Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ի տարածումը կանխող միջոցառումների իրականացմանն ուղղված ներդրումների անհրաժեշտությունը Եվրոպայում

Նոյեմբեր 30,2012 13:03

2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում: Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է, ինչը խոսում է Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնի (ԵՀՎԿԿ) և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ/ԵՎՐՈ) նոր հաշվետվությունը[1], որը հրապարակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, վկայում է, որ թեև ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհի տարբեր շրջաններում կրճատվել է, այնուամենայնիվ, վարակի տարածումը ԵՄ/ԵՏԳ երկրներում չի նվազել, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անգամ բարձրացել է :

Ավելին, ԵՄ մի շարք երկրներում շարունակվում են ՄԻԱՎ-ի բռնկումները ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում, ինչը նշանակում է, որ համապատասխան միջոցառումների բացակայության կամ թերի իրականացման պայմաններում հիվանդացության ցածր մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ` հանգեցնելով հիվանդության բռնկման:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է պետությունների համար` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանն ուղղված արդյունավետ առողջապահական միջոցառումների հասանելիությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ կատարելու առումով: Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածում հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցող չորս հիվանդից ընդամենը մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը` սա ամենացածր ցուցանիշներից մեկն է աշխարհում»,– ասում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Ժուժանա Ջեյկաբը: «Պետք է շտապ լրացուցիչ միջոցներ ներդնենք, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Այսօր ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ուղղված ամեն մի եվրոն ապագայում հետ կստանանք բուժման գծով խնայած ահռելի միջոցների տեսքով, էլ չենք խոսում, թե որքան կշահի հասարակությունը` յուր անդամների առողջությունը և աշխատունակությունը պահպանելու շնորհիվ»,- ավելացնում է նա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հանրային առողջապահությանը նվիրված համաժողովին ելույթ ունենալու ընթացքում ԵՀՎԿԿ-ի տնօրեն Մարկ Սփրենջերն ընդգծել է. «ԵՄ մի շարք երկրների վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե չի հաջողվում ընդհատել ՄԻԱՎ-ի փոխանցման շղթան, ապա այդ ձախողման հետևանքները` երկարաժամկետ կտրվածքով, ՄԻԱՎ-ի հիվանդացության բարձր մակարդակի տեսքով, անխուսափելի են, հատկապես եթե հաշվի առնենք մեր վերջին տվյալները, որ վարակի նոր դեպքերի մոտ կեսը ուշ շրջանում է ախտորոշվում: Եթե ցանկանում ենք կրճատել և կանխել ՄԻԱՎ-ի հետագա տարածումը Եվրոպայում, պետք է ներդրումներ կատարենք և զարգացնենք ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունները: Այսպիսով կարող ենք ապահովել հիվանդության վաղ ախտորոշումը, ինչպես նաև բուժման հասանելիությունը և պատշաճ իրականացումը, կրճատել ուշ փուլում հայտնաբերված հիվանդության դեպքերի թիվը և երկարաժամկետ կտրվածքով բարելավել բուժման ելքերը:»

 

Իրավիճակը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում

Վերջին տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածին: Նոր դեպքերի կեսն ախտորոշվում է ուշ շրջանում, երբ բուժման արդյունավետությունն արդեն շատ ցածր է: Ուշացած ախտորոշումը և բուժման ծրագրերում հիվանդների ցածր ընդգրկվածությունը բերում են ՁԻԱՀ-ի և դրա հետ կապված մահվան դեպքերի աճի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում, նշված ցուցանիշները կայունացման կամ նվազման և ոչ մի միտում չեն դրսևորում:

Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ը դեռևս կենտրոնացած է հիմնական ռիսկի խմբերում, օրինակ` արվամոլների, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: Ինչևէ, վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճում է նաև հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցված վարակի դեպքերի թիվը` կազմելով տարածաշրջանում գրանցված հիվանդության բոլոր դեպքերի մոտ կեսը: Կանխարգելիչ միջոցառումները` հասցեագրված այն զույգերին, որոնցում զուգընկերներից մեկը բարձր ռիսկայնության վարքագիծ է դրսևորում, պետք է անդրադառնան նաև հետերոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցման վտանգին:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության արդյունքներն ամփոփող վերջին հաշվետվությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 2011 թ. տարածաշրջանի բոլոր անդամ-պետությունների կողմից ընդունված` ԱՀԿ-ի 2012–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագրի առաջարկությունները հիմնավորված են: Այն շեշտադրում է Եվրոպայում ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինչը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող յուրաքանչյուր անձի պարագայում թույլ կտա ապահովել հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը: Նշված միջոցառումները պետք է նախ և առաջ ուղղված լինեն բարձր ռիսկի խմբերին` նպաստելով հիվանդների խոցելիության նվազմանը և խրախուսելով պացիենտների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը դրանց իրականացման գործընթացում: Արդյունքում՝ հնարավոր կլինի բարելավել բուժման ելքերը և կլինիկական արդյունավետությունը, ինչպես նաև կանխել կամ զսպել ՄԻԱՎ-ի տարածումը Եվրոպայում:

 

Իրավիճակը ԵՄ/ԵՏԳ պետություններում

ԵՄ/ԵՏԳ պետություններում հիվանդությունը հիմնականում կենտրոնացած է ռիսկի առանցքային խմբերում, օրինակ` արվամոլների շրջանում (այս խմբին բաժին է ընկնում ՄԻԱՎ-ի դեպքերի մեծ մասը), ինչպես նաև ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: 2011 թ. ներերակային թմրադեղեր օգտագործողների շրջանում վարակի տարածվածությունը պահպանվել է համեմատաբար ցածր մակարդակի վրա` կազմելով ախտորոշված դեպքերի 5%-ը, ինչը 40%-ով պակաս է 2004 թ. ցուցանիշից:

Նոյեմբերի 30-ին Աթենքում կայացել է հանրային առողջապահությանը նվիրված համաժողովը, որի ընթացքում ԵՀՎԿԿ-ն ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով Հունաստանում տիրող իրավիճակի մանրամասն գնահատականը: Մասնավորապես նշվել է, որ ՄԻԱՎ-ի ներկայիս բռնկումը ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, որոնցից առավել կարևորը կանխարգելիչ ծառայությունների ցածր մակարդակն էր բռնկմանը նախորդող երկարատև ժամանակահատվածի ընթացքում: ԵՀՎԿԿ-ն ընդգծել է, որ նշված բռնկմանը արձագանքելիս անհրաժեշտ է նախ և առաջ հաշվի առնել այնպիսի միջոցառումների գերակայությունը, ինչպիսիք են փոխարինիչ օպիոիդային բուժման և ասեղների ու ներարկիչների տրամադրման ծրագրերի ծավալների ընդլայնումը:

1990-ականներից ի վեր ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը ԵՄ/ԵՏԳ պետություններում շարունակաբար նվազում է:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ

ECDC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930