Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ պաշտոնական Երեւանի ու Մայր աթոռի մասին. Մտածել են պատրիարք է՝ հողին հանձնենք, հետ գանք

Հոկտեմբեր 17,2012 17:05

Վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը խոշոր դեմք էր ոչ միայն երուսաղեմահայերի, այլեւ ողջ հայության համար: Aravot.am-ի տեղեկություններով, Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակությունը նվազ ներկայացուցչական է, մինչդեռ պետք է հաշվի առնվեր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կարեւորությունը եւ հայոց ներկայությունը Երուսաղեմում:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը մեր զրույցում հաստատեց, որ մեկնողների թվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ավելի ուշ, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը Aravot.am-ին հայտնեց, որ պատվիրակության կազմում երկուսն են՝ Նավասարդ սրբազանն ու Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս սրբազանը: Տեր Վահրամը նաեւ հավելեց, որ նրանք կմասնակցեն Երուսաղեմում կայանալիք արարողություններին ու կներկայացնեն Վեհափառ Հայրապետի անվանական խոսքը: Հետաքրքրվեցինք՝ արարողակարգով նախատեսված չէ՞ Ամենայն հայոց կաթողիկոսի մեկնումը: Տեր Վահրամն ասաց, որ նման արարողակարգ չկա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանից մեկնաբանություն խնդրեցինք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նշանակության, Մերձավոր Արեւելքում նրա ունեցած քաղաքական արժեքի, ինչպես Թորգոմ սրբազանի թաղման արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակության կազմի մասին:

«Պետք է ավելի ներկայացուցչական պատվիրակություն մեկներ: Հայ եկեղեցու նվիրապետական 4 աթոռների (Պոլիս, Երուսաղեմ, Կիլիկո թեմ եւ Էջմիածին) համագործակցությունը շատ կարեւոր է, ուստի լավ կլիներ, որ այս պարագայում էլ բարձրագույն դեմքերով ներկա գտնվեին: Իսկապես հայաստանյան կողմի ներկայացուցչական կազմը վատ է ընտրված: Արդյունավետ կլիներ, եթե հայկական պատվիրակությունը ավելի մեծ տրամաչափի ներկայացուցիչներ ուղարկեր»,- ասաց փորձագետը:

 Ապա հավելեց. «Հին քաղաքի 1/6-րդ մասը հայերին է պատկանում, հայկական հողերի խնդիրը մշտապես ինչ-ինչ նկրտումների առարկա է դարձել՝ թե քրիստոնյա համայնքների, թե հրեական պետության եւ թե արաբների կողմից: Հայաստանի՝ ավելի մեծ ներկայացուցչական կազմով եւ խոշոր գործիչներով ներկայանալը ցույց կտար Հայ առաքելական եկեղեցու, Հայաստան պետության ներգրավվածությունը Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման եւ Երուսաղեմի պատրիարքարանի կշռի մեծացման տեսանկյունից: Իսկ ինչ գործիչներով ներկայանում ենք հիմա, դա ցույց է տալիս մեր եկեղեցու թուլամորթ կամ խղճմտալից վիճակը, որը ավելի շատ պաշտպանական բաներ է կարող ունենալ, եւ ոչ թե լուրջ խնդիրներ առաջ քաշելու կամ լուծելու ռազմավարություն: Դե, մի պատրիարք է՝ մահացել է, գնանք հողին հանձնենք, հետ գանք՝ հավանաբար այս մտածողությամբ են առաջնորդվել, մինչդեռ ցանկացած նման կարգի իրադարձություն շատ մեծ քաղաքական բաղադրիչ կարող է ունենալ եւ ցույց տալ թե Էջմիածնի, թե պաշտոնական Երեւանի վերաբերմունքը Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների, այդ թվում՝ սուրբ վայրերի եւ այն կապիտալի հանդեպ, որ հայությունը արդեն մի քանի հարյուրամյակ ստեղծել է Երուսաղեմում ու դրա միջոցով կարողանում է ազդել թե Իսրայել պետության, թե Պաղեստինի, թե իսրայելապաղեստինյան հակամարտության եւ թե շրջակա երկրների, այդ թվում Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ այլնի հետ կապված: Պետք է երեւար, որ Հայաստանը մի կողմ քաշված չէ, ինչպես հիմա է, ու փաստվեր, որ շահագրգիռ է որոշակի խնդիրներ առաջ մղելու առումով եւ իր հետ հաշվի նստելու քաղաքականություն է վարում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031