
Հոգեբաններն ասում են, որ խաղալիքները միայն երեխաներին զբաղեցնելու միջոց չեն, դրանք, ըստ էության, փոքրիկներին սեփական որոշումներ կայացնելու առաջին հնարավորություններն են ընձեռում: Խաղալիքները մեծահասկների ձեռքի տակ եղած գործիքների փոքրացված մոդելներ են, որոնք նպաստում են երեխայի մտավոր, խոսքային ու սոցիալական ֆունկցիաների զարգացմանը: Օրինակ` զանազան տիկնիկների ու կենդանիների հետ խաղը նպաստում է շփման կուլտուրայի ձևավորմանը, իսկ լեգոներն ու մոզայիկաները զարգացնում են մտածողությունը:
Մասնագետները կարծում են, որ երեխաների խաղը նպատակաուղղված չէ. նրանք ուղղակի խաղում են խաղալու համար: Մինչև 4-5 տարեկանը, այսինքն` մինչև սեռական առանձնահատկությունների դրսևորումը, բոլոր երեխաներն էլ նույն խաղալիքներով են խաղում, իսկ դրանից հետո իր դերն է խաղում սեռային պատկանելությունը. աղջիկները խաղում են տիկնիկներով, իսկ տղաները` ատրճանակներով ու մեքենաներով: Խաղալիքների հետ երեխաները դերային խաղի մեջ են մտնում` կրկնելով ու նմանակելով այն ամենը, ինչ տեսնում են իրական կյանքում: Զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանն ասում է, որ հաճախ երեխային դուր են գալիս այն իրերն ու առարկաները, որոնք նա տեսնում է մեծահասակների ձեռքերում: «Բոլորովին էլ պարտադիր չէ երեխայի համար գնել թանկարժեք խաղալիքներ, տվեք նրան մի երկու աման ու բաժակ, տեսեք, թե ինչ մեծ հաճույքով է նա դրանց հետ խաղում»:
Երեխաների համար խաղալիք ընտրելիս, պետք է հաշվի առնել, որ այն կարող է ազդել երեխայի բնավորության ձևավորման վրա: Հոգեբան Մերի Վարդանյանը նշում է, որ երեխան հեշտությամբ կրկնօրինակում է խաղալիքների արտահայտած վիճակը: Օրինակ` ագրեսիվ խաղալիքի հետ երկարատև շփվելը կհանգեցնի նրա մոտ ագրեսիայի դրսևորմանը: Երեխային պետք է պարզ գույների մեջ մեծացնել, ահա թե ինչու մուգ գույնի խաղալիքներ խորհուրդ չի տրվում:
«Երեխային չարի կերպարներով խաղալիքներ կարելի է տալ միայն որոշակի տարիքից հետո,- ասում է Մերի Վարդանյանը,- երբ երեխան տարբերում է բարու և չարի հասկացությունները»: Մանկաբույժ Իրինա Թովմասյանի կարծիքով` յուրաքանչյուր տարիքի երեխաների համար նախատեսված են հատուկ խաղալիքներ: Օրինակ` մինչև 3-4 տարեկան երեխաների խաղալիքները չպիտի չափերով փոքր լինել, քան փոքրիկները սովոր են ձեռքների տակ եղածը բերանը տանել, մտցնել քիթը, ականջը: Արաբկիրի Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Էռնա Զորյանը գտնում է նմանատիպ դեպքեր հաճախ են պատահում և մեղավորները հիմնականում իրենց ծնողներն են, որոնք անուշադրության են մատնում խաղացող երեխային: Իսկ երբ նկատում են, որ երեխան ինչ -որ բան կուլ է տալիս, բնազդորեն գոռում են, երեխան էլ վախից իրը կուլ է տալիս:
Հայաստանում խաղալիքների վաճառքի տեխնիկական կանոնակարգի պահանջները հետևյալն են. խաղալիքները ոչ մի դեպքում երեխայի առողջությանը վնաս չպիտի պատճառեն, իսկ ռիսկի աստիճանը որոշելիս պետք է հաշվի առնվեն երեխայի տարիքային կարողությունները, ինչպես նաև՝ մեծահասակների հսկողության հնարավորությունը: Խաղալիքների պիտակների վրա պետք է նշված լինեն, թե որ տարիքի երեխաների համար են նախատեսված: Դրանք պետք է բացառեն շնչարգելության վտանգը, իսկ անկյուններն ու դուրս ցցված մասերն այնպես նախագծված լինեն, որ հպման դեպքում վտանգը նվազագույն լինի, չպիտի պարունակեն քիմիական թունավոր և դյուրավառ նյութեր: Պետք է ունենան պարզ և սպառիչ ցուցումներ, օրինակ`«Նախատեսված է երեք տարեկանից փոքր երխաների համար» «Չի նախատեսված 36 ամսականից փոքր երեխաների համար» և այլն:
Նոննա Խաչատրյան


















































