Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախագահի կին թեկնածու չունենալու պատճառները

Հունվար 17,2013 16:02

Խոհանո՞ց, թե՞ քաղաքականություն. այս անգամ էլ չենք կարող կին ընտրել:

Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը հայ է եղել

«Բա կինը նախագահ կլինի՞, իրանը խոհանոցի նախագահությունն ա», – արձագանքեց ծանոթներիցս մեկը՝ իմանալով, որ Հայաստանի նախագահի 2013թ. ընտրություններին կարող է կին թեկնածու լինել:

1974թ.` Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի մահից հետո, ծանոթիս հարցի պատասխանն արդեն տրված էր, երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնեց նրա կինը՝ Իզաբել Պերոնը, դառնալով աշխարհում առաջին կին նախագահը: Վեց տարի անց Իսլանդիայում նախագահի ընտրություններում հաղթեց Վիգդիս Ֆինբոգադոտիրը, որն էլ եղավ աշխարհում առաջին ընտրված կին նախագահը:

Ներկայումս աշխարհի 15 պետությունների գլուխն է իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում՝ մասամբ ճանաչված Կոսովոյում, իսկ փետվարի 25-ին երդմնակալությունից հետո Հարավային Կորեայում նրանց կավելանա ևս մեկը՝ Պարկ Կըն Հենը:

«Հրապարակ» թերթի 2012թ. նոյեմբերի 27-ի համարում Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկտչյանը իրեն ուղղված մի նամակ էր հրապարակել, որտեղ իր նախկին ուսանողուհին, որի անունը նշված չէր, գրել էր՝ իմանալով նախագահական ընտրություններին Տկն Մկրտչյանի մասնակցելու մտադրության մասին՝ իր աչքերն ուրախությունից փայլել էին, սիրտն էլ հույսով էր լցվել Հայաստանի ապագայի նկատմամբ: ԱՄՆ-ում սովորող 19-ամյա աղջիկը գրել էր, որ հանրությունը մեծ արձագանքով կընդունի կին թեկնածու լինելու փաստը, որն էլ նա կարող է օգտագործել իր օգտին:

Նարինե Մկրտչյանի կարծիքով, հայ հասարակության մեջ գոյություն չունի կի՞ն, թե՞ տղամարդ նախագահ ընտրելու երկընտրանքը. «Նման երկընտրանքի առաջադրումը համարում եմ արհեստական, քանի որ քաղաքականությունը չեմ բաժանում կանանց և տղամարդկանց, և չի բաժանում մեր հասարակությունը»:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ազգագրագետ Ալինա Պողոսյանն ասում է, որ կին նախագահ ընտրվելու հնարավորությունն ավելի քիչ է. «Մարդիկ նախագահի դերում չեն պատկերացնում կին: Շատերը դեռ մտածում են, որ կնոջ գործն ու առաքելությունը տան պատերի ներսում է: Ե՛վ տղամարդիկ են էդպես մտածում, և՛ կանայք: Շատ կանայք մտածում են, որ քաղաքականությունը շատ կեղտոտ գործ է ու չարժե, որ իրենք, որպես նուրբ էակներ, դրան մասնակցեն», – ասում է նա և նշում է, որ շատերի մոտ կարծրատիպ կա, թե կանայք ավելի զգայական են ու չեն կարող ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնել:

Համացանցում մեր նախաձեռնությամբ անցկացված հարցման 99 մասնակիցներից 61,1%-ը դեմ չէ, որ Հայաստանի նախագահը կին լինի: Սակայն ազգագրագետ Ալինայի կարծիքով, ստացված արդյունքը մեթոդաբանական է. «Մեծ հաշվով, մարդիկ ուզում են ասել, որ մենք ուշադրություն չենք դարձնի սեռին, մեզ համար կարևոր են այս հատկանիշները, բայց երբ իրական մարդը կլինի, ավելի հավանական է, որ այդ մարդիկ այդ հատկանիշները ավելի շատ կտեսնեն տղամարդու, քան կնոջ մեջ»:

Սակայն նա նաև նշում է, որ հասարակությունում առաջանում է այն զանգվածը, որն ազատվում է մշակութային կարծրատիպերից, կամ որն այնպիսի ոլորտում է աշխատում, որ տեսնում է իր շուրջը որոշում կայացնող կանանց, – «Կան մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային փորձին ու տեսնում են, որ կան երկրներ, որոնք ունեն կին նախագահ ու վարչապետ: Այդ զանգվածը ձևավորվում է, բայց նա այն քանակը չի կազմում, որ ընտրություններում որոշիչ դեր ունենա: Բայց վստահ եմ, որ այդ խումբը գնալով ավելի մեծանում է»:

Հարցվածներից մեկի կարծիքով, կին նախագահին կհարգեն և ոչ թե կվախենան նրանից, իսկ ինչ վերաբերում է կանանց, կուզենար, որ Հայաստանի նախագահ լիներ իր դասախոս Անուշ Սեդրակյանը, որի մասին խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը, բայց չառաջադրեց:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը համարում է, որ ընտրություններում սեռային հարցը էական չէ. «Մենք պետք է քննարկենք, թե ինչպես անենք, որ ընտրություններն անցնեն առանց վարչական ռեսուրսի խիստ մասնակցության: Իսկ գենդերային հարցը չորրորդական հարց է»:

Մինչ այս նախագահական ընտրությունները` անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախագահի թեկնածության համար ընդամենը մեկ անգամ է կին դիմել, բայց մինչև թեկնածուների գրանցումը` հանել է իր առաջադրումը:

1998թ. ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը, նախագահական մրցապայքարից դուրս գալը պատճառաբանեց, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո երկրի զարգացումը տեսնում է բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի համախմբման և ազգային վստահության կառավարություն ստեղծելու մեջ, սակայն նման լուծումը այդ ընտրություններում հնարավոր չէր համարում, և «չուզենալով էլ ավելի բարդացնել առանց այն էլ բարդ իրավիճակը» հրաժարվեց մասնակցել ընտրություններին:

Իսկ այս անգամ 8 միլիոն դրամի բացակայությունը թույլ չտվեց, որպեսզի հայ ընտրողը իր ձայնը կնոջ օգտին տալու հնարավորություն ունենա: Նարինե Մկրտչյանը, որն այդպես էլ չկարողացավ գրանցել իր թեկնածությունը` ընտրագրավը չմուծելու պատճառով՝ խոսելով, կանանց և տղամարդկանց քաղաքական գործունեության տարբերությունների մասին, մեջբերեց ամերիկացի լրագրող Սթիվ Հարվիի գրքի վերնագիրը. «Գործիր` ինչպես կինը, մտածիր` ինչպես տղամարդը»: Նա նշել էր, որ առաջադրման դեպքում միայն հաղթանակի համար է պայքարելու:

Միայն նախագահի ընտրություններին չէ, որ պասիվ է կանանց ներգրավվածությունը: Թեպետ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է, որ Ազգային Ժողովի ընտրություններին կուսակցությունների համամասնական ցուցակում կանայք չպետք է լինեն 20 տոկոսից պակաս, սակայն խորհրդարանի 131 պատգամավորներից միայն 14-ն է կին: ԱԺ-ում միայն մեկ խմբակցություն չունի կին անդամ՝ սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը: Իսկ տարիներ առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը ամոթալի էր համարում, որ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությամբ մեզնից հետո միայն Վատիկանն է: Իսկ 4-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատ բացակայող պատգամավորներից մեկը կին էր՝ ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը:

ՀԽՍՀ-ի գերագույն խորհրդում պատգամավորների 40 տոկոսը կանայք էին, մինչդեռ 1990թ. կազմավորված Հայաստանի Գերագույն խորհրդում 260 պատգամավորներից 8-ն էր կին: Պատկերը չփոխվեց նաև 1995թ. Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Ազգային ժողովում, որի մաս էր ամբողջովին կանանցից կազմված «Շամիրամ» կուսակցության նույնանուն խմբակցությունը, որը ութ մանդատ ուներ այդ ժամանակ: Այդ խորհրդարանի 190 պատգամավորներից ընդամենը 11-ն էին կին:

Ազգագրագետ Պողոսյանի կարծիքով կանանց պասիվ ներգրավվածության պատճառը նաև տղամարդիկ են. «Կուսակցությունների գաղափարախոսությունները շատ պատրիարխալ ու կոնսերվատիվ արժեքներ ունեն: Կուսակցությունը կնոջը թույլ չի տալիս, որպեսզի ինքը ընտանիքից դուրս մի բան անի»: Նա պատմում է, որ ՀՀԿ-ի հրատարակած մի նյութ է տեսել, որ չի հավատում, թե այս դարում է գրված, – «Գրված էր, թե ընտանիքն ինչպիսին պետք է լինի Հայաստանում, ընտանիքում հստակ ներկայացված էր, թե կինն ինչով պետք է զբաղվի, տղամարդն ինչով պետք է զբաղվի: Եվ մեր իշխող կուսակցությունը այդպիսի հրապարակումներ է ունենում»: Նա ավելացնում է, որ բացի այդ հանգամանքից, իշխանությունից շատերը խառնված են «գողականության» հետ. «Այնտեղ առավել ևս, կինը դեր չունի»:

ՀՀԿ-ի հրատարակած «Հայ ընտանիք» գրքույկում մասնավորապես գրված է. «Հայ իգական սեռը նախ մայր է, կին, ապա նոր միայն գիտնական, բժիշտ, պատգամավոր, բանվորուհի, մանկավարժուհի: Հայ իգական սեռը նախ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նախ հայ է, հետո նոր միայն կին»:

Իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին (այն ժամանակ Դաշնակցությունն էր իշխանության), երբ դեռ աշխարհի շատ ժողովրդավար երկրներում կանայք նույնիսկ ընտրելու իրավունք չունեին, Հայաստանի խորհրդարանում երեք կին պատգամավոր կար: Բացի այդ, աշխարհում առաջին կին դեսպանը նույնպես հայ է եղել` Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Դիանա Աբգարը (Անահիտ Աղաբեկյան), որի ջանքերով է 1920թ. Ճապոնիան ճանաչել Հայաստանի անկախությունը: Այս առիթով Ալինան պատմում է.

«Շվեյցարիայում ֆեմինիստական շարժումների ցուցահանդեսի էինք: Մի շվեցարուհու պատմում էի, որ այն ժամանակ, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք ընտրելու հնարավորություն չունեին, մենք ունեինք պառլամենտ, որտեղ կային կանայք: Հետո հասանք մի քարտեզի, որտեղ պատկերված էր մեր ժամանակներում, թե որ երկրներում են կանանց հիմնահարցերը խոցելի, ու գենդերային հավասարությունն ինչ վիճակում է: Բնականաբար Հայաստանը շատ վատ դիրքերում էր, ու ինքը շուռ եկավ ու ասաց՝ բա սա ի՞նչ է»:

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031