Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ ղեկավարի» բարդույթը

Դեկտեմբեր 27,2011 12:44

Քաղաքացիները փողոցներում հաճախ են ինձ հարցեր տալիս: Բացի «Էս ժողովրդի վերջն ի՞նչ է լինելու» իմաստազուրկ հարց-բողոքից՝ մարդիկ հետաքրքրվում են նաեւ կոնկրետ թեմաներով, օրինակ. «Ինչու են մարդիկ Մոսկվայում փողոց դուրս եկել: Ի՞նչ է՝ Պուտինը լավ ղեկավա՞ր չի: Այդ ցույցերը աջ ուժե՞րն են կազմակերպում»: Ոտքի վրա այդ հարցերին պատասխանել, իհարկե, դժվար է: Նախեւառաջ, ես չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում «լավ ղեկավար»: Մինչեւ հիմա նախկին խորհրդային տարածքում կան միլիոնավոր մարդիկ, որոնք պնդում են, թե Ստալինը «լավ ղեկավար» էր՝ խիստ էր, նրա ժամանակ կարգուկանոն կար, մի հատ մեխ գողանալու համար գնդակահարում էին, գործարաններ էին կառուցվում, պատերազմ են հաղթել: Բայց եթե հաշվեկշռի բերենք նրա արածը, ապա, իմ կարծիքով, վատն ավելի շատ կլինի, քան լավը: Բայց բոլոր դեպքերում՝ ես կզգուշանայի այս կամ այն գործչին կամ ղեկավարին միանշանակ կպցնել «պլյուս» կամ «մինուս» պիտակը: Պուտինն այս առումով բացառություն չէ. 2000-ական թվականներին որոշակի կայունություն մտցրեց երկրի ներքին կյանքում, 90-ականների ավազակության եւ «բեսպրեդելի» բացահայտ դրսեւորումները դարձան ավելի թաքնված եւ համակարգված, Պուտինի օրոք ավարտվեց պատերազմը Չեչնիայում, բարձրացավ բնակչության կենսամակարդակը: Մյուս կողմից՝ էապես սահմանափակվեց խոսքի ազատությունը, բյուրեղացավ օլիգարխիկ-մենաշնորհային տնտեսությունը, վերացավ ընդդիմությունը: Ռուսաստանը թեւակոխեց խորը լճացման ժամանակաշրջան, որն, անշուշտ, ազդում է եւ գնալով ավելի շատ կազդի այդ երկրի տնտեսական իրավիճակի վրա: Այսինքն՝ այս պահին, իմ տպավորությամբ, Պուտինի «հաշվեկշիռը» դրական է, բայց նրա իշխանության հետագա 12 տարիների ընթացքում այն կարող է վերափոխվել բացասականի: Պուտինի, ինչպես նաեւ խորհրդային ու անկախ Հայաստանի բոլոր ղեկավարների մասին կարելի է բազմաթիվ դրական ու բացասական բաներ ասել, եւ եթե որեւէ մեկի մասին հարցնեն՝ նա լավ ղեկավար էր, թե վատ, ես այդ հարցի պատասխանը չունեմ:

Մարդիկ փողոց են դուրս եկել ոչ թե այն պատճառով, որ Պուտինը լավ կամ վատ ղեկավար է, այլ՝ որովհետեւ տեսել են, որ Դումայի ընտրությունները կեղծվել են աննախադեպ մասշտաբներով, եւ հասկանում են, որ Պուտինի՝ երկրորդ Բրեժնեւ դառնալու հեռանկարը այդ երկիրը կբերի պայթյունի: Ինչպես վերջերս ասել է հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը՝ Բրեժնեւը երկիրը ղեկավարել է 18 տարի եւ այդ ժամկետի երկրորդ կեսից սկսել է կրծքին կպցնել տարբեր տեսակի շքանշաններ՝ դառնալով զանազան անեկդոտների հերոս: Պուտինը ղեկին է կանգնած 12 տարի եւ պատրաստվում է եւս 12 տարի շարունակել, եւ այդ ցանկությունը որեւէ լուրջ փաստարկով չի հիմնավորում: Ելցինից հետո պարզ էր, թե որն է նրա առաքելությունը, իսկ հիմա՝ ոչ:

Մոտավորապես այս մտքերն եմ ես կիսել ինձ հետ զրույցի բռնված քաղաքացու հետ: Նրա վերջին հարցը հետեւյալն էր՝ բա ով, եթե ոչ՝ Պուտինը: Բայց մի՞թե այդ հսկայական երկիրը չի կարող մեկ ուրիշ ղեկավար գտնել: Նույնիսկ մեզ նման փոքր երկրում է հնարավոր, որ ի հայտ գա նոր առաջնորդ, ոչ թե ամբողջ «ինտրիգը» պտտվի երեք գործիչների եւ նրանց «լավ» կամ «վատ» ղեկավար լինելու շուրջ: Միայն թե այդ նոր ի հայտ եկող անձը պետք է համոզիչ կերպով բացատրի՝ ինչ է նա պատրաստվում անել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031