Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը ժամանակավրեպ եւ անընդունելի է համարում ՀՅԴ առաջարկը` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին

Դեկտեմբեր 04,2012 22:38

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղխորհրդում լայն անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին:

Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը` ՕԵԿ քաղխորհուրդը լսեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ՀՅԴ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշեց.

ՀՅԴ ներկայացրած 7 առաջարկություններից առաջին երկու հարցերի վերաբերյալ, այն է` անցում խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքին և կառավարման խորհրդարանական համակարգին, «Օրինաց երկիր» կուսակցությունը արդեն իսկ արտահայտել է իր տեսակետը: Ըստ այդմ` հավատարիմ իր քաղաքական կուրսին և մինչ այժմ գործադրած ջանքերին, կարևորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը նշեց. որ խնդրի քննարկմանը նպատակահարմար է  անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ՀՅԴ առաջարկին, ապա այն համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ  և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ և ժողովրդավարական իշխանություն:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է ընդդիմության ներգրավածությանը հակակոռուպցիոն պայքարում, պետական և հանրային ոլորտները կարգավորող ենթակառուցվածքներում: Իսկ Վերահսկիչ պալատը մշտական կարգով աշխատակցելու է խորհրդարանական բոլոր, այդ թվում` ընդդիմադիր խմբակցությունների հետ: «Օրինաց երկիրը» կողմնակից է այս դրույթի օրենսդրական ամրագրմանը:

ՕԵԿ-ը մշտապես նոր աշխատատեղերի ստեղծումը, աղքատության վերացումը համարել է գերակա և ակտիվ պայքարել է նշված խնդիրների լուծման համար: Կուսակցությունը կողմնակից է բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը և դատական իշխանության անկախությանը:

ՀՅԴ ներկայացված առաջակություններից 5-րդ և 6-րդ կետերը «Օրինաց երկիր» կուսակցության համար ընդունելի են որպես ռազմավարական մոտեցումներ: Նույնաբովանդակ, կամ նման նպատակները մշտապես եղել են կուսակցության քաղաքական գործունեության սկզբունքային առաջնահերթություններից: Դրանց մի մասը հռչակված են կուսակցութության ռազմավարական ծրագրում, մյուսները տարբեր ժամանակներում տեղ են գտել ՕԵԿ նախընտրական ծրագրերում:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, ՀՀ-ին համարելով ԼՂՀ անվտանգության հիմնական երաշխավոր, այդուհանդերձ, ներկայումս  նպատակահարմար չի գտնոմ ՀՀ և ԼՂՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը, քանի որ այն դեֆակտո առկա է: Իսկ նման փաստաթղթի ստորագրումը այսօր ոչ միայն չի բարձրացնի ԼՂՀ անվտանգության մակարդակը, այլ նաև կարող է հիմնախնդիրներ առաջացնել Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

Կուսակցությունը փաստում է, որ Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացում հայկական դիրքորոշումները մինչ այժմ  միանշանակորեն դրական են գնահատվել աշխարհի ուժային կենտրոնների և միջազգային հանրության կողմից` ամրապնդելով ՀՀ դիրքերը: Եվ մենք պետք է շարունակենք մեր արժանապատիվ պայքարը համահայկական գաղափարների և շահերի լիակտար իրականացման նպատակով, ինչը առաջնային քաղաքական գերակայություն է «Օրինաց երկիր» կուսակցության համար:

ՕԵԿ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31