Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունի»

Հոկտեմբեր 31,2012 12:30

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին», – Պրահայում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որեւէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ։

Այս մասին խորհրդարանի խոսնակն ասաց՝ պատասխանելով «Ազատություն» հարցին, թե արդյոք ուժի մե՞ջ է նախկին կոալիցիայի երեք ուժերի` անցած տարի ստորագրած հուշագիրը, ինչը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաեւ սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ մենք եղել ենք նաեւ կոալիցիոն գործընկեր նախկինում», – ասաց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը` շարունակելով. – «Մայիսի 6-ի պառլամենտական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկություն չունեցավ, որպեսզի մեզ հետ կոալիցիա կազմի։ Մենք այսօր կոալիցիա ենք կազմել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, իսկ «Բարգավաճ»-ը այլընտրանք է։ Իմ ցանկությունն է, որ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որը ընտրվի մեծ տոկոսներով»։

«Իհարկե, ես չեմ էլ տեսնում որեւէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեն գցում, բայց չեմ էլ տեսնում», – ասաց Աբրահամյանը։

Ազգային ժողովի նախագահի կարծիքով` այլընտրանքային թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է, քանի որ, ինչպես Հովիկ Աբրահամյանը ձեւակերպեց, նախագահը փորձելու է անել ամեն ինչ երկիրն առաջ տանելու համար եւ ունի այդ ցանկությունը, հնարավորությունը, գիտելիքն ու փորձը. – «Մենք էլ պետք է օգնենք, ամեն ինչ անենք, որ փետրվարյան ընտրություններից հետո… Որոշ մարդիկ պատկերացնում են, որ ընտրությունը ավարտվեց` ամեն ինչ ավարտվեց, ես, հակառակը, մտածում եմ, որ եթե մեծ տոկոսով Սերժ Սարգսյանը հաղթի, ապա ինքը մեծ պարտավորություն ունի ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ։ Ամեն ինչ պետք է անի, որ մեր արտագաղթը կոնկրետ դադարի երկրից, ամեն ինչ պետք է անի, որ մեր հայրենակիցները, ովքեր որ գնացել են աշխատանք որոնելու, վերադառնան, երկրում փորձեն բարգավաճել, զարգանալ, իրենց բիզնեսը ձեւավորել։ Այդ խնդիրները, ես տեսնում եմ, որ կարող է այսօր լուծել միայն Սերժ Սարգսյանը»։

Ազգային ժողովի նախագահն ասաց, թե առայժմ չգիտի՝ ի՞նքն է ղեկավարելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թե՞` ոչ. Հանրապետական կուսակցությունում հարցը դեռ չեն քննարկել։

Հովիկ Աբրահամյանը այս օրերին պաշտոնական այցով Չեխիայում է, երեքշաբթի օրը Պրահայում Հայաստանի դեսպանատանը նա հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ  եւ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի եւս՝ արդյոք նախօրեին դատախազության հասցեին նախագահի հնչեցրած կոշտքննադատությանը կարո՞ղ են նաեւ պաշտոնանկություններ հաջորդել։

«Ինչու չեմ կարծում` միշտ էլ լինելու են հրաժարականներ, եւ ես ասեմ, որ ինքը շատ լուրջ է դրել այդ հարցերը` բոլոր ոլորտներով», – ասաց Ազգային ժողովի նախագահը` հավելելով. – «Նաեւ մարդկանց դժգոհությունը արդարացի է, մարդիկ դժգոհում են, ոլորտները, օրինակ` առողջապահության ոլորտ, շինարարության ոլորտ… Ո՞նց կարելի է, օրինակ, եթե մի շենքը 700 միլիոն դրամ` մոտ 2 միլիոն դոլար դնում են վերանորոգելու համար, չստուգեն` այդ շենքի հիմքերը կայո՞ւն է, որպեսզի վերանորոգեն շենքը, եւ այլն»։

«Նման մարդկանց պետք է դատապարտեն իրոք։ Այն մարդիկ, ովքեր որ կոռուպցիայի մեջ են, պիտի գնան մեր շարքերից, եւ դա շատ ճիշտ է, տեղին է, եւ ես համոզված եմ, որ հետամուտ է լինելու նախագահը, որպեսզի այդ գործընթացները միշտ շարունակական լինեն։ Իրոք ամոթ է։ Թող գնան մարդիկ աշխատեն ապրեն, բայց գողանալը բյուջեից փողերը, իմ կարծիքով, դա անարդար է», – հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Կարլեն Ասլանյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031