
Ասուլիսի ժամանակ մարզպետը խոսել է գյուղատնտեսության ձեռքբերումների, պետության կողմից ցուցաբերված աջակցության մասին: Տավուշցի լրագրողները մարզպետին հարցեր են ուղղել գյուղատնտեսական խնդիրների՝ սակավ մթերված դեղձի, մարզում հիմնված, սակայն չգործող կաթի ընդունման կետերի, հակակարկտային կայանների բացակայության, գրանցված սիբիրախտի դեպքերի մասին:
Մարզի գյուղատնտեսական ոլորտում բազմաթիվ հիմնահարցեր կան, որոնց մասին ասուլիսում չի բարձրաձայնվել: Գյուղատնտեսական մարզում չկան գյուղատնտեսական շուկաներ, եւ տավուշցին աճեցրած բերքը էժան գնով հանձնում է վերավաճառողներին: Մարզի գինու գործարանները ընդունված խաղողի գումարների մի մասը դեռ չեն վճարել խաղողագործներին, Տավուշում իրացվող թունաքիմիկատները մեծամասամբ անորակ են, որը բացասաբար է ազդում բերքի վրա: Պետպատվերի շրջանակներում մարզում անասունների պատվաստումները պատշաճ ձեւով չեն արվում, որի հետեւանքով անասունները տարբեր հիվանդություններից սատկում են:
Տավուշի մարզպետարանը գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները ներկայացնելիս երբեմն ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացնում: Օրինակ, վերոհիշյալ ասուլիսի ժամանակ նշվել է,որ 2011 թվականի համեմատ այս տարի մարզում 6 տոննայով ավելի պտուղ եւ հատապտուղ է արտադրվել: Ո՞վ է կշռել մարզում պտղի եւ հատապտղի ողջ բերքը:
Կարդացեք նաև
Հավելենք,որ 2012թ. հոկտեմբերի 21-ին գյուղատնտեսական աշխատողի օրվա կապակցությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը 5 մարզպետների՝ այդ թվում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պարգեւատրել է գյուղնախարարության ոսկե մեդալով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































