Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբարոյական էի զգում». Ռիման փորձում էր կարգավորել զգացմունքները

Փետրվար 08,2013 19:55

19-ամյա Ռիման սիրել է միաժամանակ երկու հոգու, իսկ հետագայում չի փոշմանել ընտրության համար: «Եթե սիրեիր առաջինին, չէիր սիրի երկրորդին»,-ասում է հայտնի խոսքը: Աղջիկը սակայն այդպես չի մտածում. «Կյանքի յուրաքանչյուր փոփոխություն ազդում է հոգեբանությանդ վրա: Լինում են նաև հիասթափության պահեր, երբ ավելի ճիշտ ես կարողանում դատել կամ հակառակը՝ սխալվում ես»,-ասում է նա: Ռիմայի կարծիքով՝ իր դեպքում կատարվել է առաջինը: Բանն այն է, որ աղջիկը երկու տարի շարունակ ընկերություն էր անում Արտյոմ անունով մի տղայի հետ, ով իր մոր ընկերուհու որդին էր: «Մեր սերը կարելի է ասել պլատոնական էր, զգույշ էինք մեր հարաբերությունների հարցում, նա անգամ ձեռքս չէր բռնում, սակայն մենք որոշել էին հավերժ միասին լինել»,-պատմում է աղջիկը: Ծնողները ևս շահագրգռված էին զույգի նշանադրության, հետագայում՝ ամուսնության հարցում: Սակայն ոչ միշտ է լինում ցանկալին: Տղան մեկնում է ծառայության, իսկ այդ ընթացքում շատ քիչ է զանգահարում աղջկան, նույնիսկ արձակուրդների դեպքում չի այցելում Ռիմային: «Ես ամենևին էլ չէի հուսահատվում, ավելին ընկերուհիներիս հարցին ի պատասխան՝ որոշել էի, որ հենց զորացրվի նվեր անեմ իմ համբույրներով»: Այդպես էլ անում է: Մինչ այդ, սակայն, որոշակի փոփոխություններ էին նկատվում աղջկա կյանքում: Վերջինս ընկերացել էր իր հարևանի տղաի հետ, ով վերջին ամիսներին էր տեղափոխվել իրենց թաղամաս: Միասին էին ֆիլմեր նայում, գրքեր քննարկում, գնում զբոսանքի և այլլն: «Մենք երկու գժեր էինք, նա իմ մեջ սիրում էր իրեն, նույնն էլ իմ դեպքում: Այնքան էինք մտերմացել, որ չէինք կարող օրը գոնե երկու անգամ չգրկախառնվեինք: Նա կարծես իմ փոքր եղբայրը լիներ»:

Երկու տարվա ընթացքում ինչ գժություն ասես չեն անում միասին, խաղեր են խաղում դասարանցիների գլխին, հիվանդ ժամանակ խնամում միմյանց (իրականում չէին թողնում, որ մյուսը հանգստանա. այնքան էին աղմկում): Ռիման պատմում է՝ մի անգամ, երբ իրեն վատ է զգում, տղան խնդրում է գնալ, պառկել բազմոցին, փոխարենը անձամբ հավաքում է ողջ տունը: «Նա լավ մաքրուհի է»,-կատակում է աղջիկը: Շուտով ամբողջ թաղամասը խոսում է նրանց միության մասին. «Նենց էի նյարդայնանում, որ ինձ տեսնելով` հարևաների աղջիկները կծելու պես հեգնում էին՝ բա երբվանի՞ց ես իրա հետ: Մենք զույգեր չէինք, բայց թե նրանց այդքան ասելուց հետո ժամանակի ընթացքում զգացմունքներ ունեցա, բայց չէի հասկանում ի՞նչ կարգի»: Ռիման հավելում է՝ նրանց կապվածությունը ավելի շատ ֆիզիկական բնույթ ուներ: «Միշտ ուզում էի ձեռքս բաց չթողնել նրա ձեռքից, գրկել կամ հաբուրել այտը»: Անտարբեր չէր նաև Տիգրանը: Մի օր աղջիկը, անհանգստանալով տղայի մասին, որից քանի օր է նորություն չկար, այցելում է նրա տուն ու Տիգրանին գտնում շփոթված վիճակում. «Աչքերը կարմրած էին, չէր խոսում հետս: Էնքան համոզեցի, խոստովանեց պատճառը. սիրահարվել էր ինձ, բայց գիտեր, որ սխալ է վարվում, չպիտի խլեր ուրիշի ընկերուհուն»,-ասում է օրիորդը: Ռիման հանգստացնում է տղային, սակայն նաև խոստոանում է այլևս չշփվել, որպեսզի դա առավել չտանջի Տիգրանին: Ծանր հարված, որի հետ տղան պիտի համակերպվեր: «Սիրոց խուսափելը անհնար է»,-ասում է Ռիման:

Չկարողանալով հեռանալ նրանից՝ կրկին մտերմանում է Տիգրանի հետ՝ սակայն խոստում առնելով, որ սիրո վերաբերյալ ոչինչ չեն խոսի: «Ես այնքան ուրախ էի, որ եւ վերադարձել էր սիրելիս, եւ էլ ձեռք էի բերել այսպիսի ընկեր: Բայց նրանց խանդը հրահրեց ինձ»,-ասում է աղջիկը: Բանն այն է, որ Արտյոմը աղջկան արգելում է տղա ընկեր ունենալ, իսկ Տիգրանը առիթը բաց չի թողնում պիտակավորել Ռիմայի ընկերոջը: Մի կերպ կարողանալով նրանց լռեցնել՝ աղջիկը շարունակում է «հանգիստ սրտով» ապրել, բայց Տիգրանի զգացմունքներն ավելի էին բորբոքվել:

Մի անգամ կինոթատրոնում նա համբուրում է Ռիմային, վերջինս չի ապտակում, չի գոռում, ոչ էլ արգելում է: Տղան առաջարկում է հեռանալ նախկին ընկերոջից, քանի որ, ըստ նրա, Արտյոմը պարզապես անջատված, անուշադիր ու մանկամիտ տղա է, ով չի հոգում ընկերուհու մասին, Ռիման բարկանում է, հետո խորհում. «Ինձ ժամանակ է պետք, ես չեմ հասկանում, թե ինչ եմ անում»,պատասխանում է Տիգրանին: Որոշ ժամանակ աղջիկը շփվում է երկուսի հետ էլ, բայց ի տարբերություն Տիգրանի, Արտյոմը չգիտեր իրականությունը: «Մեկ-մեկ ինձ անբարոյականի նման էի զգում: Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը դատապարտի ինձ, ես իսկապաես կարիք ունեի հասկանալ ամենը»:

Կարծես թե ընկալել էր, ընկերուհու հարցին պատասխանել էր այսպես. «Արտյոմին շատ եմ կարոտում, իսկ առանց Տիգրանի չեմ կարող ապրել»: Թե ինչ հունով կընթանար այս խճճված պատմությունը, դժվար էր կռահել, եթե չլիներ ճակատագրական դեպքը: Բանն այն է, որ մեկ ուրիշ երկրպագու, ով անգամ չգիտեր աղջկա կարգավիճակը՝ ընկեր ունի, նշանված է և այլն, հետաքրքրվում է նրանով և հանդիպում Արտյոմի հետ: Ինչպես ականատեսներից են փոխանցել աղջկան, Արտյոմը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը կոտրել է օրիորդի սիրտը. «Ինձ մի քիչ ժամանակ տուր, որ թողնեմ Ռիմային, որ շատ չազդվի, հետո ձեզ բարի բախտ»: Ռիման ցնցված էր. «Չհավատացի, բայց խոսեցի ու նա չկարողացավ ժխտել»:

Այժմ աղջիկը ընկերություն է անում Տիգրանի հետ: Նշանադրության մասին չի շտապում խոսել, միայն նշում է . «Ճակատագիր էր այն, ինչ եղավ: Ճակատագիրն էլ կորոշի իմ ապագան»: Ռիման շատ ուրախ է, որ ամեն ինչ այդպես ստացվեց. «Ճիշտ ա` ինձ համար վիրավորական ա, բայց, ավելի լավ, դժվար էր կողմնորոշվելը, հիմա ես գիտեմ, որ ոչ մեկի հանդեպ մեղք չեմ գործել, իսկ Տիգրանը ինձ սիրում է գժի պես»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728