Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի մահվան 40 օրվա առիթով կազմակերպված բողոքի ակցիան անցավ առանց միջադեպերի, չհաշված` մի քանի կոտրած ձուն (տեսանյութ)

Օգոստոս 08,2012 00:01

«Հարսնաքար» ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված եւ մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40 օրվա առիթով այսօր տեղի ունեցավ մոմավառություն եւ խաղաղ երթ դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն:

Այսօր նույնպես բավականին մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել եւ պաշտպանում էին «Հարսնաքար» ռեստորանը, եւ մինչեւ ակցիայի ավարտը ոստիկանների այդ մեծ խումբն ուղեկցեց ակցիայի մասնակիցներին: Մինչ երթը՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը համոզում էր «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին չմոտենալ ԱԺ պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը, սակայն տիկին Խառատյանը վստահեցրեց, որ երթը խաղաղ է լինելու, եւ իրենք անպայման կմոտենան առանձնատանը` առանց որեւէ միջադեպի:

Երբ տիկին Խառատյանը ոստիկաններին ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ պատրաստվում է կոչով հանդես գալ, ոստիկանները կրկին փորձեցին այդ նախաձեռնությունից ետ պահել ակցիայի մասնակիցներին` «Մենք կկազմակերպենք, որ ինքը` Ռուբեն Հայրապետյանը կգա ձեզ մոտ, ինքը դեմ չէ, որ ձեզ հանդիպի»: Սրան հակադարձեց Հրանուշ Խառատյանը՝ ասելով. «Մենք ուզում ենք հանրային կոչ անել, շատ հանգիստ ակցիա ենք անելու, դուք ուզում եք ասել` ակցիա չանե՞նք»: Երեանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էլ այսպես արձագանքեց տիկին Խառատյանին`«Դուք ճի՞շտ եք համարում մարդու ապրած սրբազան տարածքում քաղաքացիական ակցիա անել, ես գտնում եմ, դա ճիշտ չէ»:

Ի վերջո ոստիկաններն ու ակցիայի մասնակիցները եկան համաձայնության, եւ երթը շարունակվեց Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտով մինչեւ Ավան վարչական շրջանի բակերից մեկը: ԱԺ պատգամավորի առանձնատան դիմաց Հրանուշ Խառատյանը Ռուբեն Հայրապետյանին կոչ արեց համագործակցել քննչական մարմինների հետ. «Նրանից լավ ոչ ոք չգիտի՝ ովքեր են  եղել այդ 15 մարդը, որոնք իրականում իրականացրել են այդ անմարդկային, գանգստերային երեւույթը: Ռուբեն Հայրապետյանը, ինչպես ասում են քննչական մարմինները, ընդամենը կես ժամ առաջ է հեռացել իր այդ օբյեկտից, եւ ուրեմն ինքը գիտի, թե ովքեր են այդ 15-16 մարդը, որոնցից այսօր միայն 5-6 են մարդն է հայտնի քննչական մարմիններին»:

«Արտ-լաբորատորիա» մշակութային հասարակական խմբի անդամները, որոնք եւս ներկա էին ակցիային, Aravot.am-ի հետ զրույցում ասացին`«Պահանջում ենք Նեմեց Ռուբոյին նստացնել»: Մեր հարցին` Վահեի մահվան համար մեղավորը Ռուբեն Հայրապետյա՞նն է, խմբի անդամներն ասացին`«Մեղավորը ամբողջ համակարգն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Ամբողջ ակցիայի ընթացքում հասարակական շարժման անդամները գոչում էին` «Չե’ս մարսելու, մարդասպան», «Ամոթ», «Նեմեց մարդասպան, Նեմեց սրիկա», ինչպես նաեւ երթի ընթացքում Ավանի բնակիչներին կոչ արեցին միանալ ակցիային: Ակցիայի երիտասարդ մասնակիցները երթի ընթացքում երգեցին` «Մենք վախեցողը չենք նեմեց Ռուբոյից»: Ավանի բակային տարածքներից մեկում, որտեղ ամփոփվեց երթը եւ ելույթ ունեցան մի շարք հասարակական քաղաքական գործիչներ, հարակից շենքերից մեկից ձու շպրտեցին ակցիայի մասնակիցների վրա, ինչի համար երիտասարդները ոստիկաններին հորդորեցին գտնել ձու նետողին, քանի որ դժվար թե նրանք հասարակ քաղաքացիներ են: «Դա ձեր մարդկանցից մեկն արեց», -ասացին ակցիայի մասնակիցները:

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40 օրը լրանալու առիթով նախաձեռնված բողոքի ակցիան տեւեց մոտ 2 ժամ եւ ավարտվեց առանց միջադեպերի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031