Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջամիտ առաջարկների հորձանուտում

Փետրվար 28,2013 13:27

Հայաստանում իսկապես անհասկանալի բաներ են կատարվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց տեքստով Րաֆֆի Հովհաննիսյանին կառավարության կազմում տեղեր է առաջարկում: Րաֆֆին էլ, որ ընդամենը մի քանի օր առաջ Ազատության հրապարակում հայտարարում էր, թե ինքն այլեւս Սերժ Սարգսյանի հետ խոսելու բան չունի, հիմա ասում է, որ ուզում է «ողջամիտ առաջարկները» լսել անձամբ Սերժ Սարգսյանից:

Զուգահեռաբար՝ բոլորը մեծ ոգեւորությամբ սպասում են հետընտրական իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներին (երեւի մոռացել են, որ խորհրդարանում որոշումներն ընդունվում են մեծամասնությամբ, իսկ այդ մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում է Սերժ Սարգսյանին): Իսկ այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցներին կտրականապես արգելում է վանկարկել «Սերժիկ, հեռացիր», ու ինքը պահանջում է զանազան քաղաքապետների ու մարզպետների հրաժարականը (Դաշնակցության ականջը կանչի՝ հիշո՞ւմ եք, թե ինչ անսասան վճռականությամբ էին պահանջում Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը): Ընդ որում՝ Րաֆֆիի պահանջների մեջ էլ տրամաբանություն չկա. նա ողջունում է Շիրակի մարզպետի հրաժարականը, պահանջում է, որ Վանաձորի եւ Արմավիրի քաղաքապետները հրաժարական տան եւ այլն։ Այսինքն՝ պահանջում է, որ հրաժարական տան հատկապես այն բնակավայրերի ղեկավարները, որտեղ ինքը հաղթել է (այլ կերպ ասած՝ կեղծիքներ չեն եղել): Նույնիսկ Սյունիքի մարզպետի դեպքում է դա տարօրինակ, որովհետեւ մարզկենտրոնը Կապանն է, մարզպետի նստավայրը Կապանում է, իսկ Կապանում Րաֆֆին հաղթել է։ Տրամաբանորեն հակառակը պիտի լիներ՝ Սերժ Սարգսյանը պիտի նրանց պաշտոնանկ աներ, իսկ Րաֆֆին պիտի բողոքեր ու պնդեր, որ նրանց հանգիստ թողնեն եւ մյուսներին ազատեն աշխատանքից։

Ինչեւէ։ Սրանք դեռ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք «ողջամիտ առաջարկներին»։ Բոլորը (այդ թվում՝ արեւմտյան դեսպանները) Րաֆֆիին խորհուրդ են տալիս ընդունել ընտրությունների արդյունքները եւ պատրաստվել «հաջորդ քայլին», այսինքն՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Րաֆֆին էլ կարծես թե դեմ չէ (Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, երեկ հայտարարեց, թե Րաֆֆին մտադիր է եւս մեկ անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ): Միակ ակնկալիքն այն է, որ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կկոնկրետացնի իր «ողջամիտ աոաջարկները»։ Սա նորմալ է, այստեղ որեւէ դատապարտելի բան չկա։ Միակ պրոբլեմն այն է, որ այս ընթացթում Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի իր կողմնակիցներին անկեղծորեն ներկայացնի ճշմարտությունը։ Այնպես չստացվի, որ ինքը գնում է բանակցությունների, եւ եթե առեւտուրը հաջող ստացվի՝ մարդկանց ուղարկի տուն, եթե հաջող չստացվի՝ մի երկու շաբաթ էլ պայքարեն։

Իսկ ինչպե՞ս պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնի ճշմարտությունը։ Դա շատ հեշտ է։ Նա պարզապես պիտի հրապարակավ հայտարարի՝ ընդունո՞ւմ է ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Եթե չի ընդունում՝ ուրեմն չի ընդունում նաեւ, որ Սերժ Սարգսյանն օրինական նախագահ է։ Իսկ անօրինական ճանապարհով նախագահի պաշտոնը բռնազավթելը քրեական հանցագործություն է։ Սա այն դեպքն է, երբ միջին տարբերակ պարզապես չկա. Սերժ Սարգսյանը կամ լեգիտիմ նախագահ է, կամ քրեական հանցագործ։ Եվ հենց այս հարցում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի կողմնորոշվի։ Եթե գտնում է, որ նա քրեական հանցագործ է, որպես ի՞նչ է գնում նրա հետ հանդիպելու եւ «ողջամիտ առաջարկներ» լսելու, առավել եւս՝ նրանից ինչ-որ պորտֆելներ ստանալու։ Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նրան քրեական հանցագործ չի համարում, նշանակում է՝ ընդունում է նրա լեգիտիմությունը (այսինքն՝ ընտրությունների պաշտոնական արդյունքները): Եթե այդպես է՝ թող բարի լինի բարձրաձայն ասել այդ մասին։ Թե՞ նա կարծում է, որ Սերժ Սարգսյանն ազնվագույն մարդ է, իսկ ընտրակեղծիքներն առանց նրա գիտության են իրականացվել։ Եթե նույնիսկ այդպես է՝ դա որեւէ կերպ չի բարձրացնում նրա լեգիտիմության աստիճանը, եւ Րաֆֆին պիտի հենվի իրականության եւ ոչ թե իրականության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումների վրա։ Իհարկե՝ կա նաեւ երրորդ տարբերակը։ Այն փոքր-ինչ ռոմանտիկ է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է Րաֆֆիի հուզական խառնվածքին։ Այն է՝ Րաֆֆին անկեղծորեն հավատում է արդարադատությանը, դիմելու է Սահմանադրական դատարան, եւ ինչպիսին էլ լինի վճիռը՝ որպես իրավապաշտ քաղաքացի ընդունելու է դա։ Ընդ որում, պետք չէ Նոստրադամուս լինել՝ գուշակելու համար, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հիմա պիտի հայտարարի՝ համակերպվելո՞ւ է ՍԴ ցանկացած վճռի հետ, թե ոչ։ Որ կողմնակիցներն էլ իմանան իրենց անելիքը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728