Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ էնենք, էրթանք Սերժի մո՞տ»

Հունվար 08,2013 11:25

Գյումրու նորակառույց «Մուշ-2-2» թաղամասի որոշ շենքերի բնակիչների ջրամատակարարման ներքին համակարգը դեկտեմբերի կեսերից սառել է, չի գործում նաեւ կոյուղին: Նման իրավիճակ է, մասնավորապես, թիվ 38, 39, 66, նաեւ՝ թիվ 67 շենքերում:

Թիվ 67 շենքի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց ջուրը սառել էր, բայց սեփական ուժերով կարողացել են հալեցնել սառույցը, իսկ 66 շենքի բնակիչները նշեցին, որ ջրամատակարարման ներքին համակարգը սառել է, այդ թվում՝ կոյուղագծերը:

Նրանցից շատերը 20 օրից ավել է՝ ջուր չունի: Բնակիչներն ասացին, որ դիմել են «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին, սակայն այնտեղից իրենց խնդրին չեն արձագանքել. «Ջրերն էլ սառավ, կանալիզացիան էլ է սառել, ահավոր վիճակ է»:

Թիվ 66 շենքի բնակչուհի Անահիտ Բաղդասարյանի խոսքերով, բնակարանների հանձնման օրվանից իրենք այստեղ են եղել: «Նայեք՝ ինչ վիճակ է, ջուրն էս ձեւի սառել է, ստեղ տվել տրաքել է, ոչ սարքող կա, ոչ՝ բան: Կոյուղին նմանապես սառել է, կեղտաջուրը լրիվ տան մեջ է լցվել,  գազ չկա, որ տաքցնենք: Արդեն երկու շաբաթ ես վիճակում ենք: Չուլ ու փալասով փակել ենք կռանտի տակը, ես ինչ վիճակ է, պառից էլ ջուր կկաթա»:

Նա նաեւ բողոքեց, որ  շինարարները իրենց դուռը լավ չեն ամրացրել, երկու դիմում է գրել «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությանը, սակայն որեւէ արձագանք չի եղել: «Դռան վրա սառուց է բռնել, վախենամ մկներ ու կռիսներ ներս մտնեն, երեխա կա, հո էսպես չի եղնի»,- բողոքեց զրուցակիցս:

Նույն շենքի բնակիչներից Գրիգորը մեզ հետ զրույցում ասաց. «Ընկերոջս հետ կերթանք ուրիշ շենքերից ջուր կրելու: Ջրմուղն ու «Գլենդել Հիլզը» կսեն, որ մեր գործը չէ, համ կանալիզացիան է սառել, համ կոյուղին: Նախ՝ ում որ տուն պետք չէ, ինչու՞ տվեցին, որ հիմա էլ չեն գալիս բնակվում, մեզ էլ  կրակն են գցել: Տեր չեղնիմ, կեղտաջրերը կլցվեն երրորդ հարկ: Որ տեսա բան չի դուրս գա, կթքեմ, կերթամ ստից, թող ջրագծերը տրաքեն: Պլաստմասան որ տաքցնեմ, կտրաքի, հետո էլ պետք է գան ըսեն՝ ընչի ես ձեռք տվել»:

Վրդովված բնակիչները նաեւ պատրաստ են խնդրի մասին տեղյակ պահել Սերժ Սարգսյանին, իսկ «Գյումրի-Ասպարեզը» առաջիակյում կհետաքրքրվի, թե ինչպիսին է խնդրի վերաբերյալ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ դիրքորոշումը:

Անահիտ Սիմոնյան

ԱՍՊԱՐԵԶ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031