Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին հացադուլ է հայտարարել

Հոկտեմբեր 10,2012 23:23

Ավազակային հարձակում կատարելու համար  7 տարվա ազատազրկման դատապարտված Վանաձոր ՔԿՀ կալանավոր Վարդան Դումանյանը արդեն երեք օր  է հացադուլի  մեջ է :

Այդկերպ նա իր բողոքն էլ արտահայտում վերջերս Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման:

Նրա մայրը` Գայանե Դումանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ թեեւ չի ժխտում, որ որդին հանցանք է կատարել, բայց պնդում է, որ որդին ոչ թե հարձակվել է քաղաքացու վրա, այլ խուլիգանություն է արել, ինչի համար պատրաստ է կրել իր պատիժը: «Համամիտ եմ,  արել ա, թող պատիժը ստանա: Բայց այդ դեպքը ավազակային հարձակում չի, որովհետեւ մարդը մեկ հոգով երբեք չի կարող ավազակային հարձակում կատարել »:

Համաձայն մեղադրական եզրակացության` Վարդան Դումանյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում է  կատարել  քանդակագործ Գերասիմ  Թումանյանի վրա,  նրանից հափշտակել զգալի չափերով գումար  եւ  թողնելով ուշագնաց վիճակում ՝ մյուս  անձանց հետ հեռացել բնակարանից:

Սակայն մինչ օրս ոչ հանցակիցներն են հայտնաբերվել, ոչ էլ  պարզվել է նրանց ինքնությունը:

«Նախաքննությունը հենց առաջին օրից սխալ գնաց: Թող նորից գործը քննեն ու պարզեն, թե որտեղից եղավ ավազակային հարձակում, այն դեպքում, երբ քննության ընթացքում չհայտնաբերվեցին մատնանշված երկու անձինք »:

54-ամյա մայրը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ տուժողը, լինելով քանդակագործ, մինչ օրս չի կարողացել նկարագրել  մյուս երկու անձանց արտաքին տվյալները` մազերի, հագուստի գույնը, դիմագծերը եւ այլն:

«Խուլիգանություն ա արել, իրար հետ խմել են, իրար հետ կռվել: Դա ավազակային հարձակում չի: ԸՆկել են մի հարբեցողի խելքին, ու նա իր տեսակետն է առաջ քաշել, նախաքննական մարմինն էլ  այդպես գրել, սիրունացրել, դարձրել  է ավազակային հարձակում »:

Մայրը պնդում  է, որ մյուս երկու անձինք մտացածին են, իր որդին մենակ է եղել այդ օրը:

Գործի նյութերով պարզվել է, որ դեպքի օրը տուժող Գերասիմ Թումանյանը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում, ինչն ապացուցվում է նաեւ վկաների ցուցմունքներով:

Դատարանի կայացրած որոշման դեմ իրենց բողոքն են արտահայտում ոչ միայն Վարդան Դումանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը, այլ նաեւ «Ոսկե միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ –ն` ի դեմս նախագահ Հովհաննես Ղազարյանի:

Կազմակերպությունը նամակ է ուղարկել  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` խնդրանքով կայացնել արդարադատություն:

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին.
Հարգելի պարոնայք.
Ձեզ ենք դիմում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդան Դումանյանի խնդրի կապակցությամբ, ում պատկան մարմինները դաժանորեն դատապարտել են 7 տարվա ազատազրկման՝ չկատարած հանցանքի համար: Այժմ նա գտնվում է Վանաձորի ՔԿՀ-ում` հացադուլի մեջ:
Սկզբում նրա կատարած հանցանքը որակվում էր խուլիգանություն (պատժաչափը 2 ամիս կալանք կամ մինչև 2 տարի ազատազրկում), իսկ հետո նախաքննություն իրականացնող մարմինը փոփոխեց այն` ներկայացնելով որպես  խմբակային ավազակային հարձակում, այդ տեսքով մեղադրականը ներկայացրեց դատարան, որի արդյունքում Վարդանին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման…
Ոչ նախաքննական մարմինը, և ոչ էլ դատարանը հաշվի չառան գործում առկա խմբակային ավազակային հարձակման համար փաստերի բացակայությունը, վկաների միմյանց ու իրենց իսկ խոսքերին հակասող վկայությունների անարժանահավատությունը: Դեպքի պահին ծայրահեղ հարբած վիճակում գտնված տուժողի հակասական ցուցմունքն ի գիտություն ընդունելով, տղային, ով արդեն շուրջ 10 ամիս կալանավորված էր, դատապարտեցին երկար տարիներ անցկացնելու բանտում՝ չկատարած հանցանքի համար(դատական գործի համարը՝ ԼԴ/0116/01/12):
Պարոնայք, անհասկանալի է,  թե այդ ինչպես պատահեց, որ տասը ամիս տևած նախաքննության ընթացքում այդպես էլ չհայտնաբերվեցին «հանցակիցները», որոնց մասով մեղադրականում գրված է՝ «քննությամբ չպարզված հանգամանքներում նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված երկու անձի հետ… » (քրեական գործի համարը՝ 19128011):
Հարգելի պարոնայք, մենք ուսումնասիրեցինք Վարդան Դումանյանի գործը և նույնիսկ իրավական դաշտից հեռու մարդու համար ակնհայտ է վերոնշյալ հանցանքի մտացածին լինելը: Իսկ Վարդանը 08.10.2012թ-ից հացադուլի մեջ է, քանի օր կդիմանա տղան, դա անհայտ է:

Հարգարժան պետական այրեր, դիմում ենք Ձեզ և պահանջում կարգադրել վերանայել գործը` այդ գործընթացում ներգրավելով նաև մեզ` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մենք, ներգրավված լինելով, կկատարենք մոնիթորինգ և հատուկ զեկույցով արդյունքները կներկայացնենք ՀՀ նախագահին, ում արդեն գրությամբ տեղեկացրել ենք գործի մասին` խնդրելով նաև իր միջամտությունը»,-ասված է նամակում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031