Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Առավելություն եմ համարում ինձ համար, որ հայ ժողովրդի հետ եմ եղել»

Օգոստոս 20,2012 20:56
  Պատմության ընթացքում շատ թշնամիներ է ունեցել մեր ժողովուրդը։ Սակայն քիչ չէին բարեկամները նաև, որոնցից մեկն էլ` անձամբ Դուք։ Ինչպե՞ս կարող էիք բնութագրել Ձեր զգացմունքները հայ ազգի նկատմամբ։ Ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը, և ինչպե՞ս պատահեց, որ Դուք պատասխանատվության պես մի բան զգացիք հայության հանդեպ` կամենալով ինչ-որ կերպ օգտակար լինել մեզ։

-Առավելություն եմ համարում ինձ համար, որ հայ ժողովրդի հետ եմ եղել կարևոր այն ժամանակահատվածում, երբ դուք պաշտպանում էիք ձեր պատմական Արցախը: Պատերազմի ընթացքում ես բազում անգամներ եմ ձեր ժողովուրդին այցելել` մարդկանց հասցնելով հումանիտար օգնություն, և ինքս եմ ականատես եղել այն ամենին, ինչի մասին հետո հարկ եմ համարել խոսել բարձրաձայն: Վերոհիշյալ այցելությունների ընթացքում էլ զգացել եմ միշտ, թե ինչպիսի ոգեշնչման առիթ է հանդիսացել անձնապես ինձ համար ձեր ժողովրդի արժանապատվության զգացողությունը, ձեր ազգի զավակների կողմից ցուցաբերվող խիզախությունը, հյուրասիրության դրսեւորման վառ ու հրաշք օրինակները, և, այո, առավելություն եմ համարում, որ այդ օրերին շատ ու շատ հերոս-հերոսուհիների հետ եմ հանդիպել ու շփվել: Աշխատանքիս մեջ առաջնային պարտականությունս  եմ համարում օգնությունն այն մարդկանց, ովքեր ենթարկվում են հետապնդման ու տարբեր կարգի ճնշումների: Այդ իմաստով ոչ միայն Ղարաբաղի հայերն են ուշադրությանս կենտրոնում հայտնվել, այլև Բիրմայի Սուդանի, Հյուսիսային Նիգերիայի, Հյուսիսային Ուգանդայի եւ այլ երկրների բնիկ ժողովուրդները:
-Մեր նորագույն պատմության էջերում Ձեր անունն իր ուրույն տեղն ունի եւ Ղարաբաղի հետ է կապված սերտորեն` հայկական մի վայր, որ  հայտնի մի տեղ է զբաղվեցնում Ձեր կենսագրության էջերում։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այն երեւույթը, որ մեկ անգամ Արցախին ծանոթանալուց հետո, Ձեր հետաքրքրությունը նրանով շարունակական դարձավ այնուհետ։ Ինչպե՞ս եք Դուք, Լեդի Քոքս, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում Ձեր երկրում և այլուր։ Որո՞նք են, ավելի լայն իմաստով, մինչ այժմ Արցախից ստացված Ձեր տպավորությունները։
-Ճնշումներ իրագործող վարչակարգերի զոհերին օգնության և պաշտպանության իմ պարտականությունները ի  կատար ածելու առաջադրանքով ես 70 անգամ արդեն Արցախ եմ այցելել: Հատկապես վերջին տարիներին այն արդյունքներով եմ տպավորված խորապես, որոնք ձեր ժողովուրդը ձեռք է բերել, վերակառուցելով քարուքանդ եղած իր երկիրը եւ մարդկային քանդված ճակատագրերը: Դրա հոյակապ վկայություններից մեկը Վարդան Թադևոսյանի կողմից ծավալված հրաշալի գործունեությունն է, ում մասնագիտական մոտեցման շնորհիվ հիմնադրվեց Ստեփանակերտի Վերականգնողական Կենտրոնը: Դա այնպիսի մի նվիրվածությամբ է արվել, որ միջազգային մակարդակով հիմա  որպես “առաջատար փորձի կենտրոն” է հայտնի: Ամեն անգամ երբ Արցախ եմ այցելում, ինձ մշտապես հիացնում է ձեր ժողովուրդի համառությունն ու հնարամտությունը, ինչպես նաեւ այն ոճը, որով մարդիկ այդտեղ  կարողանում պահպանել ու պաշտպանել իրենց ոգին ու տեսակը. Արցախն այսօր ոչ միայն մոխիրից հարություն առած փյունիկի է նման, այլեւ մի հրաշքի, երբ փլատակների մոխրից մարդիկ կարողանում  գեղեցկություններ վեր հանել:
– Այսօր էլ է դեռ աշխարհի ամենատարբեր վայրերում կրկնվում է հրեշավոր այն երևույթը, որ Ռաֆաել Լեմկինը  ց ե ղ ա ս պ ա ն ու թ յ ու ն  է անվանել։ Այդ երևույթի շարունակականության հիմնական պատճառն արդյոք այն չէ՞, որ համայն մարդկությունը մինչ օրս չի ընդունել  հայերի դեմ իրագործված ոճրագործությունը։ Եվ որո՞նք են, ըստ Ձեզ, Մեծ Եղեռնի համընդհանուր ճանաչումանն արգելող հանգամանքները։ 
-Հայերի ցեղասպանություն. դուք տեղյակ եք երեւի, որ այս թեմայի շուրջ ես շատ եմ խոսել և հնարավոր ամեն քայլի դիմել, որպեսզի հարցը  համաշխարհային ճանաչում ստանա: Աշխատել եմ այն ժողովուրդների շրջանում, որոնք կրել են բռնության հետեւանքները եւ այդ ընթացքում ես, ցավոք, շատ այլ իրավիճակների հետ եմ հանդիպել, որոնք կարող ենք “ցեղասպանության փորձեր” համարել: Այդպիսին են, օրինակ, Բիրմայի էթնիկ խմբերի դեմ իրականացված դաժան ռազմական հարձակումները, կամ խտրականությունները, որոնց առաջացման պատճառն էր հանդիսացել  Հյուսիսային ու Հարավային Սուդանի միջև տեղի ունեցած պատերազմը, ինչպես նաև՝ մեկուսացված տարածքներում արձանագրված փաստերը (Նուբայի Սարեր, Հարավային Կապույտ Նեղոս, Աբիեյ, որը հիմա կոչվում է Դարֆուր ): Առաջին պատերազմի ժամանակ երկու միլիոն մարդ զոհվեց, և չորս միլիոնն էլ տեղահանվեց: Այդ պատերազմի ակնհայտ նպատակները աֆրիկյան ժողովրդների արաբականացումն ու որպես հետեւանք՝ մահմեդականացման տարածումն էր այն շրջաններում, որտեղ մարդիկ չէին հարում այս կրոնին: Ես չեմ կարծում, որ հայոց ցեղասպանության ճանաչման ձախողումը ինչ-որ կապ ունի այդ պատերազմի հետ, բայց  ընդունում եմ, այնուամենայնիվ, որ ցանկացած ցեղասպանության ճանաչման ձախողումը կարող է ոգեշնչել նրանց, ովքեր հավատում են, որ իրենք կարող են իրագործել հանցանքն ու անպատիժ մնալ: Ես հավատում եմ նաեւ, որ կան շատ խոչընդոտներ, որոնք խանգարում են իսկապես հայկական ցեղասպանության ճանաչմանը պետությունների և կազմակերպությունների կողմից. նրանք հավանաբար, խուսափում են նեղացնել Թուքիային, կամ վախենում են  իրենց առեվտրային և ռազմավարական շահերը վտանգի տակ դնել:
Դուք ազնվական եք` բարոնուհի։ Իսկ ի՞նչ է պարտադրում այդ տիտղոսը։ Ինչո՞վ է ազնվական իր կյանքում… ազնվականը։ 
-Ես ազնվական տոհմից չեմ եւ ոչ էլ  ազնվական ընտանիքում եմ ծնվել. Լորդերի Պալատի անդամ եմ նշանակվել եւ այդպես ստացել բարոնուհու տիտղոսը: Կարծում եմ, որ պատվաբեր է, ինչպես նաեւ՝ պարտադրող բրիտանական խորհրդարանի պալատներից մեկի անդամ լինելը: Ես այդ առավելությունը փորձել եմ օգտագործել  ”ձայնազուրկների ձայնը” լինելու նպատակով:
-Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ընձեռնված բոլոր հնարավորությունների պայմաններում էլ շատերն են թերեւս իրենք իրենց շարունակում անպաշտպան զգալ։ Գուցե կիսվեի՞ք  Ձեր փորձով. ո՞րն է դեպի առաջ տանող ուժը։ Անձամբ Դուք ո՞ր աղբյուրից եք Ձեր ուժերը ստանում կամ վերականգնում։
-Ես քրիստոնյա եմ, և իբրեւ այդպիսին պարտավորված եմ զգում ինձ հիշել աստվածաշնչյան այն պատվիրանը, որը պահանջում է ինձանից խոսել զրկվածների համար, օգնել հիվանդներին, հոգ տանել, որպեսզի մերկը հագուստ ստանա, իսկ անոթին՝ կերակուր:
-Եթե իմ տեղը  Ձեզ հետ որեւէ լրագրողուհի հարցազրույց ունենար, նա անկասկած կուզենար իմանալ. հատկապես ի՞նչը պետք է հաշվի առնի իր համար քաղաքական կամ հասարակական գործունեության դաշտն ընտրած որևէ կին, եթե նա իրոք հաջողության հասնել է ուզում։
-Քանի որ քաղաքական կյանքի թեման շոշափեցիք, ապա կասեմ, որ իմ համոզմամբ, առանձնակի ոչ մի տարբերություն չկա տղամարդկանց և կանանց միջև: Երկուսի պարտականությունն էլ քաղաքականությունը՝ եթե դա է նրանց ընտրությունը, որպես իրենց ծառայություն դաշտ ընդունելն ու օգտագործելն է:
Եվ որպես նախորդ հարցի շարունակություն.  որևէ նպատակին հասնելուց հետո, երեւի թե բոլորս ենք անբավարարվածության պես մի բան զգում, կամ նույնիսկ, հիաթափություն վերապրում։ Ձեզ մոտ էլ է՞ պատահում։
-Ինչպես ասացի արդեն, իմ գործունեության անմիջական նպատակը տարբեր կարգի ճնշումների ապրող և հետապնդման տառապանքները կրող մարդկանց օգնության հասնելն է, իսկ նման մի գործունեություն, դժբախտաբար, նպատակակետի վերջ պարզապես չունի: Այնպես որ անխուսափելի է ձեր կողմից նշված այդ անբավարարվածությունը, մանավանդ, երբ զգում ես, որ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար չես հասցրել ավելին անել:
– Ասվում է, որ համակարգիչը փոխեց մարդու կենցաղը, նրա սովորություններն ու առհասարակ՝ կյանքը։ Ձեր դեպքում որևէ բան փոխե՞լ է իրոք։ Եթե այո, ապա ի՞նչը։
-Ես համարում եմ, որ ծայրահեղ արժեքավոր մի բան է համակարգիչը. խնայում է մարդու ժամանակը գրելու և հաղորդակցվելու ընթացքում:
-Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Ես հուսով եմ, որ կշարունակեմ օգտագործել ամեն մի հնարավորություն, որպեսզի կարողանամ գործել նրանց համար, ովքեր պայքարում են տարբեր բնույթի բռնությունների ու հետապնդումների դեմ եւ որոնց վիճակը  լրատվության միջազգային գործակալությունների կողմից մեծամասամբ արհամարվում է (տեղեկությունները դրա մասին դուք կգտնեք, այցելելով www.hart-uk.org կայքէջը): Հույս ունեմ, որ ուժերիս ներածին չափով շարունակելու եմ Հայաստանի և Արցախի  ժողովրդի արդարադատության ու ազատության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու փորձը: Կշարունակեմ պայքարս Հայոց Ցեղասպանության և ներկայումս աշխարհի ցանկացած այլ վայրում կատարվող համանման հանցանքների ճանաչման ու դատապարտման համար:
Հարցազրույցը` Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031