Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից. երեխայի հայրը լքել է Հայաստանը

Հուլիս 31,2012 10:43

Գեղեցկադեմ ու բարետես արտաքինով աղջնակին հանդիպեցինք Լայթհաուս հիմնադրամում: Մի քանի օրից կդառնա 15 տարեկան, իսկ մեկ ամսից` կմայրանա:

«Ոչ աղջիկ է, ոչ կին»,-ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը, ով արդեն 1,5 ամիս է՝ աշխատում է մայրանալ պատրաստվող անչափահասի հետ:

Երեխային սեռական բռնության է ենթարկել նրա խորթ հայրը`երևանցի Անդրանիկը: Իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: Չնայած՝ լքելն այս դեպքում հարաբերական է ասված, որովհետև նրա`Հայաստանից դուրս գալու մասին կինն ու խորթ աղջիկը ոչ միայն իմացել ու խրախուսել են, այլև ճանապարհից առաջ մի լավ կերուխում են կազմակերպել:

Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չհրապարակեց, անգամ չասաց թե քանի և որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրեց միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:

Բռնության ենթարկված կանանց ապաստարան աղջիկը եկել է հունիսի 22-ին`մոր ուղեկցությամբ: Միջնորդել է ՍՈՍ մանկական գյուղի աշխատակիցներից մեկը, որի շահառուներն են աղջնակի երկու կրտսեր եղբայրները: Ինքն էլ Հույսի ավանի շահառուներից է, բայց ապրել է ոչ թե ավանում, այլ տանը: Ութերորդ դասարանն էլ մի կերպ է ավարտել, որովհետև հղիության նշաններն սկսել էին ի հայտ գալ:

Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատևում`նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հօգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում ևտատը, սիրով ընդունել են նրան: Այնքան են սիրել, որ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:

Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը և սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,-պատմում էր մանկահասակ կինը:

Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է:

Ասում է` թեև մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել`ցավ չպատճառելու համար:  «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»:

Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն և վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել: «Իրա աղջիկն ասում էր`պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար,-պատմում էր անչափահաս կինը`չզգալով, թե ինչպես է ձեռքն ակամա բռունցքվում,- եթե գա կանգնի դեմս`կսպանեմ»: Սա ասաց`հայացքը մի կետի հառած: Նրա  խոսքով`խորթ հայրը մոր ննջասենյակում երբեք չի քնել: «Գործից հոգնած գալիս էր ու շորերով պառկում դիվանուն`հեռուստացույց նայում ու քնում: Ինչքան էլ փորձում էինք սենյակ տանել`չէր գնում»:

Լայթհաուս գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: «Հիմա էլ`հղիության ութերորդ ամսում, մայրը, «գործ անող» է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա և կդիմեմ ոստիկանությանը` հանգստացավ»,-ասաց  Լայթհաուսի ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը:

Հոգեբանական երկարատև զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: «Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա, պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ և օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը:

Մանկատուն բառից մայրանալ պատրաստվող երեխայի աչքերը լցվեցին: «Սկզբում մտածում էի, որ եթե իմ կողքին չի մեծանալու, ավելի լավ է չծնվի: Բայց հետո հասկացա, որ պետք է ծնվի, թեկուզ ինձանից հեռու`մանկատանը: Ամեն օր կգնամ, կտեսնեմ, կապս չեմ կտրի, որ չսառեմ»:

Իր ասելով`երեխային այնտեղ երկար չի թողի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ Լայթհաուս է եկել հարևաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծծնդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարևաններին ու ծանոթ-բարեկամներին արդեն ասել են, իբր մի քանի ամսով ճամբարում է` ասաց Լայթհաուսի հիմնադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը:

Հ.Գ. Աղջկա հարազատ հայրը, որ ավելի քան երկու տարի է`բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: «Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ»,-ասաց մայրության շեմին կանգնած երեխան:

Հայկուշ Ասլանյան

հետք online

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031