Լրահոս
Օրվա լրահոսը

Մորնինգսթար. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունն է»

Հունիս 14,2012 10:21

Լուսանկարը` VOA

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր կայացել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկումը:

Քննարկումը բացել է Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերին, որն իր գործընկերներ, սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ միասին դեսպանի թեկնածուին ուղղել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հարցեր:

Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, քննարկումները նախագահող սենատոր Շահինը մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում մարդու իրավունքների չդադարող խախտումներով և հորդորել բոլոր կողմերին խաղաղ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Դեսպանի թեկնածու Մորնինսթարն իր հերթին նշել է, թե «տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ճանապարհով լուծելուց քաղաքական առավել բարձր առաջնահերթություն»:

Քննարկումներին մասնակցող սենատոր Ռոբերտ Մենենդեսը լուրջ մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի թույլ տրված խախտումներով, որոնք համընկել են հարավկովկասյան տարածաշրջան ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի այցելության հետ, ներառյալ, ըստ սենատոր Մենենդեսի, «միջսահմանային ներխուժումը, որի պատճառով սպանվել է Հայաստանի երեք և վնասվածքներ ստացել հինգ զինծառայող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտակտային գծի երկայնքով կատարված խախտումները»:

«Այս գործողությունները վերահաստատել են Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն այն մասին, թե «հայերը պետք է ապրեն վախի մեջ», – ասել է սենատոր Մենենդեսը:

Մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ասել է, թե «մեր թշնամին համայն հայությունն է», սենատոր Մենենդեսը հարց է ուղղել դեսպանի թեկնածու Մորնինգսթարին, թե արդյոք նման հռետորաբանության լույսի ներքո թեկնածուն կարծում է, որ Միացյալ Նահանգների կողմից սպառազինության առաջարկված վաճառքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Ի պատասխան այս հարցին Մորնինգսթարն ասել է, որ իր թեկնածությունը հավանության արժանացնելու դեպքում ինքը «կանի ամեն ինչ՝ դրան խոչընդոտելու համար», ինչպես նաև նման արտահայտություններ օգտագործելու մտադրություններին կամ բոլոր «այն գործողություններին, որոնց արդյունքում կարող է արյուն թափվել»,  լրացուցիչ լարվածություն կամ անկայունություն ստեղծվել:

VOA

Բացի այս, Մորնինգսթարը կողմ է արտահայտվել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ճշգրիտ իրականացմանը՝ հավելելով, որ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության որևէ աջակցություն «չպետք է սրի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ իրավիճակ»:

Սենատոր Մենենդեսը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկման ընթացքում մտահոգություն է արտահայտել նաև այն հանգամանքով, թե ինչու Ադրբեջանի կողմից Ջուլֆայում հայկական հինավուրց գերեզմանատան ոչնչացումը չի ներառվել ԱՄՆ-ի արտգործնախարարության Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում և հորդորել է Մորնինգսթարին առաջնահերթ նշանակություն տալ գերեզմանատան վայրի այցելությանը:

Թեկնածու Մորնինգսթարն ասել է, որ «նման սրբապղծությունն անընդունելի է», և խոսք է տվել անել ամեն ինչ՝ այս վայրն այցելելու համար: Նա նշել է նաև, որ իր օրակարգի հիմնական մասերից մեկը լինելու է Ադրբեջանում կրոնական ազատությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքը, ներառյալ Հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությունը:

Սենատոր Մենենդեսը, ավարտելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի հարցաքննումը, հարց է ուղղել վերջինիս այն մասին, թե արդյոք նա վիճարկում է 1915 թվականի իրադարձությունների փաստը: Մորնինգսթարը պատասխանել է՝ ասելով, որ չի վիճարկում այս փաստերը:

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930