
Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Դեմկուսը միանա այս հայտարարությանն ու ընդգրկվի միասնական շտաբում, կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց. «Այն ժամանակ, երբ առաջին անգամ խոսվեց միասնական շտաբ ձեւավորելու մասին՝ մենք հայտարարեցինք, որ շահագրգիռ ենք այդ հարցում եւ պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել դրան: Այս դեպքում, մենք անկոչ հյուր չենք, էլի. եթե մեզ առաջարկություն արվի՝ կքննարկենք այդ հարցը»:
Մեր հիշեցմանը, թե հայտարարությունը բաց է ընտրություններին մասնակցող ուժերի համար՝ Դեմկուսի առաջնորդն այսպես արձագանքեց. «Եթե չորսը միասին արդեն հայտարարություն են անում՝ կնշանակի, որ կարող էին եւ հինգերորդին, եւ վեցերորդին ու յոթերորդին էլ հրավիրել: Ի՞նչ է նշանակում՝ հայտարարությունը բաց է: Եթե նախաձեռնություն է՝ թող լիներ ընդհանուր, ի՞նչ էր պատահել: Համենայնդեպս, կփորձենք պարզել, թե դա ինչ է եւ ինչ են առաջարկում»:
Հիշեցնենք, որ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով Հայաստանի առջեւ ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարեւորելով այդ գործում հանրության եւ քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ»:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































