Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդիֆիկացված հայրենասիրություն

Ապրիլ 04,2012 12:03

Մեր իշխանություններն իրենց բացթողումների, երկրի առջեւ ծառացած հարցերը   լուծել  չկարողանալու,   սոցիալ-տնտեսական   ձախողումների   համար հիմնականում ունեն մի արդարացում. պատերազմի մեջ ենք, ընդամենը հրադադար է հայտարարված։

Կարծես՝ եթե մենք մեր երկրի ներսում կազմակերպենք արդար ընտրություններ, դրանից կտուժի Ղարաբաղի հարցը։ Եթե պայքարենք չինովնիկական ապօրինությունների դեմ, դրանից կտուժի Ղարաբաղի հարցը։ Եթե դեմ կանգնենք ուժային կառույցնեքի «բեսպրեդելին», դրնից կտուժի Ղարաբաղի հարցը։ Եվ, ընդհանրապես, եթե մեր երկրի ներսում իրերը կոչենք իրենց անուններով, դրանից հաստատապես Ղարաբաղի հարցը ոչ ի նպաստ ղարաբաղցու է լուծվելու։

Սա հայրենասիրության մի ձեւ է, որը երեւի միայն Հայաստանում կգտնեք. դա մոդիֆիկացված հայրենասիրություն է։ Երբ սիրում ենք ոչ թե մեր կողքի մարդուն, այլ սիրում ենք մեր հայրենիքն ընդհանրապես։ Եվ այն էլ ասեմ. սիրում ենք առավել մեր անցած՝ պատմական հայրենիքը։ Մեկ էլ սիրում ենք մեր ապագա հայրենիքը։ Ներկայի մասին խոսք չկա։ Ներկա հայրենիքը նրա համար է, որ հիշենք ու քաղաքական մղկտոցով արձագանքենք անցյալի մեր փառապանծ հիշատակների մասին որեւէ խոսքի։ Մեկ էլ ներկա հայրենիքը նրա համար է, որ կոշիկներով, անգամ կեղտոտ կոշիկներով նրա վրա բարձրանանք ապագա հայրենիքը տեսնելու համար։ Եթե չտեսնենք էլ, մեր մտապատկերում նրա անդրադարձը հայենք:

Հիմա էլ մի նոր երեւույթ է մեջտեղ եկել։ Պարզվում է՝ Ղարաբաղը քիչ էր, Ջավախքի համար էլ պետք է «զգուշանանք»։ Հանկարծ չբարձրաձայնենք ինչ-ինչ հարցերի վերաբերյալ. դրանից Ջավախքն ու ջավախքցին կտուժեն։

Ընտրացուցակների ուռճացվածության մասին ամենքն են խոսում։ Ամենքը մի բան էլ են տեսնում. ընտրողների թիվն այս անգամ աննախադեպ աճել է։ Չնայած մարդահամարի տվյալները բոլորովին  այլ բան են ասում. բնակչության թիվը նվազել է նույն ժամանակահատվածում, երբ աճել է ընտրողների թիվը: Սա էլ հայկական ֆենոմեն է. ոնց ուզում ես՝ երկուսին երկուս գումարելով ստացիր հինգ: Քո խնդիրն է՝ ոնց ուզում եմ՝ արա…

Փաստորեն, այդ ավել ընտրողների մի լավ զանգվածը ջավախքցիներն են: Նրանք գրանցվել թե հաշվառվել են Հայաստանում ու մասնակցելու են  մեր ընտրություններին: Իհարկե, իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Ու ասում են, որ մենք այդ մասին չխոսենք, չասենք՝ իշխանություն, դու քո ժողովրդի ընտրությունն ես կեղծում, դու դեմ ես գնում քո ժողովրդին: Որպես միջոց օգտագործում ես անպաշտպան ջավախքցուն: Գուցեեւ նրան ստորացնելով ես օգտագործում, գուցեեւ նրա կամքին հակառակ ես օգտագործում, գուցեեւ օգտվում ես նրա՝ սոցիալական, տնտեսական, նաեւ քաղաքական անպաշտպան վիճակից:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«ՀԱՅԱՑՔ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30