս շեղվելով՝ հասա Շարժման ու պատերազմի ժամանակները, եւ իմ էս հերթական շեղումն ու թռիչքը  որոշակիորեն արդարացված ու հանդուրժելի են, որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանին ու Սեյրան Խաթլամաջյանին էս անդրադարձներս Սարոյանի հենց էդ հանդիպումից էին բխում, եւ հենց էդ հանդիպման ժամանակ Սարոյանը Սեյրանի էդ շենշող ու վերացական կտավը հանձնեց Հրանտ Մաթեւոսյանին՝ ի պահ, եւ սրանից ավելի հարմար առիթ դժվար թե գտնեի՝ էդ կտավին ու Սեյրանի ճակատագրին անդրադառնալու, եւ, դրանից էլ բացի, կյանքն ու մանավանդ էս վեպիս ընթացքը ցույց են տալիս, որ մարդուն ճանաչելու ու հասկանալու համար նրան պիտի տարբեր ժամանակների մեջ նայես ու տեսնես, եւ ես Խաթլամաջյան Սեյրանին տարբեր ժամանակների մեջ նայելով ու տեսնելով՝ կարող եմ ասել, որ Խաթլամաջյան Սեյրանը տարբեր ժամանակների մեջ նույն Սեյրանն էր. ավելին. Սեյրանը միանգամայն տարբեր ժամանակաշրջաններում ու միանգամայն տարբեր ռեժիմների մեջ էլ էր նույնը, եւ նույնը Հրանտի մասին կարող եմ ասել, եւ նույնը Հրանտի ու Սեյրանի մասին ասելով՝ ինձ նաեւ իրավունք եմ վերապահում ասել, որ մարդ արարածն անհամեմատ կայուն երեւույթ է, քան՝ ժամանակը, չնայած, իհարկե, էս ասածս բոլորին չի վերաբերում, այլ հիմնականում՝ մեծատառով մարդկանց, եւ չնայած Հրանտի ու Սեյրանի շնորհիվ էս եզրակացությանը հանգեցի, էսքան շուրջս նայելուց ու զննելուց հետո պարտավոր եմ ասել, որ մեր շարքերում ու մեր կողքին ուրիշներ էլ կան, որ ավելի կայուն գտնվեցին, քան՝ իրենց ու բոլորիս շուրջկալած ժամանակը, եւ համեստությունիցս ժամանակավորապես հրաժարվելով՝ պիտի անհամեստորեն ասեմ ու խոստովանեմ, որ ինձ էլ եմ ժամանակից ավելի կայուն մարդկանց շարքում դասում՝ թեկուզեւ բջջային հեռախոսի առումով, ավելի ճիշտ՝ բջջային հեռախոս չպահելու եւ սկզբունքորեն էդ  հաճույքից հրաժարվելու առումով, եւ հիմա որ մտքով հետ եմ գնում, սկսում եմ հիշել, որ Հրանտն ու Սեյրանն էլ բջջային չէին պահում, եւ եթե Սեյրանի կյանքի օրոք բացառիկ մարդիկ բջջային հեռախոս ունեին, Հրանտի կյանքի օրոք արդեն շատերն ունեին, իսկ ինչ վերաբերում է անձամբ Խաթլամաջյան Սեյրանին, վստահաբար կարող եմ ասել, որ եթե մեր բախտից ինքն ապրեր ու մեր էս օրերին հասներ, դժվար թե բջջային հեռախոս պահեր ու ունենար՝ ինչպես որ Վարդանյան Վարուժը չէր պահում ու չուներ. համենայն դեպս, իր կյանքի նախավերջին տարում  հաստատ չէր պահում ու չուներ, եւ եթե վերջին տարում ժամանակակից կյանքի պահանջներին ու հարվածներին չդիմանալով՝ այնուամենայնիվ, պահել ու ունեցել է, նոր ժամանակներում ինքն իր գլխավոր սկզբունքին չդավաճանելով՝ երբեւէ ինքնաթիռ չնստեց ու երբեւէ չբացակայեց Հայաստանից, եւ շատ հնարավոր է՝ սխալ եմ անում, որ սկզբունքորեն բջջային հեռախոս չպահելն ու սկզբունքորեն ինքնաթիռ չնստելը սկզբունքայնություն եմ համարում, մանավանդ որ՝ ուրիշները բջջային չունենալն ավելի շուտ տարօրինակություն են համարում, եւ լավագույն դեպքերում՝ չունեւորության նշան, եւ հատկապես  ի՛մ բջջային չունենալն են չունեւորության նշան համարում՝ առանց հասկանալու, որ եթե էդաստիճան չունեւոր լինեի, կինս ու երեխեքս էլ բջջային հեռախոսներ չէին ունենա, եւ ընդհանրապես՝ ամեն ինչ չի, որ ունեւորությամբ կամ չունեւորությամբ է որոշվում, եւ չնայած տարիքիս ու  հանգամանքների բերումով ավելի ու ավելի եմ հաշտվում ու համաձայնվում կեցությունն է որոշում գիտակցությունը մտասեւեռման հետ, միաժամանակ ու հընթացս նաեւ տեսնում ու հասկանում եմ, որ, այնուամենայնիվ, կյանքում բաներ կան, որոնք անկախ  մեր կեցությունից են կատարվում ու տեղի ունենում, եւ եթե մեր կյանքում որոշներն իսկապես նյութականի սղության պատճառով են բջջայինից հրաժարվել, որոշներս էլ միանգամայն անհասկանալի ու անբացատրելի պատճառներով ենք հրաժարվել էդ, ուրեմն, ժամանակակից հրաշքից, եւ, նշածս վարպետներից բացի, վարպետ Հակոբ Հակոբյանն էլ բջջային չի պահում, ավելի ճիշտ՝ մինչեւ վերջերս չէր պահում, եւ, կարծում եմ, էս պահի դրությամբ էլ չունի, եւ ինչքան էլ էս փաստը բջջային ունեցողների համար անհասկանալի լինի, եւ ինչքան էլ էս փաստը չունեւորության պատճառով բջջային չունեցողների համար անհասկանալի լինի, փաստ է, որ էսօրվա օրով էլ բջջային չպահող կամավորականներս կանք ու շարունակելու ենք լինել, եւ չնայած բջջայինից հրաժարվելու մեր համառ հակումներն անձամբ մեզ համար էլ են միանգամայն անհասկանալի ու անբացատրելի, մենք բջջային չունենալու համար ոչ ամաչում ենք եւ ոչ էլ հպարտանում, չնայած, շատ հնարավոր է, գրագետներից ու գրականագետներից ոմանք կարծեն թե՝ նվաստս իսկապես հպարտանում է բջջային չունենալու հանգամանքով, եւ շատ էլ ճիշտ կանեն՝ եթե էդպես կարծեն, որովհետեւ ես էս վեպիս շրջանակներում բջջային հեռախոսի թեմային չափից ավելի մեծ տեղ հատկացրի,  բայց միգուցե իմ էսքան երկարբարակ, պարբերական ու շարունակական անդրադարձներս  էլ են միանգամայն բնական ու ներելի, որովհետեւ ոչ ոք չի կարող ժխտել, որ մեր կյանքի վերջին շրջանի ամենատարածված եւ միգուցե ամենաանհրաժեշտ առարկան բջջային հեռախոսն է, եւ, չնայած բջջային հեռախոսի հույժ անհրաժեշտությանը, մեզանից ոմանք, այնուամենայնիվ, իրենց մեջ ուժ են գտել՝ հրաժարվելու էդ անխուսափելի անհրաժեշտությունից, եւ եթե մի քիչ ավելի անկեղծանամ, անձնական օրինակովս կարող եմ ասել նաեւ, որ  բջջային հեռախոսից հրաժարվելու համար առանձնապես ուժ ու ջանք հարկավոր էլ չի. ընդհակառակը. եթե դու էն մարդկանցից ես, որոնք դժվարությամբ են փոխվում ժամանակների եւ այլ արտաքին հանգամանքների ճնշման տակ, պիտի  շատ ուժ ու ջանք գործադրես, որպեսզի ենթարկվես նոր ժամանակների պարտադրած նոր երեւույթներին ու հանգամանքներին, եւ շատ դեպքերում էս մարդկանց էդ ուժն ու ջանքը չեն բավականացնում, որպեսզի սրանք էլ մյուսների պես  շռայլորեն օգտվեն նոր ժամանակների հրամցրած բարիքներից ու հանգամանքներից, եւ եթե պայմանականորեն ընդունենք, որ բջջային հեռախոսը նոր ժամանակների բարիքներից է, պիտի արձանագրենք նաեւ, որ, այնուամենայնիվ, մեզանից ոմանք միանգամայն կամավոր կերպով հրաժարվել ու համառորեն շարունակում են հրաժարվել նոր ժամանակների բերած կոնկրետ էդ բարիքից, ու էդ հրաժարվողներից մեկն էլ ձեր խոնարհ ծառան է, եւ դուք արդեն վկա եք՝ ինչքան ջանք ներդրեցի, որպեսզի Տերյանի դպրոցի իմ համադասարանցի ու ներկայումս Վոլգոգրադաբնակ Գագոյից չստանամ էդ բջջային կոչվող բարիքը, չնայած արդեն նաեւ գիտեմ, որ եթե նույնիսկ հակառակ ուղղությամբ էդքան ջանք ու եռանդ գործադրեմ, միեւնույն է, Տերյանի դպրոցի իմ համադասարանցի ու ներկայումս Վոլգոգրադաբնակ մեծահարուստ Գագոն իր խոստացած ու իր պարտադրած բջջայինն ինձ երբեւէ չի ուղարկելու, եւ դրանում  երկրորդ կարծիք չի կարող լինել, որովհետեւ եթե իմ նախկին համադասարանցի ու ներկայիս մեծահարուստ Գագոն իր իսկ խոստացած ու իր իսկ պարտադրած էդ բջջայինն ուղարկելու լիներ, վաղուց արդեն ուղարկած կլիներ, եւ, դրանից էլ բացի, ես արդեն իմ ու Գագոյի համադասարանցի Գեւորից տեղեկացված եմ, որ Մոսկվայի Գորկու ինստիտուտի իմ համակուրսեցի Բրիկսինա  Տանյայի եւ Գագոյի վոլգոգրադցի մեծահարուստ ընկեր Պավլիկի ամուսնական կյանքը տարիուկես շարունակվելով՝ հանկարծակի ու դժբախտաբար ընդհատվել է. ավելի պարզ ասած՝ իմ մոսկովյան դասընկերուհի Տանյան եւ Գագոյի մեծահարուստ ընկեր Պավլիկն էս պահի դրությամբ իրարից բաժանված են, եւ չնայած տեղյակ չեմ՝ էդ բաժանությունը երկուսից որ մեկի կամքով է տեղի ունեցել, հաստատ կարող եմ ասել, որ բջջային հեռախոս ունենալուս անհրաժեշտությունն իմ համադասարանցի Գագոն արդեն չի զգում, որովհետեւ, եթե հիշում եք, ինքը բջջային չունենալուս պատճառով իր մեծահարուստ ընկեր Պավլիկի ամառանոցում չափազանց անհարմար վիճակի մեջ էր հայտնվել, եւ էս պահին արդեն իրենց Պավլիկն ու իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան ամուսնալուծված են, եւ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոն բջջային  հեռախոս չունենալուս պատճառով այլեւս դժվար թե անհանգստանա, իսկ դա նշանակում է, որ ես էլ արդեն էդ իմաստով կարող եմ հանգիստ լինել, եւ հիմա էդ իմաստով հանգստանալով՝ արդեն սկսում եմ մտածել մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյայի դառն ու դժվարին կյանքի ու ճակատագրի մասին, եւ, եթե չեք մոռացել, ես ձեզ արդեն իրազեկել եմ, որ մոսկովյան իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան փոքր հասակում հարազատ մորից զրկվելով՝ հետագայում խորթ մորից բազում հալածանքների ու կտտանքների էր ենթարկվել,  ու ես էդ բաները ոչ թե Տանյայի  պատմելով գիտեմ, այլ՝ Տանյայի բանաստեղծություններից, որոնց միջով կարմիր թելի պես ծայրեծայր անցնում էր որբության ու խորթ մոր թեման, եւ ես իր ոտանավորների առաջին ու միակ գրքույկն ընթերցելով՝ խորապես խղճում էի որբուկ Տանիչկային, եւ շատ ուրախացա, երբ Տերյանի դպրոցի իմ հարստացած համադասարանցի Գագոյից տեղեկացա, որ մոսկովյան իմ ընկերուհի Բրիկսինա Տանյան վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկի կինն է դառել, եւ չափազանց տխրեցի, երբ հետագայում Տերյանի դպրոցի իմ մյուս համադասարանցի Գեւորից տեղեկացա, որ մոսկովյան իմ դասընկերուհի Բրիկսինա Տանյան եւ Գագոյի մեծահարուստ ընկեր Պավլիկն այլեւս ամուսիններ չեն, եւ չնայած մի պահ նույնիսկ ուրախացա՝ հասկանալով, որ այլեւս  ազատված եմ Գագոյի բջջային պարտադրանքից, այնուամենայնիվ, Գեւորի էդ տեղեկատվությունից առաջացած տխրությունս անհամեմատ մեծ էր, քան՝ ուրախությունս, որովհետեւ ինձ համար որբուկ Տանիչկայի ճակատագիրն ու բախտն անհամեմատ էական ու կարեւոր են, քան՝ բջջային հեռախոս ունենալուս ու չունենալուս հարցը, մանավանդ որ՝ գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ բջջային հեռախոսից էս շարունակական խուսափումներս գնալով ավելի ու ավելի ձեւական բնույթ են կրում, որովհետեւ ինչքան էլ բջջային հեռախոսից խուսափում եմ, օրվա մեջ առնվազն մի անգամ հաղորդակցվում եմ էդ, ուրեմն, ժամանակակից անհրաժեշտությանը, ու էդ հաղորդակցությունն էլ ինձ վրա անհամեմատ թանկ է նստում, որովհետեւ էս ընթացքում նաեւ հասկացել եմ, որ սովորական տնական հեռախոսով բջջայինների հետ կապվելն անհամեմատ թանկ է, բայց էս ասածս դեռեւս չի նշանակում թե՝ ես երբեւէ  անձնատուր կլինեմ ու մյուսների պես կսկսեմ բջջային հեռախոս կրել. դա բացառվում է կամ գրեթե բացառվում է, որովհետեւ եթե այլոց համար բջջային հեռախոս կրելն է սովորույթ ու սովորություն դառել, ինձ համար էդ հաճույքից հեռու մնալն է սովորույթ ու սովորություն. ավելին. ես նույնիսկ սովորական տնական  հեռախոսներից եմ հնարավորինս խուսափել ու խուսափում, եւ չնայած բնավորությամբ մարդամոտ  ու շփվող եմ, կենդանի շփումներն ու  հաղորդակցումները միշտ էլ գերադասել եմ հեռախոսայիններից, բայց էս ասածս ամենեւին էլ օրինաչափություն չի եւ չի նշանակում թե՝ բջջային հեռախոսից խուսափողները սովորական տնական հեռախոսից էլ են խուսափում. օրինակ, լուսահոգի Վարդանյան Վարուժը շատ էր սիրում սովորական հեռախոսով խոսել եւ չափից ավելի էր  խոսում իր արվեստանոցի հեռախոսով, բայց նույն Վարուժը համարյա իմ չափ չսիրեց ու չընդունեց բջջային հեռախոսն ու հնարավորինս խուսափեց բջջային կապերից, եւ չնայած Բրիկսինա Տանյայի բջջային ունենալն ու կրելն էլ եմ դժվարանում պատկերացնել, փաստը մնում է փաստ, որ Վոլգոգրադի իրենց ամառանոցում Բրիկսինա Տանյան ուղղակի ապշել է, որ ինձ իր ընկերը համարող Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոն բջջայինիս համարը չունի, եւ որբուկ Տանյայի մտքով անգամ չի անցել, որ Մոսկվայի Գորկու ինստիտուտի իր համակուրսեցի Շեկոյան Արմենը քսանմեկերորդ դարում բջջային հեռախոս չունի, եւ նմանապես Գագոյի մտքով բջջային չունենալս չի անցել, մինչդեռ Տանյայինի ու Գագոյինի համեմատ իմ երեւակայությունն էնքան մեծ է, որ ես ոչ միայն որբուկ Տանյայի բջջային հեռախոս ունենալն եմ պատկերացնում, այլեւ պատկերացնում եմ, որ վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկն իմ համակուրսեցի  Բրիկսինա Տանյայի հետ ամուսնանալով՝ ընդամենը  տարիուկես անց ոչ թե ինքն է որբուկ Տանյայից բաժանվել, այլ, ընդհակառակը, հենց որբուկ Տանյան է բաժանվել վոլգոգրադցի մեծահարուստ Պավլիկից, որովհետեւ իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան էն կանանցից չի, որոնք հարուստ ու տաքուկ տեղ ընկնելով՝ պատրաստ են կրել ցանկացած վիրավորանք ու ստորացում. ընդհակառակը. Մոսկվայի Գորկու ինստիտուտի իմ համակուրսեցի Բրիկսինա Տանյան տաղանդավոր բանաստեղծուհի լինելով՝ միաժամանակ նաեւ էն բացառիկ կանանցից է, որոնք թքած ունեն փողի ու բարեկեցության վրա եւ, հանուն իրենց պատվի ու արժանապատվության, պատրաստ են հրաժարվել աշխարհիկ տարատեսակ բարիքներից, եւ շատ հնարավոր է՝ ժամանակակից ու վայրագ ռուսական կապիտալիզմն էլ ի վիճակի եղած չլինի փոխել իմ իմացած ու իմ ճանաչած Տանյային:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել