Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքն ավերվում է

Մայիս 24,2012 19:32

«Գոշավանք»  վանական համալիր  պատմաճարտարապետական արգելոց մասնաճյուղի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝  քանդման եզրին են  վանական համալիրի մաս կազմող, 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը:

Մասնաճյուղի վարիչն ասաց, որ   համալիրի  կենտրոնական՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի որոշ հատվածներ  իրենք այցելուների համար  փակել են, զբոսաշրջիկների այցերի ժամանակ եկեղեցու անկյուններում արգելոցի աշխատակիցներ են կանգնեցնում, որպեսզի այցելուները  չմոտենան եւ դժբախտ դեպքեր չլինեն: Բակուր Հովսեփյանը հայտարարեց, որ վանական համալիրի տարածքում կատարվող  մոմավաճառությունից, գանձանակ մտնող հանգանակություններից, համալիրի տարածքում իրերի վաճառքից տարեկան 20-25 միլիոն դրամ հասույթ է ստացվում, բայց նրա խոսքերով՝ ինքը չգիտի, թե ի՞նչ նպատակով են ծախսվում այդ գումարները, մշակույթի նախարարությունը տեղյակ է իրավիճակին:

2010թ. «Առավոտը» գրել էր «Գոշավանք» վանական համալիրի եկեղեցիների  մտահոգիչ իրավիճակի մասին: Այն ժամանակ, հոդվածի հրապարակումից հետո մշակույթի նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ  «ՀՀ կառավարության 09.07.2001թ. N616 որոշմամբ, 2003 թվականից վանական համալիրը  հանձնվել է Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ որպես սեփականություն, եւ օրենքով սահմանված կարգով հուշարձանի սեփականատիրոջ, տնօրինողի եւ օգտագործողի պարտականությունն է՝ իրականացնել հուշարձանի պահպանությունը՝ ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները»: Մշակույթի նախարարությունից նաեւ հայտնել էին, որ վերջին անգամ Գոշավանքի ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման նպատակներով պետական ներդրումներ են կատարվել 1986-1987թթ.:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031