Լրահոս
Օրվա լրահոսը

Հայապահպանություն Սփյուռքում՝ ըստ երգչուհի Մարգարիտ Շահինյանի

Մարտ 09,2012 13:30

Շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 11-ին հայկական ժողովրդագուսանական երգարվեստի երկրպագուները հնարավորություն ունեն ունկնդրելու սիրված երգչուհի Մարգարիտ Շահինյանի կատարումները: Երեկոն նվիրվում է երգչուհու բեմական գործունեության 40-ամյակին: Նա հանդես կգա Հայաստանի պետական ազգային նվագարանների նվագախմբի (ղեկավար՝ Նորայր Դավթյան) եւ «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի (ղեկավար՝ Սեդրակ Երկանյան) ընկերակցությամբ: Համերգի օրը ունկնդիրը հնարավորություն կունենա ձեռք բերել արվեստագետի 2 CD-ները՝ «Իմ արյան կանչը», որտեղ տեղ են գտել ժողովրդագուսանական երգեր, եւ «Դարերի խորքից» ալբոմը, ուր իսկապես գանձեր են՝ վաղ միջնադարյան, կոմիտասյան նմուշներ ու հայրեններ: Հիշյալ CD-ները 2001թ. Լոս Անջելեսում կայացած առաջին Armenian Music Worlds մրցանակաբաշխությանն արժանացել են «Լավագույն ժողովրդական, գուսանական կատարում» մրցանակին:

«Առավոտի» հետ զրույցում Մարգարիտ Շահինյանը հայրենիքից իր երկարատեւ բացակայությունը «արդարացրեց» Լոս Անջելեսի «Մաշտոց» ազգային համալսարանում դասախոսական աշխատանքով: Իսկ այդ տարիներին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջի «բաց թողած» մանկավարժի իր աշխատանքի մասին ասաց, թե մեծ է կարոտը ուսանողների եւ իր հանդիսատեսի նկատմամբ, հետո էլ հիշեցրեց Սփյուռքում մասնագետների անհրաժեշտության մասին:

Հայաստանում կարծես վերջ չունի նոր ժամանակներում սկիզբ առած ժողովրդագուսանական երգերի աղավաղման «գործընթացը»: Դժվար չէ պատկերացնել, թե Ամերիկայի միացյալ նահանգներում ի՜նչ է կատարվում այդ ոլորտում: Ի պատասխան մեր այս դիտարկման՝ արվեստագետը մեջբերեց ԱՄՆ-ում շուրջ 45 տարի գործող Barseghian studio-ի  հիմնադիր Գեւորգ Բարսեղյանի մտատանջությունն այն առիթով, թե միշտ չէ, որ հայրենիքից բարձրակարգ ու բարձրարվեստ կատարողներ են ներկայանում Սփյուռքում: Այս «մասով» տիկին Շահինյանը կարծես սփոփանք հայտնեց, որ կոնկրետ ԱՄՆ-ում, բեմարվեստին զուգահեռ, մանկավարժական գործունեություն են ծավալել Երեւանի կոնսերվատորիայում ուսում առած հիանալի երաժիշտներ, այդ թվում՝ երգչուհիներ Անահիտ Ներսիսյանը, Սալբի Մայիլյանը եւ ուրիշներ: Անդրադառնալով ԱՄՆ-ում իր մանկավարժական գործունեությանը՝ Մարգարիտ Շահինյանը հայտնեց. «Տեղի «Ասպարեզ» թերթում հանդես եմ եկել հոդվածներով, թե ինչպես պահպանել հայրենի երգարվեստի անաղարտությունը: Բացի Ժողովրդական երգեցողություն առարկայից, դասավանդել եմ Ֆոլկլորագիտություն, Հայ երաժշտարվեստի պատմություն»: Հավելեց նաեւ, որ Սփյուռքի ուսումնական գործընթացը էականորեն տարբերվում է հայաստանյանից. «Այնտեղ սովորողը ցանկություն ունի վերցնելու, ստանալու այն գիտելիքները, ինչն առնչվում է զուտ ազգային արվեստի հետ, բայց ոչ՝ ավելին: Ի վերջո, դա ոչ թե պարտադիր է, այլ ազգային ուսուցում է: Իմ խորին համոզմամբ, այն՝ թեկուզ առաջին հայացքից փոքր թվացող աշխատանքը, որ տարվում է Սփյուռքում, հայապահպանության նախապայմանն է»:

Անդրադառնալով իր հոբելյանական երեկոյին՝ Մարգարիտ Շահինյանն ասաց, որ առաջին անգամ հանդես կգա նաեւ սեփական ստեղծագործություններով: Հետաքրքրությանը՝ գուցե երգչուհու մոտ ցանկություն է առաջացել համալրելո՞ւ մերօրյա աշուղների շարքերը, արվեստագետը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ: Թեեւ իմ կոչումը երգելն է, սակայն կշարունակեմ ստեղծագործել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031