Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագան ապագա չի լինի, եթե մայրը չտեսնի իր որդու հաջողությունները». Ամենալավ խոսքերը մայրիկին

Ապրիլ 07,2012 13:34

Հաճախ են լինում պահեր, երբ ցանկանում ենք մի բան ասել, բայց լռում ենք: Պատճառները տարբեր են. երբեմն, պարզապես, հարմար ժամանակ չի լինում, երբեմն էլ համարձակություն չենք ունենում: «Առավոտ երիտասարդականը» փորձեց ճշտել, թե երիտասարդներն ինչ կցանկանային ասել իրենց մայրերին հենց այդ պահին: Պատասխանները հետաքրքիր էին:

Դերասանուհի Անի Երանյանն իր մայրիկին առանձնահատուկ է սիրում: Միմյանց զգալու զարմանալի և յուրօրինակ կարողություն ունեն Անին և իր մայրիկը, և անգամ տարածությունը չի խանգարում նրանց այդ կարողությանը: «Մայրս միակ մարդն է, առանց ում չեմ պատկերացնում իմ կյանքը», – անկեղծ պատասխանեց դերասանուհին:

Մարքետոլոգ, 25-ամյա Գևորգն էլ ասաց, որ բոլոր լավ և դրական խոսքերն  արդեն ասել է իր մայրիկին: Սակայն Գևորգը որոշեց մեր միջոցով փոքրիկ խոստովանություն անել. «Մեկ բան կա, որ դեռ չեմ ասել մայրիկիս: Իրականում, գիտեմ, որ դա նրա սրտով չէ, դրա համար չեմ ասել: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հենց այս պահին ասել, որ  որոշել եմ գնալ արտասահման սովորելու»:

Իսկ ուսման նպատակով Գերմանիայում գտնվող Աստղիկ Զարգարյանն ամենից առաջ շնորհավորեց իր մայրիկին ապրիլի 7-ի կապակցությամբ՝ ցանկանալով համբերություն: «Մամ ջան, անչափ սիրում եմ քեզ, կարոտել եմ ու շարունակում եմ կարոտել», – ասաց Աստղիկը:

«Մայրիկիս կասեմ, որ անսահման եմ սիրում և անսահման շնորհակալ եմ, որ ինձ լույս աշխարհ է բերել»,- մեր վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ և վարող Գևորգ Ալթունյանը:

16-ամյա Անի Մելքոնյանը, ով սովորում է «Քվանտ» վարժարանում, նախ նշեց, որ շատ խելոք երեխա է, հակառակ դեպքում, հաստատ, ներողություն կխնդրեր իր մայրիկից, ապա ավելացրեց, որ շատ կցանկանար իր մայրիկին ասել, որ նրան ամպերի չափ է սիրում:

«Մամ ջան, շուտով նորից ամառ կգա, զինվոր տղադ տուն կգա» – այսպես սկսեց Հայոց բանակում ծառայող Սուրեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` իր մանկությունը մանկություն չէր լինի, եթե չլիներ մայրիկի առաջին ապտակը, երիտասարդությունն էլ երիտասարդություն չէր լինի, եթե չլինեին նրա բարի խորհուրդները և, իհարկե, ապագան ապագա չի լինի, եթե մայրը չտեսնի իր որդու հաջողությունները:

21-ամյա Գայանեն պատմեց, որ իր մայրիկի շնորհիվ իր կյանքի յուրաքանչյուր օրը տոն է: Նա ասում է, որ երազում է, որ ինքն էլ իր մայրիկի ամեն օրը տոն դարձնի՝ իրականացնելով նրա բոլոր երազանքները: «Մամա ջան, միշտ իմ կողքին եղիր, որովհետև, երբ ես գիտակցում եմ, որ դու ինձ հետ ես, ես ինձ անհոգ երեխայի պես եմ զգում, քո կողքին մոռանում եմ մեծ լինելու բոլոր դժվարությունները», – մեր զրույցի վերջում նշեց Գայանեն:

Ուր էլ լինենք, ուր էլ գնանք միշտ ամենքից ու ամեն ինչից առավել կարոտում ենք հենց մայրերին: Եկեք չսպասենք ինչ-որ հարմար առիթի, այլ հենց հիմա գնանք, գրկենք մեր մայրերին ու ասենք. «Մամ, ես սիրում եմ քեզ»:

© Գոհար Խալաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30