Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դեպք` Կապան քաղաքում

Հոկտեմբեր 10,2012 19:59

Այսօր ժամը 14-14:30 րոպեին Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու Կապանով անցնող ճանապարհահատվածում` Բաղաբերդ թաղամասում, Կապանը սնուցող Գեղիի մայր ջրագծի վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի պատճառով մեծ ճնշման ջրի շիթը քանդել-վնասել է ասֆալտը եւ որոշ ժամանակ անանցանելի դարձրել երթեւեկությունը: Բացի այդ, վնասված ջրատարից դուրս եկող բարձր ճնշման ջրի շիթի հարվածներից մեծ վնաս է  հասցվել նաեւ ճանապարհի երկայնքին գտնվող Կապանի բնակիչ Համլետ Գեւորգյանին պատկանող խանութին, որտեղ բնակչի ասելով մոտ 4 մլն դրամի արժողության ապրանք է եղել, վթարից վնասվել է նաեւ բնակչի տունը: Դեպքի պահին խանութում երկու կին ու մեկ երեխա է եղել: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից` մարդկային տուժածներ չկան, հրշեջ փրկարարներն անվնաս դուրս են բերել խանութում գտնվող մարդկանց:

Ներկա դրությամբ ճանապարհը միակողմանի  երթեւեկելի է, իսկ  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Կապան տեղամասի աշխատակիցները ժամը 19-ի դությամբ դեռեւս դեպքի վայրում վթարի վերականգնման աշխատանքներ են իրականացնում:

Կապան տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց, որ վթարի պատճառը մաշված ջրատարն է եղել, որը 2 մ խորության վրա է գտնվել: Ջրատարի հետեւանքով խախատվել է նաեւ տվյալ ջրագծից սնուցվող Կապանի Մելիք Ստեփանյան, Դավիթ Բեկ, Մուշեղ Հարությունյան, Լեն-Հանքեր, Կավարտ, Աշոտավան, Արփիկ եւ Բաղաբերդ թաղամասերի ջրամատակարարումը: «Ջրամատակարարումը դադարեցրել ենք ժամանակավոր, որպեսզի օրակարգավորիչ ջրամաբարներում ջուր կուտակվի, անհրաժեշտ ջրի պաշար ունենանք մինչեւ վթարի վերականգնվելը: Այս պահին էլ դեռ շարունակում ենք նորոգման աշխատանքներ իրականացնել, վթարը խոշոր է, դեպքի վայրում կաշխատենք մինչեւ ուշ գիշեր, կփորձենք գոնե մինչեւ  վաղն առավոտյան ավարտել աշխատանքները, բայց այս պահի  դրությամբ հստակ չեմ կարող ասել, թե երբ կհաջողվի վերականգնել վթարը», – ասաց Հովհաննես Գեւորգյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031