Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի «պիկն» անընդհատ փոփոխվո՞ւմ է

Փետրվար 15,2012 16:00

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ փետրվարին ժողովրդին ոտքի են հանելու: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ հենց փետրվարին, պարոն Զուրաբյանը բացատրեց, որ դա օդից չեն որոշել, լուրջ հաշվարկներ են արել ու պարզել, որ Հայաստանի բնակչությունն առավել ակտիվ է հենց փետրվարին, որովհետեւ Նոր տարվա համար խոպանչիները գալիս են, մի քիչ մնում են ու այդ ժամանակ դեռ գնացած չեն լինում, մինչ այդ մարդիկ խառն են ամանորյա եռուզեռով, մի խոսքով` ամենապատեհ ժամանակը հանրահավաքի հենց փետրվարն է: Սակայն, ինչպես հայտնի է, հանրահավաքը հետաձգվել է: Այս անգամ հայտարարվում է մարտի 1-ը:

Այսօր այդ առնչությամբ ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ միտինգի օրը փոխելու պատճառը միայն ցուրտն է. «Ես մինչեւ հիմա մրսած եմ: Հրազդանում բոլորս այնպես մրսեցինք, բոլորը մինչեւ հիմա հիվանդ են: Ես հիմա տաքությունով եմ եկել: Մենք սառանք իսկական առումով: Առավոտյան երբ գնացի տեղամաս` -26 էր, ես էլ, տղաս էլ, Դավիթը Շահնազարյան, Արմանը, բոլորը հիվանդ են: Որեւէ բան չի փոխվել, որեւէ մոտիվացիա չի արվել, 10 օր հետաձգելը, հավատացեք, մեզ համար կորուստ չի»:

Երբ հիշեցրինք պարոն Մանուկյանին Լեւոն Զուրաբյանի հաշվարկները` նա պատասխանեց. «Կա ե’ւ գնացողների հոսք, որից պակասելու են, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ կա մի հատ լուրջ լցնող աղբյուր` դա սոցիալական լարվածությունն է` գների աճը: Լուրջ հետազոտություններ են արված ե’ւ դրսից եւ ներսից, եւ միջազգային կառույցներից` Հայաստանի քաղաքացու համար մեծամասամբ թոփ թեմաներ են աղքատությունը, գների բարձրացումը, աշխատատեղերի բացակայությունը եւ արտագաղթը: Միայն այս ընթացքում 20% գների աճ տեղի ունեցավ: Այսինքն` գարունն այն սեզոնն է, երբ ավելի շատ այդ ազդեցությունը զգացվում է քաղաքացու վրա, աշխատավարձի քչությունը, ապրանքների թանկությունը, լույսի-մույսի, գազի վարձից հետո թշվառ վիճակը: Այդ վիճակում ժողովրդի զայրույթը պիկի է հասնում եւ այդ սոցիալական լարվածությունը մարդուն բերելու է հրապարակ»:

Մեր դիտարկմանը` որ Լեւոն Զուրաբյանն էլ ախր ասում էր, որ «պիկի է հասնում փետրվարին», ձեր «պիկն» անընդհատ փոխվո՞ւմ է` պարոն Մանուկյանը պատասխանեց. «Բա ես էլ եմ դա ասում, ցավդ տանեմ, հիմա 5 օրվա բա՞նն եք ասում: Փետրվար-մարտը պիկ է սոցիալական լարվածության եւ մարդկանց ակտիվացման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829