Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել Գերմանիայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ

Սեպտեմբեր 02,2012 19:50

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) սեպտեմբերի 1-ին տարածեց մամլո հաղորդագրություն, որով հայտնում էր իր ցասումը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու առնչությամբ:

ԳԿԽ-ն հայտնում է իր բողոքն առ այն, որ Հունգարիան և Ադրբեջանը չարադավ դաշինք կնքելով ակնհայտ խախտում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: <<Աններելի է, որ Բաքվի ռեժիմը մարդասպան Սաֆարովին իր արտահանձնումից անմիջապես հետո նրան ներում է շնորհում ու երկրպագում: Նույնքան աններելի է Բուդապեշտի քայլը, որը կարող էր հստակ պատկերացնել, որ Բաքուն չի կատարելու իր տված խոստումները և մարդասպանը իր հայրենիքում չի շարունակելու կրել պատիժը>>, ասված է հաղորդակցության մեջ:  Սպանությունը կատարվել է բացարձակապես ազգային պատկանելության հիման վրա և Եվրոպայի կառավարությունները պետք է այս հարցում հստակ արտահայտեն իրենց տեսակետները և կատարվածին տան քաղաքական գնահատական:

ԳԿԽ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների որոշումը Հունգարիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում, օրինակելի համարում ֆրանսիացի, շվեդ, ամերիկացի բարձրաստիճան այրերի խիստ քննադատությունները Ադրբեջանի և Հունգարիայի իշխանություննրի հասցեին և հույս հայտնում, որ Գերմանիայի իշխանությունները նույնպես կհետևեն Եվրոպայի ու անդրօվկիանոսյան իրենց արդարամիտ գործընկերների օրինակին ու Բաքու-Բուդապեշտ իշխանական դավադիր զույգին կդատապարտեն նրանց կատարած հանցանքին համարժեք:

<<Այսպիսի դավադրությունները չպետք է հանդուրժվեն ու պետք է ունենան դրանց համարժեք միջազգային հետևանքներ: Հունգարիայի ունեցած իրավական պատկերացումները, որոնք դրսևորեց այդ պետությունը, բացարձակ անհամատեղելի են Եվրոպական Միության հիմնարար արժեքներին>> մամլո հաղորդակցության մեջ ասել է ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

ԳԿԽ-ի  վարչությունը գտնում է, որ Հունգարիան այս քայլով ոչ միայն բացահայտորեն դավաճանել է եվրոպական արժեհամակարգին, վնասել Եվրոպական Միության հեղինակությանը, այլև բարձրացել ահաբեկչությանը օրը ցերեկով հովանավորելու ամոթալի, բայց նաև շատ վտանգավոր հարթակի վրա: Վարչությունը ցավում է, որ որ այս խայտառակությունը որպես ամոթանքի խարան,  գրվեց Հունգարիայի կառավարության շենքի ճակատին:

ԳԿԽ-ի վարչությունը կրկին հիշեցնում է եվրոպական կառավարություններին, որ ներելով, արդարացնելով ու աստվածացնելով քնած մարդուն կացնահարած մարդասպանին, Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը իրենց քաղաքականության հիմքում բացահայտորեն դնում են հակահայ ահաբեկչության սկզբունքը, նույնիսկ Եվրոպայի մայրաքաղաքներում հայ սպանելուց չեն խորշում, չեն ազդվում միջազգային որևէ քննադատությունից:  ԳԿԽ-ն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի տասնամյակներ շարունակ հնչեցրած այն պարզ ճշմարտությունը, որ իրենց կյանքի ու գույքի ապահովության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Դա Արցախի հայերի համար նվազագույն պատնեշ կդառնա ադրբեջանական մշտական վտանգի առջև և վերջապես կապահովի նրանց կենսունակ զարգացումը:

 Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում Գերմանիայի բոլոր հայ համայնքներին, կազմակերպություններին ու անհատներին ս.թ. սեպտեմբերի 8-ին դուրս գալ Բեռլինում Հունգարիայի դեսպանատան ու Գերմանիայի այլ քաղաքներում գործող  հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի ցույցի:

 

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն

Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

02 սեպտեմբերի 2012թ.   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930