Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժհիմնարկները, ապահովագրական ընկերության վճարած գումարներից բացի, պահանջում են բժշկի գրպանն էլ գումար դնել

Սեպտեմբեր 11,2012 15:34

Այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուները քայլ առ քայլ մեր բնակչությանը տանում են պարտադիր բժշկական ապահովագրության: Քաղաքացիներին համոզելու համար, որ ապահովագրված լինելը առողջությունը պահպանելու միակ գրավականն է, վստահեցնում են նաեւ, որ այսուհետ

բժիշկ-հիվանդ ֆինանսական հարցերը կարգավորվելու են ապահովագրական ընկերության եւ բուժհիմնարկի միջեւ եւ հաճախորդը ստիպված չի լինելու բժշկի, բուժքույրերի խալաթի գրպանը գումարներ դնել:
Ապահովագրական շուկայում նաեւ բժշկական ապահովագրություն մատուցող «Ինգո Արմենիա» ընկերության աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ բուժհիմնարկների հետ համագործակցության ընթացքում ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ, ծագում են: «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ասաց, որ հիվանդանոցներում ապահովագրված քաղաքացիներին ստիպում են ավել վճարումներ կատարել` այսինքն` հաճախորդին ներգրավում են ֆինանսական հարցերի մեջ:

Aravot.am-հարցին, թե կոնկրետ ո՞ր բուժհիմնարկներն են ապահովագրված հաճախորդից ավելի գումարներ պահանջել, պարոն Ալթունյանը բուժհիմնարկի անուններ չհրապարակեց: Նրա պատասխանի մանրամասները` տեսանյութում.

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ԱՊՊԱ-ի դեպքում ճնշումներ լինո՞ւմ են իրենց ընկերության աշխատակիցների վրա, Լեւոն Ալթունյանը փաստեց, որ երբեմն պատահում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում բոլոր կողմերի վրա էլ ճնշումներ լինում են: Ըստ գործադիր տնօրենի, շատ է պատահում, երբ կողմերը համաձայնության են գալիս, ասենք` անմեղ կողմը վթարի մեղքն իր վրա է վերցնում, մեղավորը հոգում է նրա ծախսերը, քանի որ անմեղ կողմի մեքենան ավելի էժանանոց է, եւ արդյունքում ապահովագրական ընկերությունը ստիպված է լինում փոխհատուցել թանկարժեք մեքենայի համար:

Ըստ Լեւոն Ալթունյանի, վթարների քանակը մեր երկրում բարձր է, եւ այնքան ժամանակ չի նվազի, մինչեւ «վարորդական իրավունքները ձեռք բերվեն ոչ թե  գումարով, այլ` խելքով»:

Կառավարության սոցիալական փաթեթի 120 հազար հաճախորդներից «Ինգո Արմենիա»-ում ապահովագրվել է մոտ 40 հազար պետական աշխատող: Ընկերությունն ունի նաեւ պատասխանատվության ապահովագրություն, ըստ գործադիր տնօրենի՝ այդ կատեգորիայի մեջ մտնում են ինտելեկտուալ, էկոլոգիական եւ այլ ապահովագրություններ: Այսինքն` այս կամ այն հիմնարկը կարող է դիմել եւ իրեն ապահովագրել իր հասցրած էկոլոգիական վնասները փոխհատուցելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930