Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր շովինիստներին

Դեկտեմբեր 29,2011 12:26

Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է եւ ոչ խելացի:

Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա, ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից: Բայց նրանք եւ տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգ չի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն երկրագործը, որ այրելով հարեւան արտը, կարծում է, թե պարարտացնում է իր հողը:

Ազգեր են ապրում ու կործանվում, բայց մի ազգ մի ուրիշ ազգի երբեք չի կարող կլանել, եթե այդ ուրիշն ինքը տրամադիր չէ կլանվելու եւ, ընդհակառակը, գիտե դիմադրել: Ինչե՞ր չարավ ռուսական շովինիզմը Ռուսաստանի սահմաններում գտնվող ազգերն ու ազգությունները «կուլտուրապես» կլանելու համար, բայց ի՞նչ շահեց նա: Կլանե՞ց նա լեհերին, ֆինլանդացիներին, լատիշներին եւ ճապոնացիներին: Կլանե՞ց նա հայերին, վրացիներին, թուրքերին: Ոչ, չկարողացավ: Ավելացրեք սրան եւ այն, որ ռուսական կիսաասիական քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթություններ ջնջելու եւ ինքը նրանց տեղում հաստատվելու զորությունից տակավին շատ ու շատ հեռու է: Թե ի՞նչ եղավ ռուսական շովինիզմի անխոնջ ջանքերի հետեւանքը, տեսնում ենք այսօր: Միայն հարյուրերորդ անգամ նա ապացուցեց ազգամոլության եւ ազգատեցության տխմարությունն ու անազնվությունը: Մի ճշմարտություն, որ ապացույցների կարիք չուներ: Սակայն մեծ ազգերին ինքը բնությունն է տվել մեծ ախորժակ: Զարմանալի չէ, որ այդ ազգերն իրանց միջից արտադրում են գիշակերներ, բայց երբ փոքրիկ ու աննշան ազգերն են արտահայտում իրանց նման փոքրիկներին ու աննշաններին խժռելու ախորժակ, այն ժամանակ անազնվությանն ու տխմարությանը ավելանում են ծիծաղելին ու խղճալին:

Չէ՞ որ, արդարեւ, ծիծաղելի է տեսնել թզուկին վիթխարի զրահներ հագած եւ աջ ու ձախ սպառնալիքներ որոտալիս:

Ահա այդչափ ծիծաղելի են, բացի անազնիվ ու տխմար լինելուց, մեր երկրի այս բոլոր շովինիստները, լինեն նրանք հայեր, վրացիներ թե թուրքեր, որոնք երազում են իրանց ազգի համար վաստակել հեգեմոնիա մեր երկրում: Երեք ազգություններից նա, որ կարծում է, թե կարող է կլանել իր այս կամ այն հարեւանին, նախ եւ առաջ չափազանց մեծ կարծիք պիտի ունենա իր սեփական ողորմելի քաղաքակրթության կամ գոնե ֆիզիկական զորության մասին եւ ապա շատ թյուր գաղափար ուրիշների ուժերի մասին:

Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ Անդրկովկասի գլխավոր ազգություններից ոչ մեկն այնքան զորեղ չէ, որ կարողանա կլանել մյուսներին եւ այնքան թույլ չէ, որ կլանվի: Բոլորն էլ հավասար ուժեր են, որ շատ-շատ կարող են կռվել: Բայց այդ եղբայրասպան կռիվը կունենա միայն եւ միմիայն մի հետեւանք՝ երեքի էլ հավասար պարտությունը, եթե ոչ կործանումը: Այո, նույնիսկ այն զազրելի դեպքում, եթե երկուսը միանան երրորդին՝ կործանելու դիվային դիտավորությամբ:

Անդրկովկասը իր երեք գլխավոր ազգություններով մի եռոտանի է: Եթե ջարդեք նրա մի ոտը, կաթսան չի կարող մնալ կանգուն:

Ալեքսանդր Շիրվանզադե 1882թ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031