Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ համամասնական ցուցակում նոր դեմքեր կլինեն

Մարտ 16,2012 00:41

Շաբաթ օրը Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նիստ է հրավիրելու եւ, ի շարս այլ հարցերի, քննարկելու է նաեւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող, այդ թվում՝ նաեւ կուսակցության համամասնական ցուցակի ու նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե մինչ այժմ տեղի ունեցած նիստերում եւս ԳՄ-ն քննարկել է համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքներին առնչվող խնդիրները, բայց անհատների խնդիր դեռ չի քննարկվել. «Շաբաթ օրը, ենթադրում եմ, մեր ցուցակը վերջնական տեսքով պատրաստ կլինի»: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է առավելապես ՀՅԴ-ի համամասնական ցուցակին, քանի որ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների համար դեռ ժամանակ կա, թեեւ, ըստ Սպարտակ Սեյրանյանի, դա էլ շաբաթ օրը որոշակիորեն արդեն ուրվագծված կլինի:

Նկատի ունենալով այն, որ այլ՝ իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններում համամասնական ցուցակում տեղերի շուրջ, մեղմ ասած, բուռն քննարկումներ են ընթանում, հետաքրքրվեցինք՝ ՀՅԴ ցուցակում տեղերի առաջ կամ ետ լինելու շուրջ բանավեճ կա՞: «Ոչ: Եթե մենք պայմանավորվում ենք  ցուցակի ձեւավորման սկզբունքների շուրջ՝ մնացածը երկրորդական է դառնում»,- վստահեցրեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե հատկապես ի՞նչ սկզբունքներով է ձեւավորվելու կուսակցության համամասնական ցուցակը: Նա միայն ասաց, որ ցուցակը հրապարակելուց հետո դա պարզ կերեւա:

Մեր հարցին՝ համամասնական ցուցակում, այսպես կոչված՝ անցողիկ տեղերում, նոր դեմքեր լինելո՞ւ են, Սեյրանյանն արձագանեց. «Նոր մարդիկ բնականաբար եւ անշուշտ կլինեն: Իսկ «անցողիկ» ասվածը մի քիչ հարաբերական հասկացություն է, բայց ամեն դեպքում մեր համամասնական ցուցակում նորություններ անպայման կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031