Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Ղազարյան. «Ամեն մարդ կարողանում է նստի ու հարեւանի փողերը հաշվի»

Հոկտեմբեր 17,2012 13:51

«Վեդի ալկոյի» խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ որոշակի խնդիրներ կան. խաղողագործները մտածում էին, որ բերքը հասունացել է, մթերողներ չկա, մթերողներն էլ մտածում էին, որ բերքը պետք է ավելի հասունանա, որ լավ գինի ստացվի:

Մանվել Ղազարյանի խոսքերով՝ «Ամերիկյան եւ ռուսական շուկա արտահանման ծավալները նվազել են, այս ամեն ինչը եկել եւ կուտակվել է այս շաբաթվա մեջ: Բայց «Վեդի ալկոն» շարունակում է մնալ խաղող մշակողի կողքին: Մենք ամեն օր կատարում ենք մթերում, ամեն օր խաղող ենք գնում»:

Հարցին՝ որքանո՞վ եք մթերում խաղողը, որովհետեւ Աղավնաձորում ասում էին 220 դրամ են մթերում՝ մեկ կգ-ի դիմաց: Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ հենց հիմա մենք մթերում ենք 220 դրամով, շուկայում գին բարձրացնողը էլի մեր ընկերությունն է  եղել: Տարի է եղել, մենք մինչեւ 350 դրամ վճարել ենք՝ մեկ կգ Արենիի համար, որովհետեւ բերքը քիչ է եղել: Այս տարի բերքը շատ է, բնականաբար, կարող է նաեւ գնի իջեցում էլ լիներ: Այս տարի որոշեցինք ամբողջ խաղողը մթերենք 220 դրամ ֆիքսված գնով, որին ես դեմ եմ: Այն խաղողագործը, որը լավ է աշխատում, շաքարայնությունը խաղողի բարձր է, մենք պետք է վճարեինք ավելի բարձր՝ 230, 240 դրամ: Այս պահի դրությամբ 658 տոննա արդեն մթերել ենք, անցյալ տարի մթերել ենք շուրջ 1250 տոննա, այս տարի, վստահ եմ, այդ թիվը կպահպանվի»: Նա նշեց, որ կարող էին խաղող ընդհանրապես չմթերել, որովհետեւ շուկան փոքրացել է եւ իրենց պետք չէ խաղող, բայց չեն ուզում գործընկերներին կորցնել. «Ժողովուրդն ինձ հարցնում է՝ մենք եկող տարի խաղող չմշակե՞նք: Ասում եմ՝ մշակեք, որովհետեւ մենք աշխատում ենք նոր շուկաներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Պարոն Ղազարյանը նշեց, որ գինու արտահանման ծավալները կրճատվել են մոտ 50 տոկոսով. «Ռուսական շուկայում խոշոր գործընկերներ ունեմ, որոնց պարտնյորները կորցրել են իրենց լիցենզիան»:

«Վեդի ալկոն» ներկայումս աշխատում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի շուկաների հետ. «Չինաստանի հետ անընդհատ աշխատում ենք, բայց դեռեւս արդյունք չկա»:

Լրագրողները նշեցին, որ աղավնաձորցիները բողոքում էին, որ «Վեդի ալկոյի» գինին թանկ է, շուկայում չի իրացվում, դրա համար են խնդիրներ ստեղծվել: Մանվել Ղազարյանը չհամաձայնեց. «Ամեն մարդ կարողանում է նստի ու հարեւանի փողերը հաշվի: Վերջին տասը տարում ամեն ինչը թանկացել է մեր երկրում, բացի գինուց: Մեր գինին վերջին 10 տարում չի թանկացել: 600 դրամով Արենի գինի չի կարող լինել: Հաստատ այդտեղ Արենի խաղող չկա, կարող եմ ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031