Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը

Փետրվար 28,2013 16:03

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից 11-ը եւ նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան:

«Յուրաքանչյուր տարի փառատոնը գնալով էլ ավելի է լավանում: Այնտեղ տաղանդների բազմազանությունն է ներկայացվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մասին նշեց  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 15.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Ակվարիում» ֆիլմով, որի ռեժիսորն է Անդրեա Արնոլդը:

Դեսպանի խոսքով՝ ջուրն այն բնական ռեսուրսն է, որի առկայությունը շատ է կարեւորվում: Յուրաքանչյուր բնակիչ պետք է ունենա հնարավորություն օգտագործելու մաքուր ջուր. «Ջուրը արդար ձեւով պետք է բաշխվի մարդկանց մեջ: Հայաստանում կինեմատոգրաֆիայի հրաշալի ավանդույթներ կան, բազմաթիվ երիտասարդ ռեժիսորներից կուզենանք բացահայտել որեւէ մեկին, ում հետ հետագայում կհամագործակցենք»:

Մարտի 11-ին փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Հայ ռեժիսորներն իրենց աշխատանքները նկարահանել են դեռ ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ+ H2O» կինոմրցույթի շրջանակում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով՝ փառատոնը բազմազան է՝ ներկայացված է 9 ֆիլմ: Փառատոնի նորարարությունն այն է, որ ֆիլմերը կցուցադրվեն մարզերում, զորամասերում եւ համալսարաններում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանի համոզմամբ՝ փառատոնը կարեւոր առաքելություն է կատարում. «Ջուրը ամենակարեւորագույն հարստություններից է հայերի համար: Մեր ընկերությունը մաքսիմալ օգնություն կցուցաբերի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728